Կիրակի, մայիսի 01, 2016 Ժամանակը Երեւանում 08:12

    Քաղաքական

    Նախագահը կրկին հանդուրժողականության կոչեր է անում

    Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ
    Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ
    Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական քարոզարշավը երեքշաբթի օրը շարունակվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ընտրողների հետ հանդիպումը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը անցկացրեց Սիսիանի քաղաքապետարանի առջեւի հրապարակում:

    «Շարունակելու ենք մշտապես հանդես գալ երկրում համագործակցության մթնոլորտի օգտին եւ պառակտման ցանկացած դրսեւորման դեմ: Մենք իրավունք չունենք ջրբաժաններ գծելու շռայլությունը մեզ թույլ տալ, մենք հաղթահարել ենք նման մի իրականություն եւ չպետք է թույլ տանք որեւէ կրկնություն», - հայտարարեց Սարգսյանը:

    Այս օրերին քաղաքական վեճում սուր ելույթներից հեշտությամբ կարող են անցնել պիտակավորման, ասաց Հանրապետականի ղեկավարը, շարունակելով. - «Մանր խնդիրներից վեր կանգնելու հավերժական իմաստությունը, որ գտնում ենք մեծ վարպետի` Համո Սահյանի մոտ, միշտ արդիական է: Մենք բոլորս պետք է հիշենք, որ ինչ անում ենք, անում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Պետք է հիշենք, որ տարբեր կարծիքներ ունենալը դեռեւս ընտանիքներ կիսելու ու իրար դեմ հանելու պատճառ չէ»:

    Իշխող կուսակցության ղեկավարը հորդորեց հիշել, որ տարաձայնություն եւ բանավեճ չի նշանակում կռիվ ու դավ, Սարոյան եղբայրներ խաղալու կարիքը բացարձակապես չունենք, ասաց նա:

    «Պետք է հիշենք, որ հայերը հայերի դեմ շարքեր հանելու իրավունք չունեն, մենք շարքեր ենք կազմում միայն բանակում, որպեսզի հարկ եղած դեպքում մեր զինվորները դուրս գան թշնամու դեմ: Ցավոք, արդի իրականությունն այնպիսին է, որ արտաքին աշխարհում մեր հանդեպ թշնամանք տածողների պակաս չկա: Մենք գնում ենք սոսկ ընտրությունների», - ասաց Սերժ Սարգսյանը:
     
    Հանրապետական կուսակցության ղեկավարը ընտրողներին ներկայացրեց նաեւ իրենց նախընտրական ծրագրի սոցիալական հատվածը` ասելով, որ «այսօրվանից իրենց բոլոր քայլերը, ծրագրերն ու իրականացվող պետական քաղաքականությունը ուղղելու են դեպի մարդը, դեպի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին»: Նա բավարար գնահատեց ձեռքբերումները պետականաշինության կայացման գործում, պաշտպանական կարողությունների ամրապնդման եւ հասարակական հարաբերությունների կազմակերպման հարցերում: 

    «Այժմ կարող ենք առավելապես կենտրոնանալ յուրաքանչյուր քաղաքացու հոգսերի թեթեւացման, կյանքի պայմանների բարելավման ոչ պակաս կարեւոր հարցերի շուրջ», - ասաց նա` խոստանալով, որ «այսուհետ տնտեսական զարգացումը դառնալու է կոնկրետ աշխատանք, կոնկրետ մարդու համար, իսկ մարդկանց աշխատանքով ու արժանապատիվ վարձատրությամբ ապահովելը` առաջնային նպատակ»:

    Սերժ Սարգսյանը հավելեց, որ տնտեսական հնարավորությունների զարգացմանը զուգընթաց պահպանվելու են սոցիալական ծախսերի ավելացման միտումները:

    «Ավելացված հնարավորությունները առաջին հերթին ուղղվելու են սոցիալապես անապահով խավերին: Այդպես եղել է, այդպես էլ կլինի: Սոցիալական քաղաքականության հիմնական խնդիրը այսուհետ դարձնելու ենք անհավասարությունը ծնող պատճառների վերացումը», - ասաց նա:

    Սիսիանցիներին Սերժ Սարգսյանը կոչ արեց ընտրել Հանրապետական կուսակցությանը եւ թիվ 37 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ թեկնածուին:

    ՀՀԿ-ի քարոզարշավը ապրիլի 18-ին կշարունակվի Վայոց ձորի մարզում: Դրան զուգահեռ հանրապետության նախագահի այցը Վայոց ձորի մարզ նաեւ աշխատանքային է:

    Նախագահը կրկին հանդուրժողականության կոչեր է անումi
    || 0:00:00
    ...    
     
    X
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանությունները
    Մեկնաբանություններ
         
    Լևոն , : Աբովյան
    17.04.2012 22:23
    +0 / -0
    Պարոն Սերժ Սարգսյան, հանդուրժողականության Ձեր բոլոր կոչերր և դեմոկրատիայի մասին հերթական խոստումները Արմեն Աշոտյանի նի հրամանով հօդս ցնդեցին:
    Ուզում եք հաջողության հասնել ընտրություններում` առանձնացեք այդ չինովնիկի գործունեւթյունից` հեռացրեք պաշտոնից և հանեք ընտրացուցակներից:

    Հ.գ. Աշոտյանին խորհուրդ կտամ վերականգնել «Երկու աստղը» մտնել ժյուրիի կազմի մեջ: Գոնե այդպես քիչ վնասը քիչ կլինի:

    Ամենակարդացվողը