Չորեքշաբթի, Հուլիս 23, 2014 Ժամանակը Երեւանում 15:39

Միջազգային

Բրայզա. «Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը»

Մեթյու Բրայզա, արխիվ
Մեթյու Բրայզա, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Wall Street Journal-ի էջերում քննադատել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը՝ դեսպանատների պաշտպանության հարցում անփույթ վերաբերմունքի համար: Փոխարենը, Բրայզան գովեստի խոսքեր է ուղղել Ադրբեջանի կառավարությանը:

«Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը». այսպես է Բրայզան վերնագրել իր հոդվածը՝ մանրամասնելով, թե Բենգազիում այս տարվա սեպտեմբերի 11-ին ցուցարարների գրոհի հետեւանքով զոհված Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսի վախերն ու հիասթափությունները ապրել են նաեւ շատ ուրիշ ամերիկյան դիվանագետներ, այդ թվում եւ ինքը:

Մինչ Բենգազիի ահաբեկչությունը, որի ժամանակ զոհվեցին ԱՄՆ-ի դեսպանը եւ դեսպանատան եւս երեք աշխատակիցներ, Սթիվենսը երկու նամակ էր ուղարկել անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով, որոնցից մեկը՝ լիբիական կառավարությանը, մյուսը՝ Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը, սակայն որեւէ արձագանքի այս խնդրանքները չէին արժանացել:

Բրայզան ասում է, որ նման դիմումներ ինքն էլ ուղարկել է անցյալ տարի, երբ Բաքվում Ամերիկայի դեսպանն էր։

«Երբ ես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում էի 2011 թվականի փետրվարից մինչեւ 2012-ի հունվար, դեսպանատունը բազմիցս բախվել է ահաբեկչական գործողությունների լուրջ սպառնալիքների», - գրում է Բրայզան։ - «Ես էլ էի վախենում Բաքվում, իմ աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում, երբ սպառնալիքները տագնապալի մակարդակի հասան, պարզ դարձավ, թե որքան խոցելի ենք մենք ահաբեկիչների հարձակումների համար»:

Հոդվածում Բրայզան նշում է, որ ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմի անվտանգության հարցերով զբաղվում էին Ադրբեջանի անվտանգության ուժերը, որոնք համագործակցում էին ամերիկացիների հետ պոտենցիալ ահաբեկիչներին դեսպանատան շենքից հեռու պահելու համար, արդյունքում` Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկիչներին ձերբակալեցին ավելի վաղ, քան նրանք կհասցնեին հարված հասցնել:

Բրայզան ասում է, որ եթե իր դեպքում Ադրբեջանի անվտանգության ուժերն արել են հնարավոր ամեն ինչ դեսպանատան պաշտպանության համար, ամերիկյան կողմից պաշտպանություն տրամադրելու ձախողման պատճառը կառավարության բյուրոկրատական համակարգն էր:

«Ամենալարված պահին ես տեղեկացա, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տնտեսման նպատակով ծրագրում է կրճատել անվտանգության միջոցառումների վրա ծախսվող գումարը, իսկ նման իրավիճակում կրճատումներ անելը անհեթեթություն էր։ Ես ցնցված էի, երբ իմացա, որ Վաշինգտոնի միջին օղակի պաշտոնյաները Բաքվի դեսպանատան պաշտպանության ծախսերն այնուամենայնիվ կրճատել են», - գրում է ամերիկացի նախկին դիվանագետը` հավելելով, որ ֆինանսավորումը վերականգնվել է միայն իր զայրացած արձագանքից հետո:

Սակայն, նախկին դեսպանի խոսքով, երկու շաբաթ շարունակ ամերիկյան դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքները սպառնալիքի տակ էին Վաշինգտոնի որոշման պատճառով:

Բրայզան գրում է, որ անվտանգության վրա տնտեսելը վտանգավոր է եւ ամերիկյան դիվանագետներին դատապարտում է ձախողման, հավելելով, որ, անկասկած, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները հավատացնում են, թե անձնակազմի անվտանգությունն իրենց թիվ մեկ առաջնահերթությունն է, սակայն առաջնորդները պետք է ճիշտ տեղ հասցնեն այս ուղերձը եւ թույլ չտան միջին օղակի պաշտոնյաներին մերժել անվտանգությունն ուժեղացնելու վերաբերյալ դեսպանատների դիմումները:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը