Մատչելիության հղումներ

Հայաստանում անցկացրած 6 ամսվա բուռն տպավորությունները


Աշխարհի երկրների դասակարգման ցանկերում Հայաստանը սովորաբար հայտնվում է զարգացող երկրների շարքում: Որպես հերթական զարգացող երկիր` Հայաստան հաճախ են գալիս բազմաթիվ երիտասարդ ուսանողներ ու կամավորներ զարգացած երկրներից, ում նպատակը այստեղ սեփական կաշվի վրա զգալն է զարգացող երկրի սոցիալական ու տնտեսական խնդիրները, ապա տուն վերադառնալ եւ դիպլոմային գրելը կամ Հայաստանի մասին պատմելը:

Ավագ դպրոցն ավարտելուց հետո արդեն 10 տարի է՝ Նիլեն ուսում է առնում. սովորել է երկրագիտություն, ապա գիտություն հողի մասին, իսկ հիմա ձեռք է բերում գիտելիքներ միջազգայնագիտության ու տնտեսագիտության բնագավառում ու դեռեւս հստակ չգիտի, թե իր ձեռք բերած մասնագիտություններից որով է զբաղվելու կյանքի ընթացքում:

Բելգիայի համալսարաններից մեկի ուսումնական տարին այսպիսի կառուցվածք ունի` մեկ կիսամյակ տանը` տեսական գիտելիքներ ձեռք բերելու, հաջորդ կիսամյակը` ճամփորդություն որեւէ զարգացող երկիր` տեղական հասարակական կազմակերպություններում աշխատելու:

«Զարգացող երկրներից շատ էի ցանկանում գալ նախկին խորհրդային երկիր: Ինձ հայտնեցին, որ Հայաստան պիտի գամ, ես էլ սկսեցի սովորել ու կարդալ Հայաստանի մասին ինտերնետում», - ասում է Նիլեն:

«Դասընթացները, որոնց հիմա մասնակցում եմ, կոչվում են «հյուսիս- հարավ», որովհետեւ այդպես ենք տարբերակում. հարավի երկրները զարգացող են, հյուսիսն ավելի լավն է քան հարավը, սրան մենք ցանկանում ենք հավատալ, բայց ամեն ինչ այդպես է, թե ոչ իրականում, դեռ հարց է», - ասում է Նիլեն:

Նիլեն Հայաստանից բացի վերջին տարիներին ապրել է նաեւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Նա նկատում է, որ 3 նախկին խորհրդային հանրապետությունները միմյանցից շատ տարբեր են, երեք երկրներին միայն նիվաներն ու լադաներն են միավորում, որոնք մեծաքանակ են հատկապես Հայաստանում:

Նիլեն պատմում է, որ Եվրոպայում իր ընկերներից շատերը նախկին խորհրդային երկրները դիտում են որպես Ռուսաստան ու չեն պատկերացնում, որ դրանք առանձին երկրներ են: Բայց Հայաստան գալուց առաջ ինքը լավ գիտեր, որ Ռուսաստան չի գալիս, իսկ ռուս երիտասարդներն ու հայերը միմյանցից շատ տարբեր են:

«Ռուսներին, կարող ենք ավելի եվրոպականացված անվանել, բայց ինձ այդ բառը դուր չի գալիս, ավելի ճիշտ է ասել ամերիկանացված, ռուսներն ավելի ազատ են, ազատ էլ հագնվում են, ու աշխարհը ընկալում են ամերիկյան մտածողությամբ»:

Հայաստանում Նիլեն շատ երիտասարդների հետ է շփվել ու ապրել մի խումբ Գյումրիից Երեւան եկած ուսանողների հետ, հասցրել է լավ ծանոթանալ այստեղի երիտասարդների վարած կյանքին:

«Եղբայրը իր 25 տարեկան քրոջն ասում է, որ քույրը տանը լինի 11-ից ոչ ուշ կամ արգելում` քույրը իր ընկերոջ հետո երեկոյան զբոսնի քաղաքում, չնայած հենց այդ նույն ժամանակ ինքն է իր ընկերուհու հետ զբոսնում: Նման բաները ինձ զարմացնում են, համ ծիծաղելի, համ տխուր են, ես խղճում եմ աղջիկներին, հասկանում եմ, որ սա գուցե ավանդույթ է, իսկ ավանդույթները պետք է պահպանել, բայց.. ոչ նման ավանդույթները»:

Նիլեն ընկերացել է Լոռվա մարզում բնակվող մի փախստական հայ ընտանիքի հետ, ում այցելել է համարյա ամեն շաբաթ-կիրակի, օգնել նրանց գյուղատնտեսական հարցերում:

«Նրանք ցանկանում էին պարզել ամեն ինչ վիզա ստանալու ու Եվրոպա գնալու մասին, ինձ խնդրում էին, որ օգնեմ: Նրանք բոլորը այն սխալ պատկերացումն ունեին, որ եթե գնան եվրոպական որեւէ երկիր, տվյալ երկրի կառավարությունը նրանց կտա տուն ու կտրամադրի ապրելու միջոց, մի քանի տարի անց էլ կդառնան քաղաքացի, ու վերջ, կյանքը ստացված է: Այս երեւույթը շատ տխուր է», - մեզ հետ զրույցում հայտնեց վրդովված ու հայ ընտանիքի ճակատագրով մտահոգ Նիլեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG