Մատչելիության հղումներ

Ադրբեջան - Իսրայել գործարքը սրում է վիճակը Կովկասում


Իսրայելական արտադրության Hermes 450 անօդաչու թռչող սարք
Իսրայելական արտադրության Hermes 450 անօդաչու թռչող սարք

Վերլուծաբանները շեշտում են, որ ադրբեջանցի պաշտոնյաները գործարքը կապում են «կորցրած տարածքի» հետ։

Ադրբեջանական եւ իսրայելական լրատվամիջոցները փետրվարի վերջին հաղորդել են սպառազենի վաճառքի բնագավառում աննախադեպ խոշոր գործարքի մասին, ըստ որի` Իսրայելը Ադրբեջանին վաճառելու է գերարդիական անօդաչու ինքնաթիռներ եւ հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Գործարքի արժեքը 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլար է։

«Ջեյմսթաուն» վերլուծական հանդեսի մեկնաբան Սթիվեն Բլանքը հայտնում է, որ սպառազենն Ադրբեջան ուղարկելուց զատ, Իսրայելից այդ երկիր կգործուղվեն մեծ թվով մասնագետներ, տեխնիկներ եւ խորհրդականներ, ովքեր ադրբեջանցիներին կօգնեն ծանոթանալ այդ զինատեսակներին եւ գործադրել դրանք։

Առաջինը այդ գործարքի մասին լուրին արձագանքել է պաշտոնական Թեհրանը, քանի որ տեղեկություններ են տարածվել, թե զենքը կարող է կիրառվել Իրանի դեմ` այն դեպքում, եթե Իսրայելը ռմբահարի Իրանի միջուկային կենտրոնները։

Սակայն, փորձագետների համոզմամբ, դժվար թե ԱՄՆ-ը կամ Իսրայելն այդ զենքն օգտագործեն Իրանի դեմ։

Այդ տարբերակի անհավանականության մասին է վկայում մեկ այլ հանգամանք. ըստ մասնագետների` զենքի վաճառքի ասպարեզում 1 միլիարդ 600 միլիոն դոլարի գործարք մեկ-երկու շաբաթում չեն կնքում, դրան պարտադիր նախորդում են ամիսներ եւ նույնիսկ տարիներ տեւող բանակցություններ, որոնք հնարավոր են միայն ռազմավարական խորը կապերի առկայության դեպքում։

Ուստի, ադրբեջանցի պաշտոնյաներն առանձնապես չեն ստում, երբ հավաստիացնում են, որ իսրայելական արտադրության սպառազենն Իրանի դեմ չէ։

Ավելին, նրանք բացահայտ ասում են, որ համակարգերը կարող են օգտագործվել Հայաստանի դեմ` «օկուպացված տարածքները ուժով վերադարձնելու համար»։

Սթիվեն Բլանքի կարծիքով` դրա վտանգը հրատապ կդառնա այն պահին, երբ ադրբեջանցի զինվորականներին թվա, որ նրանք արդեն լավ են աշխատում զենքի հետ։

Գործարքն առնչվում է Իրանի եւ Ռուսաստանի շահերին։ Պաշտոնական Մոսկվային մտահոգում է այն, որ Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված Իրանը կարող է ռազմական գործողությունները տարածել Կովկասի վրա։

Վրացիներն արդեն պատրաստվում են «Կավկազ - 2012» զորավարժությունների, որոնց սցենարով` Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը տարածաշրջանում ընթացող պատերազմի հետեւանքով ստիպված են գործել Ռուսաստանից կտրված վիճակում։

Ռուսները չեն բացառում, որ Իրանը հարվածների կենթարկվի մինչեւ այս տարվա ամառ։

Ըստ «Սթրաթեջիք ֆորքասթ» (Stratfor) կենտրոնի մասնագետների` չի բացառվում, որ Վաշինգտոնն է հավանություն տվել իսրայելա - ադրբեջանական գործարքին, առաջիկայում Իսրայելը կարող է վերսկսել զենքի վաճառքը Վրաստանին։

Վաշինգտոնը չի ցանկանում սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն նկատել է տալիս, որ վրդովված է Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից։

Այս ամենը վկայում է, որ Կովկասը աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի ոչ միայն հիմնական դերակատարներ Մոսկվայի եւ Վաշինգտոնի, այլեւ ավելի ցածր քաշային կարգում հանդես եկող Իսրայելի եւ Իրանի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG