Երկուշաբթի, դեկտեմբերի 22, 2014 Ժամանակը Երեւանում 18:47

Հայաստան

Բելառուսն անընդունելի է համարում պատժամիջոցների քաղաքականությունը

x
Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի եւ պատժամիջոցների քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը ճիշտ չէ, ոչ թե այն պատճառով, որ մեզ դուր չի գալիս, այլ այն պատճառով, որ դա անհեռանկար եւ անարդյունք քաղաքականություն է:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Մինսկի եւ Եվրամիության հետագա հարաբերությունները, այսօր այս մասին Երեւանում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց Բելառուսի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Մարտինովը։

«Բելառուսը Եվրամիության հետ հարաբերություններում լարվածության աստիճանական թուլացման կողմնակիցն է, եւ այս տհաճ լարվածության հաղթահարման համար մենք համապատասխան ջանքեր ենք գործադրում: Հույս ունենք, որ այդ ջանքերը փոխադարձ կլինեն, շարունակեց Բելառուսի արտգործնախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, ինչպիսի՞ն կլինի այն մարդկանց ճակատագիրը, որոնց Արեւմուտքը կոչում է քաղբանտարկյալներ, Սերգեյ Մարտինովը արձագանքեց․ - «Ինչ վերաբերում է այսպես կոչված քաղբանտարկյալների հարցին, ապա նշեմ, որ բելառուսական իրավունքում ընդհանրապես չկան քաղաքական բնույթի հասկացություններ եւ հոդվածներ: Մարդկանց այն խումբը, որը դուք հիշատակեցիք կալանավայրերում է գտնվում դատարանի որոշմամբ, շատ կոնկրետ եւ հստակ օրինախախտումներ կատարելու համար», - հայտարարեց Սերգեյ Մարտինովը:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Բելառուսում ազատ է արձակվել նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը, իսկ կիրակի օրը՝ նրա վստահված անձ եւ «Եվրոպական Բելառուս» ընդդիմադիր շարժման համակարգող Դմիտրի Բոնդարենկոն։

Այս կապակցությամբ, Բելառուսի արտգործնախարարը նկատեց․ - «Նրանցից երկուսին ներում է շնորհվել: Այդ նրանք են, ովքեր ներման խնդրանքով դիմում էին գրել»:

Ինչ վերաբերում է դեռեւս անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հետագա ճակատագրին, ապա, Մարտինովի խոսքով, նրանք երկրի անհատ քաղաքացիներ են, եւ այդ թեմայով հարցերը պետք է ուղղել հենց իրենց:

Իսկ ընդհանրապես, Մարտինովի մատուցմամբ, Բելառուսն ու եվրամիությունը հանդիսանում են շահագրգիռ գործընկերներ: Կողմերի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները հաշվարկվում են միլիարդավոր դոլարներով: Մինսկը եւ Բրյուսելը, Բելառուսի արտգործնախարարի խոսքով, գործընկերներ են այնպիսի կարեւոր ռազմավարական ոլորտում, ինչպիսին է բեռների տարանցումը․ տարեկան Բելառուսի տարածքով երկու ուղղություններով տարանցվում է մոտ 100 միլիոն տոննա բեռ, ռուսաստանյան նավթի մոտ 70 տոկոսը եւ գազի մոտ 20 տոկոսը եւս Եվրոպա է տեղափոխվում Բելառուսի տարածքով, համագործակցություն կա նաեւ մի շարք այլ ոլորտներում:

«Բելառուսը միշտ էլ հանդես է եկել Եվրամիության հետ խորը եւ իրավահավասար հարաբերությունների օգտին», - պատասխանն ամփոփեց Սերգեյ Մարտինովը:

Ասուլիսի ընթացքում երկու արտգործնախարարներն անդրադարձան նաեւ Հայաստան- Բելառուս տնտեսական հարաբերություններին՝ դրանք գնահատելով դինամիկ զարգացող: 

Ըստ Հայաստանի արտգործնախարարի, երկու երկրների միջեւ ակտիվորեն զարգանում է համագործակցությունը հատկապես վարչատարածքային շրջանների եւ միավորների մակարդակով: Երեւանի եւ Մինսկի հարաբերություններում առկա է բավականաչափ տպավորիչ իրավապայմանագրային հենք՝ գործում են շուրջ 70 համաձայնագրեր, որոնք պարբերաբար թարմացվում եւ լրացվում են։

Սերգեյ Մարտինովը եւս, դրական գնահատելով երկու երկրների տնտեսական հարաբերությունները, հավելեց, թե այժմ արդեն փորձ է արվում նոր որակ հաղորդել  համագործակցությանը:

«Մենք ցանկանում ենք դուրս գալ սովորական առեւտրի, ապրանքափոխանակության սահմաններից եւ այսպես ասած՝ արդյունաբերական կոոպերացիայի տարբերակներ ենք փնտրում՝ Հայաստանում ապրանքների համատեղ հավաքման եւ արտադրություն կազմակերպելու տեսքով», - ասաց Բելառուսի արտգործնախարարը։

Բելառուսն անընդունելի է համարում պատժամիջոցների քաղաքականությունըi
|| 0:00:00
...    
🔇
X
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը