Մատչելիության հղումներ

«Օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք»


Պատշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Պատշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Օրենքի խախտմանը մենք այլ օրինախախտմամբ չպետք է պատասխան տանք, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված եւ մահացած Վահե Ավետյանի դեպքին, ինչպես նաեւ զինվորական փոխգնդապետի կողմից «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձին:

«Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին: Կարծում եմ, որ մենք մեր հայրենիքում պետք է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք, որովհետեւ տարիքի հետ կապված մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի միջոցով, այլ ոչ թե ձեռքի: Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, մանավանդ զինվորականի, մանավանդ բժշկի, որը զբաղվում է մյուսների առողջությամբ»:

Հարցին, թե հանդիպե՞լ է Ռուբեն Հայրապետյանի հետ, ում Ավետյանի մահվանից հետո տեղի ունեցած բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակիցները համարում են կատարվածի մեղավորը` պնդելով, որ բժշկին ծեծողների մեջ են եղել նաեւ Հայրապետյանի թիկնապահները (Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել էր, որ «Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների մեջ կան նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ), Օհանյանը պատասխանեց. - «Ես հեռախոսազրույց եմ ունեցել, եւ մենք երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Ես գտնում ենք, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք: Մենք պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Ես կարծում եմ, որ օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք»:

Նախարարը նաեւ անդրադարձավ «Հարսնաքար»-ը պայթեցնելու` Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի փորձին. փոխգնդապետին կիրակի օրը ձերբակալ են ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով. - «Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլոր այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG