Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը վստահ է՝ «վախեցածների» մեծ մասը իշխանությունների դեմ է քվեարկելու


Վաղարշապատում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի այսօրվա նախընտրական հանդիպումը եւս կայացավ քաղաքի կենտրոնական հրապարակում, բայց ի տարբերություն իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հանդիպումների, հրապարակում երթեւեկությունն այս անգամ դադարեցված չէր։

Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանն իրենց հետ հանդիպման եկած վաղարշապատցիներին համարեց համարձակ մարդիկ․ - «Բոլորը, ովքեր այստեղ են, մտահոգ մարդիկ են։ Ոչինչ, որ ձեզ նկարահանում են, ոչինչ, որ վաղը անհանգստացնելու են, ոչինչ։ Սա մեր երկիրն է։ Մենք պատրաստ ենք ցանկացած դժվարության, ցանկացած արգելքի, եւ մեր քարոզարշավը անելու ենք»։

Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ վախի մթնոլորտին` տարակուսելով, թե ինչու են մարդիկ վախենում իշխանություններից․ - «Ինչի՞ց եք վախենում, ումի՞ց եք վախենում։ Վստահ եմ՝ անգամ որ ասում են վախեցած են, տներում նստած են, չենք գալիս՝ նրանց մեծ մասը էլի մեզ է քվեարկելու, իշխանություններին դեմ է քվեարկելու»։

Վաղարշապատցիներին Տեր-Պետրոսյանն ասաց, թե Հայաստանի Հանրապետական ու «Օրինաց երկիր» կուսակցությունների օգտին քվեարկողները եւս դառնում են «հանցավոր»․ - «Գիշեր-ցերեկ ձեզ թալանի, ձեր երեխաներին տանեք բանակ՝ խաղաղ պայմաններում սպանի, ձեր կաշի քերթի, ձեզ հողից, տնից զրկի, եւ գա էլի ձեզանից ձայն խնդրի՞։ Դրա համար եմ ասում՝ ոչ մի ձայն այս հանցավոր իշխանություններին»։

Տեր-Պետրոսյանը վաղարշապատցիների հետ հանդիպմանն անդրադարձավ, սոցիալ-տնտեսական խնդիրներին, մարդկանց հանապազօրյա հաց վաստակելու դժվարություններին, այս ամենի հետեւանքով ահագնացող արտագաղթին:

Կոնգրեսի հետ հանդիպման եկած վաղարշապատցիներից ոմանք լսելով նրանց ելույթները` երբեմն իրենց համաձայնությունն էին արտահայտում հնչեցված կարծիքներին ու գնահատականներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վաղարշապատցիները բողոքում էին իրենց ապրուստից:

Հայ ազգային կոնգրեսը այսօր հանդիպումներ անցկացրեց նաեւ Մեծամորի ու Արմավիրի բնակիչների հետ:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG