Երեքշաբթի, Սեպտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 18:02

Քաղաքական

Կոալիցիոն կուսակցությունները միասնական ցուցակը քննարկելու առաջարկներ չեն արել

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Կոալիցիոն երեք կուսակցությունները` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Օրինաց երկիր»-ը չեն առաջարկել առաջիկա ընտրություններում միասնական համամասնական ցուցակով հանդես գալու հարցով քննարկումներ անցկացնել: «Նման հարց այս պահին օրակարգում չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

«Եթե նույնիսկ ունենան էլ, կարծում եմ, որ այսօր չէ դրա ժամանակը: Բնականաբար, ես հնարավոր համարում եմ, որ կարող են լինել կոալիցիոն քննարկումներ ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին տարբեր կարեւորագույն խնդիրների շուրջ: Նույնը վերաբերում է ընտրությունների մասնակցության ձեւաչափին, ընտրությունների անցկացման կանոններին», - ասաց Բաղդասարյանը:

Հարցին` եթե կոալիցիոն երեք կուսակցությունները մեկ ցուցակով գնան ընտրություններին, դա ինչո՞վ պայմանավորված կլինի, Բաղդասարյանը պատասխանեց. - «Դրանք երկարաժամկետ, տեսական բնույթի, օդում կախված հարցադրումներ են: Կա երեք կուսակցություն. ո'չ Հանրապետականը, ոչ «Օրինաց երկիր»-ը, ոչ «Բարգավաճ Հայաստան»-ը չեն առաջարկել այս օրակարգային հարցով կազմակերպել քննարկում»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` քաղաքական կոալիցիայի ներսում անհաղթահարելի տարաձայնություններ չկան: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ առկա հակասությունների մասին լուրերի առնչությամբ ՕԵԿ-ի ղեկավարն ասաց, թե դրանք կարող են «ինչ-որ տեխնիկական բնույթի խնդիրներ լինել»:

«Ես կարծում եմ, որ այսօր քաղաքական կոալիցիայի ներսում անհաղթահարելի տարաձայնություններ չկան, կա աշխատանքային մթնոլորտ, ընտրություններ, այդ թվում նաեւ` համայնքներում, կարող է մի տեղ մեկը հաղթի, մեկը պարտվի, եւ պետք չէ դրանից հեռուն գնացող եզրակացություններ անել», - ասաց Բաղդասարյանը:

ՕԵԿ-ի ղեկավարը ասաց իր` համար դժվար է եզրահանգումներ անել, թե ընտրություններից հետո կոալիցիան նույն տեսքով կպահպանվի, թե` ոչ, եւ որ ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից. - «Ես ինքս կուզենայի, որ կոալիցիան շարունակվեր, որովհետեւ ինչքան շատ քաղաքական եւ հանրային կոնսենսուս լինի, այնքան հասարակությունը կարող է առողջ, անարգել զարգանալ: Բայց ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից: Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել, կախված կլինի, թե ով ինչ քվեներ կհավաքի, ինչպիսի իրավիճակ կստեղծվի», - ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իշխանությունները խոսում են ազատ, արդար ընտրությունների մասին, բայց երբեք չի հայտարարվել, որ ընտրակաշառք չի բաժանվելու կամ կիսահանցագործ տարրերը չեն մասնակցելու ընտրություններին եւ այլն, Բաղդասարյանը ասաց. - «Ի սկզբանե ասել, որ վատ է լինելու, ճիշտ չէ: Պետք է տրամադրված լինենք դրական ելքին: Մենք նաեւ չպետք է մոռանանք, որ մեր հասարակության մեջ կան տարբեր մարդիկ, եւ քաղաքական ուժերը չեն կարող բոլորի համար պատասխանատվություն կրել: Մեկը կիրթ մարդ է, մեկը խուլիգան է, մեկը կարող է ընտրական գործընթացը քաղաքակիրթ կազմակերպել, մեկը կարող է գնալ, ապականել այդ գործընթացը: Ովքե՞ր են անում այդ ընտրակեղծիքները` մարդիկ: Ես կարծում եմ, որ ոչ մի կուսակցություն շահագրգռված չէ, որ իր շարքերում ներառի բացասական վարքագիծ ունեցող մարդանց: Ամեն կուսակցություն ինքն է որոշելու, թե ում իր ցուցակում ներգրավի: Եթե այդ ցուցակում կան կրիմինալ, բացասական կերպարներ, ուրեմն այդ ցուցակին չպետք է քվեարկեք, քվեարկեք այն ցուցակին, որտեղ դրանք չկան»: 

Խոսելով վերջին պաշտոնանկությունների, մասնավորապես ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի եւ ոստիկանապետի փոփոխության մասին եւ մեկնաբանելով այն հայտարարությունները, որ երկրի նախագահը հասարակությանը չի բացատրում իր որոշումները, Բաղդասարյանը ասաց. - «Հանրապետական կուսակցությունը իր պայքարի մարտավարության ծիրում որոշում կայացրեց, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է զբաղվի նախընտրական շտաբի կազմակերպման խնդիրներով: Կան որոշումներ, որոնք կայացնում է հանրապետության նախագահը` ելնելով իր սահմանադրական մանդատից: Այսօր աշխարհում բազմաթիվ երկրներում փոփոխություններ են տեղի ունենում, վարչապետներ, խոսնակներ, նախարարներ են փոխվում, եւ այդ փոփոխության մասին հասարակությունը պատշաճ կարգով իրազեկվում է: Եթե խոսքը վերաբերվում է նրան, որ պետք է մի շաբաթ առաջ հանրային հարցում անել` արդյո՞ք պետք է այս մարդուն փոխել, թե՞ ոչ, ես չեմ կարծում, որ դա միշտ արդյունավետ գործիք կարող է լինել: Բայց հանրապետության նախագահը ոստիկանապետի փոփոխության մասին իր տեսակետը, իր հիմնավորումը ներկայացրել է ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, այսինքն այստեղ ինչ-որ մութ բաներ չկան»:

Կոալիցիոն կուսակցությունները միասնական ցուցակը քննարկելու առաջարկներ չեն արելi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սեմ
14.12.2011 12:13
+0 / -0
Լֆիկ Սամոն՝ քաղաքական գործիչ...
Սարգսյան Տիգրանը՝ վարչապետ...
Նիկոյան Սամվելը՝ ԱԺ նախագահ...
Բաղդասարյան Արթուրը՝ ԱԽ քարտուղար...
Խաչատրյան Սուրոն՝ մարզպետ...
Որքա՞ն կարող է այս երկիրը իրեն չհարգել

Ամենակարդացվողը