Երեքշաբթի, Սեպտեմբեր 16, 2014 Ժամանակը Երեւանում 06:56

Քաղաքական

Քարոզարշավի առաջին շաբաթը` ըստ փորձագետների

Մեկ շաբաթ առաջ մեկնարկած քարոզարշավի ընթացքում խորհրդարանում տեղ զբաղեցնելու հայտ ներկայացրած ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմաթիվ հանդիպումներ ունենալով ընտրողների հետ` տարաբնույթ խոստումներով հանդես եկան:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ` կենտրոնի հիմնադիրը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է) փորձագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ` քարոզարշավի ընթացքում իշխող Հանրապետական կուսակցությունը վարում է նախագահական ընտրություններին բնորոշ քարոզարշավ, երբ բոլոր հանդիպումներում ելույթ է ունենում Հայաստանի նախագահը, կոչ անում ընտրել իրենց թեկնածուին` հասարակությանը այդպիսով հասկացնելով, որ գլխավոր դերակատարը իրենք են, ոչ թե հասարակությունը:

Այս կերպ քարոզարշավը մարդկանց նվաստացնելու մի ձեւ է դարձել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փորձագետը. - «Մեր խաղի կանոններով պետք է հասարակությունը շարժվի», այսինքն` հասարակության գնահատականով չէ որոշվելու Հայաստանի քաղաքականությունը, այլ որոշվելու է Հանրապետական կուսակցության գնահատականով եւ ցանկությամբ։ Իշխանությունները հստակ ցուցադրում են, մեսիջ են ուղարկում, որ հասարակությունը չէ, որ պետք է ընդունի խաղի կանոնները, եւ այդ առումով, դա, փաստորեն, խորը անհարգանք եւ արհամարհանք է հասարակության նկատմամբ, եւ հասարակությունը պետք է վերջապես հասկանա, որ պետք է իր ձեռքին, իր ուսերին վերցնի համակարգափոխությունը»։

Քաղաքական ուժերը, սակայն, ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ չփայլեցին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով անցած մեկ շաբաթվա քարոզարշավը` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով`այդ ուժերը հիմնականում կիրառեցին հնամաշ մեթոդներ, հնչեցրեցին ընդհանուր կարգախոսներ, որոնք կոնկրետ ընտրազանգվածի ուղղված չեն եւ որոնք կմնան որպես հնարքներ ընտրողին իրենց կողմը գրավելու համար:

«Այն, ինչ հիմա կատարվում է այս մի շաբաթվա մեջ, ես չէի ասի, որ տեխնոլոգիա է` դա ավելի շատ ստանդարտ, հնամաշ բաներն են օգտագործվում` գոնե այս մի շաբաթը, ինչ որ եղել է։ Բառեր են, որոնք օգտագործվել են, օգտագործվում են եւ կօգտագործվեն։ Պարզապես այստեղ խնդիրն այն է` ոնց են օգտագործում, ով ոնց է այդ բառերը օգտագործում», - ասաց Քոչարյանը` շարունակելով. - «Մեր մոտ, ես չեմ կարծում, որ շատ են ուսումնասիրում ամեն մեկը, թե իր նպատակային աուդիտորիան, տվյալ պարագայում` նպատակային էլեկտորատը ով է»։

Ըստ Քոչարյանի` անցած շաբաթ քաղաքական ուժերը ակտիվություն չցուցաբերեցին: Ակտիվացում դեռ կլինի, բայց դրա պատճառն այն է, որ քաղաքականության մեջ առավել տեղ են զբաղեցնում հին դեմքերը. նոր դեմքերի կարիք կա, որոնք էլ ակտիվություն կբերեն, նշեց քաղխտեխնոլոգը:

«Սերունդ է պետք փոխվի, էլի, այդ սերունդը արդեն հոգնել է, որովհետեւ 25 տարի ինչքա՞ն կարելի է նույնը անել` չորս-հինգ տարին մեկ», - ասաց Կարեն Քոչարյանը։

Այս քարոզարշավը, ըստ ՌԱՀՀԿ-ի փորձագետ Էդգար Վարդանյանի, ցույց տվեց, որ հասարակությունը քաղաքական երկու բեւեռների` իշխանության ու ընդդիմության հետ կապ չունի, այն բաժանված է քաղաքական ուժերից, բայց քարոզարշավի ընթացքում եւս կառավարվում է նրանց կողմից: Մինչդեռ անհրաժեշտ է, որ հասարակությունը համախմբվի ու անհնազանդություն ցուցաբերի` ապացուցելով, որ իր որոշմամբ է ձեւավորվում իշխանությունը, այլ ոչ` քաղաքական դաշտում դերակատարում ունեցողների, հայտարարեց նա. - «Անհնազանդություն ցուցաբերեն ապօրինությունների նկատմամբ, անհնազանդություն` իշխանությունների ոչ ժողովրդավարական վարքի նկատմամբ։ Միայն անհնազանդությունը կարող է, ի դեպ` խաղաղ անհնազանդությունը, այս իրավիճակը փոխել»։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը