Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքը մերժվեց


Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում- բողոքն ընդդեմ տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ թեկնածու, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի:

Հանձնաժողովի նիստն անցավ թեժ մթնոլորտում: Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, համայնքում ՀՀԿ եւ Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Օհանյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ ծագեց վիճաբանություն, Փաշինյանի ահազանգով այցելեցին ոստիկաններ:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը թիվ 7 ԸԸՀ-ից պահանջել էր Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան՝ վկայակոչելով քարոզարշավի ընթացքում նրա կողմից «Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ կատարելու մասին» իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները: Նա իր դիմումում նշել էր, որ Սամվել Ալեքսանյանը «ապրիլի 19-ին 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ եւ տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում։

Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց, որ «դիմումատուի կողմից դիմումով չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնք կփաստեին թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրողներին գումար բաժանելու մասին»:

Նիկոլ Փաշինյանն իր դիմումում վկայակոչել էր «Ժողովուրդ» թերթի ապրիլի 20-ի հրապարակումն ու «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հարցազրույցը դպրոցի տնօրենի հետ, որտեղ , ինչպես նշված է դիմումում՝«Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը հաստատել է փաստերը»:

Չնայած հեռախոսազրույցի ձայնագրության առկայությանը, որը էլեկտրոնային կրիչով ներկայացվեց թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովին, դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ինքը ոչ մի հարցազրույց չի տվել որեւէ լրատվամիջոցի, դա իր հետ հարցազրույց չէ, ավելին՝ ապրիլի 20-ին ինքը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Զատիկյանը նաեւ հայտարարեց, որ ապրիլի 19-ին դպրոցում կազմակերպված «Երկու աստղ» միջոցառման ժամանակ գումար չի տրվել դպրոցին, ոչ էլ խոստումներ են տրվել:

Ընտրատարածքային հանձնաժողովը, հիմք ընդունելով տնօրենի պնդումները, մերժեց հեռախոսազրույցի ձայնագրությունը նյութերին կցելու եւ «Հայկական ժամանակ»-ի ՝ հարցազրույցը վարած լրագրողին հարցաքննության հրավիրելու՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունները «հավաստիությունը ապացուցված չլինելու» պատճառաբանությամբ: Հանձնաժողովը մերժեց նաեւ ձայնագրությունը համապատասխան փորձաքննության ուղարկելու՝ նրա միջնորդությունը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, համայնքում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Օհանյանը, ով ներկա է եղել դպրոցում ապրիլի 19-ի միջոցառմանը, ե՛ւ հանձնաժողովի նիստում, ե՛ւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ գումար բաժանելու մասին խոսք լինել չի կարող։

«Նախ՝ դա եղել է ոչ թե քարոզչություն, այլ՝ միջոցառում, որին ես չեմ հերքում՝ մասնակցել ենք ե՛ւ ես, ե՛ւ Սամվել Ալեքսանյանը: Ես բաժանել եմ ընդամենը ծրարներ՝ շնորհավորական բացիկներով», - նշեց նա։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե՝ «Սամվել Ալեքսանյանը վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում չի՞ տվել», - Օհանյանը պատասխանեց՝ «Ոչ, նման բան ես չեմ լսել»:

Նիստի ընթացքում Դավիթ Օհանյանի եվ Նիկոլ Փաշնյանի միջեւ կրքերը շիկացան այն բանից հետո, երբ Փաշինյանը հանձնաժողովից պահանջեց իր միջնորդությունների մասին քվեարկությամբ որոշում կայացնել, այլ ոչ թե առանց քվեարկելու դրանք մերժել:

«Դո՞ւ ես որոշում։ Գիտես մարտի մե՞կն է, արա՛, որ դիրիժորություն ես անում», - տեղից վրդովված բացականչեց Դավիթ Օհանյանը:

Փաշինյանը պահանջեց հարգալից լինել, ինչին ի պատասխան՝ Մալաթիա- Սեբեստիա համայնքի ղեկավարը հայտարարեց, թե ինքը չի կարող մի թեկնածուի նկատմամբ հարգալից լինել, ով համայքնի ընտրողներին բաժանվող նամակներում Սամվել Ալեքսանյանին մականունով է կոչում:

Փաշինյանը զանգահարեց ոստիկանություն։ Մինչ ոստիկանների գալը մթնոլորտը հանդարտվեց, իրավապահները բացատրություն վերցրեցին ներկաներից ահազանգի առնչությամբ, որից հետո հանձնաժողովի նիստը շարունակվեց եւ թիվ 7 ԸԸՀ-ն հրապարակեց Նիկոլ Փաշինյանի բողոք-դիմումը մերժելու մասին՝ կայացված որոշումը:

«Հանձնաժողովի որոշումը այլ կերպ, քան՝ ֆարս, չեմ կարող որակել, որովհետեւ անառարկելի ապացույցներ գոյություն ունեին, բայց հանձնաժողովը մերժեց, որովհետեւ իրեն չէր կարելի այլ որոշում կայացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոլ Փաշինյանը, - «Սա, իհարկե, թեկնածուին կից հանձնաժողով է։ Հանձնաժողովի անդամները նիստի ընթացքում վախվորած հայացքներով նայում էին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին եւ նրա ժեստերից փորձում հասկանալ՝ ճիշտ են արդյոք ամեն ինչ անում, թե՝ սխալ»:

Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG