Մատչելիության հղումներ

Ինչ կշահեն երիտասարդները` աշխատելով Երիտասարդական խորհրդարանում


Հինգշաբթի օրը երիտասարդ խորհրդարանականները Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում անցկացրին իրենց 2-րդ նիստը, որը համարվեց երիտասարդական խորհրդարանի 1-ին գումարման 2-րդ նստաշրջանը:

Հայաստանի Երիտասարդական խորհրդարանը հիմնվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ով խորհրդարանի առաջին նիստին` հունիսի 1-ին, 131 երիտասարդների հանձնեց պատգամավորական մանդատները:

Երիտասարդական խորհրդարանը կաշխատի մեկ տարուց պակաս` մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները` գումարելով նիստեր ամսական մեկ անգամ:

Երիտասադական խորհրդարանում 42 պատգամավոր ընտրվել է ինքնաառաջադրման կարգով, 50 տեղ հատկացվել է պետական եւ ոչ պետական բուհերին, 39 տեղ` ԱԺ խմբակցությունները կազմող կուսակցությունների երիտասարդական թեւերին: Բուհերը հիմնականում առաջադրել են ուսանողական խորհուրդների ղեկավարներին ու անդամներին, որոնք հաճախ տարբեր կուսակցությունների անդամներ են. արդյունքում` բուհերից խորհրդարան եկած երիտասարդներն էլ այսօր Հայաստանում իշխող կուսակցությունների անդամներ են, որոնք, ետ չմնալով ավագ պատգամավորներից, ԱԺ էին եկել` հագուստին փակցրած կուսակցական կրծքանշանները:

Սեպտեմբերի 29-ի նիստին 131 պատգամավորներից ներկայացել էին 99-ը, նիստը վարում էր Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Ազգալդյանը, ով Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող է, Երիտասադական խորհրդարանում առաջադրվել է հենց ԵՊՀ-ի կողմից, բայց միաժամանակ Հանրապետական կուսակցության անդամ է: Հարցին` ինչ կտա իրեն այս խորհրդարանը, Հարությունը պատասխանեց. - «Իմ` կուսակցական լինելու փաստը ինքնանպատակ չի, քաղաքականության ոլորտում աշխատելու ձգտում կամ ցանկություն կա, բայց քաղաքականություն ասվածը պարտադիր չի սկսվի եւ վերջանա Ազգային ժողովով: Չնայած այս խորհրդարանը հասարակական է, փորձի առումով հետաքրքիր` բայց ժամանակ չէի ծախսի այստեղ գործունեություն ծավալելով»:

Նույն հարցին «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում մեկ այլ երիտասարդ պատգամավոր` Քնարիկ Ղազարյանը, ով նույնպես ներկայացնում ՀՀԿ-ն, ասաց` քանի որ այժմ հանդիսանում է Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր, նշանակում է` մի օր էլ կցանկանար լինել ԱԺ-ի պատգամավոր:

«Յուրաքանչյուր երիտասարդ մեծ ներգրավվածություն պետք է ունենա թե՛ օրենքների փոփոխություններին, եւ թե՛ ընդհանուր երիտասադների շահերի հետ կապված [հարցերին]: Այդ պատճառով, քանի որ ես ինքս ակտիվ երիտասարդ եմ եւ հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ, կարծում եմ, որ իմ այն նախագծերը կամ այն առաջարկները, որ կարող են ընդունվել այստեղ, օգտակար լինելով մյուս երիտասադներին, արդեն ինքնին ինչ-որ բան ասում են», - նշեց Քնարիկը:

Ինքնաառաջադրված պատգամավոր Գոհար Հակոբյանին, ով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանող է եւ Երիտասադական խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, հարցրինք` արդյո՞ք ինքն էլ իր երիտասարդ գործընկերների պես ցանկանում է հետագայում զբաղվել քաղաքականությամբ:

«Ինձ համար զարմանալի է, որ Ազգային ժողով ասելով` առաջին հերթին հասկանում են քաղաքականություն, ես` որպես իրավաբան, ԱԺ ասելով, առաջին հերթին հասկանում եմ օրինաստեղծ գործունեություն: Ցանկացած սկսնակ իրավաբանի համար սա շատ լավ հնարավորություն է իրագործելու սեփական գաղափարները օրենսդրական դաշտի կատարելագործման հետ կապված, եւ ես այստեղ եմ միայն ավագներից սովորելու, փորձ ձեռք բերելու նպատակով», - ասաց Գոհար Հակոբյանը:

Այսօրվա նիստին Գոհար Հակոբյանը հանդես եկավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկով: Նա «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում խոստովանեց, որ օրենսդրական փոփոխություների նախագիծը կազմել է` օգտվելով իր դիպլոմային աշխատանքից ու դրա շրջանակներում կատարած հետազոտություններից:

Երիտասադական խորհրդարանը գործում է` որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից խորհրդակցական հասարակական մարմին: Եթե այդ հանձնաժողովը գտնի, որ երիտասարդների քննարկած ու ընդունած որեւէ առաջարկ խելամիտ է, ապա կառաջարկի ԱԺ-ի համապատասխան հանձանաժողովին քննարկել այն, ապա գուցե ներկայացնել ԱԺ-ին:

please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG