Կիրակի, հոկտեմբերի 26, 2014 Ժամանակը Երեւանում 09:05

Հայաստան / Երեւան

Քարոզչության նպատակով Երեւանում տեղադրվել է 825 գրատախտակ

Երեւանի քաղաքապետարանը բոլոր վարչական շրջաններում տեղադրել է 825 գրատախտակ՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով քաղաքական ուժերին ու անհատ թեկնածուներին դրանք անվճար օգտագործել ԱԺ ընտրություններին վերաբերող իրենց քարոզչանյութերը փակցնելու համար։

Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի խոսքով, բոլորին տրված են այդ գրատախտակներից օգտվելու հավասար հնարավորություններ։

«Քաղաքական ուժերը խաղի կանոնները այդքան էլ լավ չեն հասկացել, եւ այդ անվճար գրատախտակների վրա փակցնում են իրենց պաստառները՝ ինչպես ուզում են։ Այն վայրերում, որտեղ փակցված է մինչեւ 3 գրատախտակ, քաղաքական ուժերը իրավունք ունեն փակցնելու մեկ A3 չափսի պաստառ։ Երեքից ավել գրատախտակներ, որ վայրերում որ փակցված են, կարող են փակցնել երկու A3 չափսի պաստառ», - չորեքշաբթի օրը հրավիրված ասուլիսում պարզաբանեց Արազ Բաղդասարյանը։

Երեւանի տարբեր վարչական շրջաններում մենք նկատեցինք, որ գրատախտակներից մի քանիսի վրա փակցվել են սահմանված չափսերն ու քանակները գերազանցող պաստառներ։

«Որպեսզի պահպանենք հավասարության սկզբունքը, մենք ստիպված ենք լինելու նույնիսկ ոստիկանության աջակցությամբ այդ պաստառները պոկելու», - այս առնչությամբ մեկնաբանեց քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը։

Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա քարոզչական նյութեր փակցնելուն, Արազ Բաղդասարյանի խոսքով, շինության դեպքում անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում՝ ինչպես համատիրության, այնպես էլ շենքի բնակիչների երկու երրորդի համաձայնությունը՝ ստորագրությունների տեսքով։

«Եթե համատիրության ղեկավարը շենքի երկու երրորդի համաձայնությամբ տվեց թույլտվություն որեւէ գովազդ փակցնել իր շենքի վրա, դրանից հետո ինքը չի կարողանալու ասել՝ այս գովազդը կարելի է, այս գովազդը չի կարելի։ Այսինքն, նա տալու է թույլտվություն իր շենքի վրա փակցնել գովազդ, մնացածը մենք ենք տալու, թե ինչ գովազդ կարելի է փակցնել, ինչը՝ ոչ», - նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է վճարովի տեղերին՝ Արազ Բաղդասարյանը նշեց․ - «Տասը հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքում վճարովի տեղեր սահմանելու համար համայնքի ղեկավարը նախօրոք պետք է ներկայացներ այն վճարովի վայրերը, որտեղ կարող են կուսակցությունները դիմել եւ վճարովի հիմունքներով ստանալ այդ գովազդի տեղերը։ Քանի որ Երեւան համայնքը չի ներկայացրել այդ տեղերը առանձին, այսօր վճարովի նա այլեւս ներկայացնելու իրավունք չունի»։

Արտաքին գովազդի սակագները վարչական շրջաններում տարբեր են:

«Օրինակ՝ Կենտրոն համայնքում դա 2625 դրամ է մեկ քառակուսու համար, ուրիշ համայնքներում 2000-2200։ Գովազդային կազմակերպությունները սահմանել են գին՝ քաղաքական գովազդի համար, որը իր մեջ ներառում է այդ դրույքաչափերը», - նշեց Արազ Բաղդասարյանը։

Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետն ասաց, որ մայիսի 5-ին՝ քվեարկության օրվանից մեկ օր առաջ, վերացնելու են քարոզչանյութերի համար նախատեսված անվճար գրատախտակները:

Ի դեպ, գրատախտակների վրա ծախսվել է ավելի քան 6 միլիոն դրամ:

Քարոզչության նպատակով Երեւանում տեղադրվել է 825 գրատախտակi
|| 0:00:00
...
 
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը