Չորեքշաբթի, հոկտեմբերի 01, 2014 Ժամանակը Երեւանում 09:57

Մաքսլիբերթի

Գրագողությունը` համատարած երեւույթ

Ուսանողները պնդում են, որ գրագողությունը բուհերում շատ տարածված է, հետազոտությունը փաստում է, որ իսկապես այդպես է, գիտնականներն էլ նշում են, որ գիտական աշխատանքներում էլ գրագողության պակաս չի նկատվում:

plagiarismplagiarism
x
plagiarism
plagiarism
«Գրագողությունը ուսանողության շրջանում շատ տարածված երեւույթ է, ինչպես բոլորս գիտենք, շատերը չեն էլ թաքցնում, որ արտագրում են», - նշում է ԵՊՀ-ի Ռոմանագերմանական բանասիրության մագիստրատուրայի ուսանողուհին, ով առանձնացնում է բուհական գրագողության երկու տեսակ. առաջինը, երբ ուսանողները արտագրում են տարբեր գրքերից ու չեն հղում, երկրորդը, երբ նրանք պատվիրում են հանձնարարված աշխատանքը գրել որեւէ ծառայությունում` «գրել են տալիս», ինչպես ընդունված է ասել ուսանողության շրջանում:

Եթե այլ ֆակուլտետներում ուսանողները ստիպված են ինտերնետում կամ որեւէ օտարալեզու գրքում գտած նյութը թարգմանել հայերեն, ապա օտար լեզուների ֆակուլտետում, պարզվում է, գործն ավելի հեշտ է, քանի որ ուսանողները հանձնարարված ռեֆերատի կամ կուրսային աշխատանքի նյութը ինտերնետում փնտրում ու գտնում են այն լեզվով, որով պահանջվում է ներկայացնել աշխատանքը:

«Շատ հեշտ է ուսանողների համար ընդամենը փնտրել գուգլով ու գտնել ցանկացած լեզվաբանական նյութ», - ասում է ԵՊՀ ուսանողուհին:

«Պլագիատը մեզ մոտ ամենախայտառակ վիճակում է, մեզ մոտ բառացի պլագիատ է. վերցնում, թարգմանում, արտագրում են, իսկ պլագիատ համարվում է նույնիսկ մտքի գողությունը: Հիշում եմ մի դեպք, երբ ուսանողները գնացել էին, բողոքել էին իմ դեմ, որ դիպլոմային աշխատանքը երկու եմ նշանակել, ասել էին, որ վերցրել բառացի ճիշտ-ճիշտ ռուսերենից թարգմանել-ներկայացրել էին, ու ես երկու եմ նշանակել: Չգիտեն, որ դա գողություն է, իսկական գողություն, ոնց որ մտնես մեկի գրպանից մի բան հանես», - ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը, ով դասավանդում է Երեւանի մանկավարժական համալսարանում:

Ինչպես կարելի է նկատել Ալեք Մանուկյան փողոցով կամ Մանկավարժական համալսարանի հարակից տարածքով անցնելիս, բազմաթիվ են գրասենյակները, որոնք առաջարկում են կուրսային, դիպլոմային ու մագիստրոսական աշխատանքներ գրելու ծառայություններ: Գները աճում են ըստ աշխատանքի ծավալի ու կարեւորության. դիպլոմային աշխատանք պատվիրելը ավելի թանկ արժե քան, օրինակ, կուրսային աշխատանքը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ԵՊՀ մի ուսանողուհի նշեց, որ իր կուրսի ուսանողների 40-50 տոմոսը ոչ թե ինքնուրույն գրեցին, այլ նման գրասենյակներում պատվիրեցին դիպլոմային աշխատանքները արտասահմանյան գրականություն առարկայից: Գներին նա ծանոթ է. ընկերները ծախսել են մոտ 50.000 դրամ:

«Ես ինքնուրույն գրեցի ու ժամկետները մի քիչ խախտեցի. բնական է, եթե ուսանողը ինքն է գրում էդ ժամկետներում կարող է չտեղավորվի, եւ դիպլոմային աշխատանքի պաշտպանության ժամանակ ունեցա մեծ խնդիրներ, իսկ մեծամասնությունը, ովքեր գրել էին տվել, ավելի պատասխանատու դուրս եկան ու ավելի լավ ուսանողներ», - ասում է «Մաքսլիբերթի»-ի զրուցակիցը` մանրամասնելով, որ իր կուրսում դիպլոմային աշխատանքը գնել են նաեւ գերազանց գնահատական ստացող ուսանողները, եւ ո՛չ աշխատանքի տարբեր գլուխները ղեկավարին ներկայացնելիս, ո՛չ պաշտպանության ժամանակ ոչ ոք չի էլ կասկածել, որ աշխատանքը իրականում ուսանողինը չէ:

Ով պետք է պայքարի գրագողության բացահայտ առաջարկ անող ու ուսանողներից պատվերներ ընդունող ծառայությունների դեմ` մնում է անհասկանալի, քանի որ նման գրասենյակների կողքով անտարբեր են անցնում թե՛ ոստիկանության, թե՛ բուհի աշխատակիցները:

«Խաչմերուկ բանավիճային ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ մայիս, հունիս ամիսներին ուսումնասիրություններ է կազմակերպել` պարզելու, թե որոնք են հայաստանյան բուհերում գրագողության պատճառները:

«Ներբուհական հիմնական պատճառները, որոնք ծնում են գրագողությունը, կարելի է բաժանել երկու մեծ խմբի. նախ գոյություն չունի գրագողության դեմ պայքարի ձեւակերպված պահանջ բուհում, քանի որ գրագողությունը մեր բուհական համակարգում չի դիտվում որպես լուրջ խնդիր, բուհերում գրեթե գոյություն չունի գիտական շարադրանքի վերաբերյալ որեւէ դասընթաց: Պատճառների երկրորդ խումբը վերաբերում է այն իրողությանը, որ մեր բուհական համակարգում գրավոր աշխատանքները դիտվում են որպես գիտելիքի վերարտադրման պարզ եղանակներ», - նշում է հետազոտության ղեկավար Տիգրան Մաթոսյանը:

«Չնայած բուհական համակարգը ասում է, որ գոյություն ունի սպասելիք ուսանողից, որ նա պետք է իր հետազոտական տրամաբանական միտքը ներկայացնի այդ գրավոր աշխատանքում, սակայն գործնականում բուհական համակարգը չի տալիս ուսանողին, չի զինում գործիքներով, որոնց միջոցով նա պետք է կատարեր իր հետազոտությունը», - ասում է Տիգրան Մաթոսյանը:

Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի, ոչ միայն ուսանողներն են արտագրում, այլեւ գիտնակաները, ովքեր նույնիսկ գիտական աստիճան են ստանում գրագողության միջոցով: Հոգեբանը գրագողության նման տարածման թիվ մեկ պատճառը համարում է տիրող անպատժելիության մթնոլորտը:

«Հասարակական գիտություններում, տնտեսագիտության, հոգեբանության, իրավագիտության ոլորտներում գրագողությունը սարսափելի տարածված է», - նշում է Սամվել Խուդոյանը:

ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը նշում է, որ ֆիզիկայի ոլորտում իրավիճակը 100 անգամ ավելի բարվոք է, քանի որ հայաստանցի ֆիզիկոսների մեծամասնությունը տպագրվում է միջազգային պարբերականներում, իսկ միջազգային գիտական դաշտում գրագողությամբ զբաղվելն ուղղակի անհնար է:

plagiarismi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը