Շաբաթ, սեպտեմբերի 20, 2014 Ժամանակը Երեւանում 05:52

Հասարակություն

ՊՆ-ն մահացած զինծառայողի հարցով քրեական գործ չի հարուցի

Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, երկար ժամանակ բուժումներ անցնելուց հետո մահացել է Հայաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանը:

x
Զինծառայողի մոտ 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո հայտնաբերվել էր արյան սուր հիվանդությունը: Քոչարյանի ծնողների խոսքով` ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով, մինչ այդ բժիշկները կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է: Իրական հիվանդությունը պարզելուց հետո բժիշկները հայտնել էին, որ զինծառայողի բուժումը հնարավոր է իրականացնել միայն արտերկրում: Քոչարյանի հարազատների խոսքով` ամենամատչելի տարբերակը Մոսկվայում բուժումն իրականացնելն էր, որի արժեքն էլ 67 հազար դոլար էր կազմում: Այդ ժամանակ զինծառայողի ծնողները դիմել էին պաշտպանության նախարարությանը զինվորի բուժման ծախսերը հոգալու խնդրանքով։ Սկզբնական շրջանում նախարարությունում նրանց ասել էին, որ միայն մասնակի կարող են օգնել գումարի հարցում, դրանից հետո զինծառայողի ծնողները աղմուկ էին բարձրացրել, ինչն էլ, ըստ նրանց, ՊՆ-ից ամբողջ գումարը փոխանցելու խոստման պատճառ էր դարձել: Դրանից հետո զինծառայողը տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ էլ մինչ օրս բուժում էր ստանում:

Մոսկվայում բժիշկները զինծառայողի հորը տեղեկացրել են, որ բուժումը արդեն ուշացած էր եւ անարդյունավետ, այդ իսկ պատճառով էլ զինծառայողը մահացել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում զինծառայողի հայր Ռոմիկ Քոչարյանը ասաց, որ եթե ախտորոշումը կատարվեր ժամանակին, ապա որդին հիմա ողջ կլիներ:

Զինծառայողի հոր վկայությամբ` մինչ այժմ ՊՆ-ն չի փոխանցել բուժման ծախսերի համար անհրաժեշտ  67 հազար դոլարը, ինչի պատճառով էլ ծախսերը հոգացել է սեփական միջոցներով եւ հարազատների օգնությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը մշտապես հետեւել է զինծառայողի բուժմանը եւ հատուկ պայմանավորվածություն է ունեցել համապատասխան բուժհաստատության հետ:

Նա պարզաբանեց, որ ըստ պայմանավորվածության` պաշտպանության նախարարությունը բուժման համար պահանջվող գումարը Մոսկվայի Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի կենտրոնին կփոխանցի փուլ առ փուլ: Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ բացի բուժհաստատության ծախսերը հոգալուց` նախարարությունը նաեւ 4 միլիոն դրամ (մոտ 10 հազար դոլար) կանխիկ գումար է փոխանցել զինծառայողի ընտանիքին: Ինչ վերաբերում է զինծառայողի դին Երեւան տեղափոխելուն, ապա Հովհաննիսյանը ասաց, որ նախարարությունը այս ծախսերը նույնպես պատրաստ է հոգալ:

Սկզբնական սխալ ախտորոշման կապակցությամբ Հովհաննիսյանը ասաց, որ այս հարցով քրեական գործ չի հարուցվելու, քանի որ բժիշկներն արել են ամեն հնարավոր բան:

Այսօր մահացած զինծառայողի ընտանիքը հաղորդագրություն է տարածել, որում Քոչարյանները պաշտպանության նախարարությանը մեղադրում են բուժման համար անհրաժեշտ գումարի տրամադրումը ձգձգելու եւ դրանով իրենց որդու հիվանդությունը ավելի խորացնելու մեջ:

Մահացած զինծառայողի հայրը այժմ զբաղվում է որդու դին հայրենիք տեղափոխելու հարցերով: Արթուր Քոչարյանի դիակը Հայաստան կտեղափոխվի, ամենայն հավանականությամբ, առաջիկա գիշերը։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Անանուն
03.12.2012 21:08
+0 / -0
inch anenq? qaos e im erkrum, astavc prki mez chareric!!!

Ամենակարդացվողը