Հինգշաբթի, հոկտեմբերի 23, 2014 Ժամանակը Երեւանում 08:30

Քաղաքական

Ձեւավորվեց ընտրությունների հանրային վերահսկողության շտաբ

«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսն այսօր քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում ստորագրեցին առաջիկա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն:

«Մենք, Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, գիտակցելով Հայաստանի առջեւ ծառացած բարդ խնդիրների բարեհաջող հանգուցալուծման համար մայիսի 6-ին կայանալիք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, կարեւորելով այդ գործում հանրության եւ քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտությունը, համաձայնվում ենք ձեւավորել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ», - ասված է 4 քաղաքական ուժերի ստորագրած հայտարարությունում:

Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար: Ինչպես հայտնի է, մայիսի 6-ին նախանշված 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն եւ կուսակցությունների մեկ դաշինք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից հայտարարության տակ ստորագրեց Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:

«Այսօր մեր առաջ ավելի կարեւոր խնդիր, քան ազատ, արդար ընտրություններ անցկացնելը՝ չկա», - նշեց Օսկանյանը։ - «Երեւի թե, բացառելով մեկը միայն, կարելի է իրոք ասել, որ բոլոր ընտրություններն էլ ինչ-որ խախտումներով են անցել։ Սա միայն իմ կամ հասարակության սուբյեկտիվ գնահատականը չէ, նաեւ դիտորդների առաքելությունները միշտ էլ խախտումներ նշել են։ Ես կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ մեզ իսկապես շատ կարեւոր է օրինական իշխանություն ունենալը»։

«Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարության տակ ստորագրեց կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Ես կարծում եմ այս ձեւակերպման վտանգը այն է, որ բոլորը սրան կհամաձայնվեն՝ ե՛ւ նրանք, ովքեր անկեղծորեն պետք է պայքարեն ազատ, արդար ընտրությունների համար, ե՛ւ նրանք, ովքեր հաստատ պետք է պայքարեն, որպեսզի այդ ընտրությունները չլինեն, կասեն՝ համաձայն ենք։ Եվ մեր խնդիրն է, որ կարողանանք ապահովել մեխանիզմ, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են արդար ընտրություններին, կարողանան այդ մեխանիզմի միջոցով պարտադրել նույնիսկ չուզողներին, որպեսզի լինեն նորմալ ընտրություններ», - նշեց «Ժառանգության» փոխնախագահը՝ ով հանդես եկավ նաեւ հետեւյալ առաջարկով․ - «Սա կարող է իրականանալ, եթե այս հռչակագիրը ստորագրեն բոլոր կուսակցությունների ղեկավարները՝ սկսած Հանրապետության նախագահից, որը Հանրապետական կուսակցության ղեկավարն է»։

Հայ ազգային կոնգրեսից ներկա էր ՀԱԿ համակարգող, Կոնգրեսի ընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը, ով «Ժառանգության» ներկայացուցչի առաջարկին հետեւյալ կերպ արձագանքեց․ - «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք լիազորություն ունեն իրենց քաղաքական ուժից՝ գալ համաձայնության։ Ցանկացած քաղաքական ուժ, երբ որ լիազորում է իր ներկայացուցչին, ուղարկում է որեւէ բանակցության, դա նշանակում է, որ նրա ստորագրությունը նաեւ այդ կուսակցության ղեկավարի ստորագրությունն է։ Եվ ես ուզում եմ հասկանալ՝ մենք հավաքված ենք այստեղ նման լիազորություններով, թե՞ ոչ»։

Զուրաբյանը հավելեց, թե վստահ է, որ հավաքված բոլոր ուժերը՝ «բացառությամբ մեկի», շահագրգռված են, որ ընտրությունները անցնեն իսկապես օրինական։

«Իսկ այդ մեկ ուժը բացարձակապես որեւէ շահագրգռություն չունի, մեզ համար դա պարզ է, որովհետեւ ցանկացած ազատ եւ արդար ընտրությունների դեպքում 10 տոկոսից ավելի ցուցանիշ չի ցույց տա եւ իշխանությունը չի կարողանա պահպանել», - հայտարարեց Կոնգրեսի ներկայացուցիչը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով չհամաձայնեց ստորագրել հայտարարության տակ:

«Նման փաստաթուղթը, ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, կոալիցիայի ներսում պիտի քննարկվի, իսկ մենք երբեւիցե որեւէ պայմանավորվածություն չենք խախտել, առավել եւս՝ նման հանձնաժողով կա Ազգային ժողովում։ Այսինքն՝ եթե Ազգային ժողովին չեն հավատում, ես ինչո՞ւ պիտի որեւէ մեկին հավատամ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Սա հերթական բլեֆն եմ համարում», - իր քայլը պատճառաբանեց Գալուստ Սահակյանը։

Հայտարարության տակ ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները պայմանավորվեցին հանդիպել առաջիկայում` քննարկելու շտաբի գործունեության մեխանիզմները, իսկ մինչ այդ որոշեցին հայտարարության տեքստն ուղարկել նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական մյուս ուժերին:

Ձեւավորվեց ընտրությունների հանրային վերահսկողության շտաբi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը