Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության «այլընտրանքային» ցուցահանդես Դանիայում


Տեսարան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից
Տեսարան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից
Դանիայում խստորեն քննադատվում է Հայոց ցեղասպանության «այլընտրանքային» ցուցահանդես կազմակերպելու որոշումը։

Դանիայի Թագավորական գրադարանի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ թուրքական կողմին թույլատրվել է Հայոց ցեղասպանության մասին «այլընտրանքային» ցուցադրություն ներկայացնել:

Կոպենհագենի համալսարանում ներկա պահին ցուցադրվում է «Հայկական ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» վերտառությամբ ցուցահանդեսը:

Այս մասին գրում է Copenhagen Post թերթը` նշելով, որ գրադարանը կատարել է Դանիայում Թուրքիայի դեսպանի ցանկությունը՝ մեկ այլ ցուցադրություն ներկայացնելու համար:

Թերթը փոխանցում է, որ պատմական իրադարձությունների վերաբերյալ թուրքական տարբերակը ներկայացնելու գրադարանի համաձայնությունը քննադատությունների պատճառ է դարձել՝ ներառյալ քաղաքական գործիչների, պատմաբանների, ինչպես նաեւ Դանիայում Հայաստանի դեսպանի կողմից:

Դանիական ժողովրդական կուսակցության (DF) մամուլի խոսնակ Սյորեն Էսպերսենը Berlingske թերթին ասել է. - «Դա կատարվում է Թուրքիայի ճնշման տակ եւ չպետք է իրագործվի: Դա նույնն է, ինչ նեոնացիստներին խնդրեն Հոլոքոսթի ցուցահանդես կազմակերպել»:

Դանիացի պատմաբան, Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետ Մաթիաս Բյորնլունդը իր տարակուսանքն է հայտնել Թագավորական գրադարանի որոշման կապակցությամբ:

«Եթե դուք կարծում եք, թե պատմության բոլոր տարբերակները հավասար են, ապա դուք խարխլում եք ձեր դերը որպես գիտահետազոտական հաստատություն», - ասել է պատմաբանը՝ ընդգծելով. - «Դա ցեղասպանություն էր, եւ այս պատմության ոչ բոլոր մեկնաբանություններն են ճիշտ»:

Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը եւս արտահայտելով իր հիասթափությունը` հույս է հայտնել, որ Թագավորական գրադարանը կվերանայի որոշումը եւ չի ենթարկվի Թուրքիայի հնարավոր ճնշումներին:

Սակայն գրադարանի տնօրեն Էրլանդ Կոլդինգ Նիլսենը հերքել է, թե գրադարանը ենթարկվել է թուրքական կողմի ճնշմանը:

«Ոչ մեկը չի կարող ճնշել մեզ, խոսքը հայկական ցուցահանդեսը փակելու մասին չէ: Մենք պարզապես նրանց հնարավորություն ենք տվել ներկայացնելու իրենց այլընտրանքային ցուցադրությունը», - ասել է տնօրենը։

Դեռ պարզ չէ, թե երբ կբացվի թուրքական ցուցահանդեսը, բայց Դանիայում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են, գրում է Copenhagen Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG