Հինգշաբթի, Հուլիս 31, 2014 Ժամանակը Երեւանում 03:16

Հայաստան

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ընդունվեց

Իշխող Հանրապետականի պատգամվորները Ազգային ժողովում, արխիվ
Իշխող Հանրապետականի պատգամվորները Ազգային ժողովում, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
Ազգային ժողովն այսօր 71 կողմ եւ 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը եւ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ քվեարկեցին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Ուշագրավ է, որ անգամ պետական բյուջեի նախագիծը իշխող Հանրապետականի պատգամավորները ընդունեցին միմյանց փոխարեն քվեարկելով: Ավելին` ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է Թոխմախի Մհեր մականունով ուրիշի փոխարեն քվեարկում էր ցուցադրաբար` ուղիղ նայելով այդ փաստը ֆիքսող լրագրողների աչքերին: Քվեարկությունից հետո Մհեր Սեդրակյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ է քվեարկում ուրիշի փոխարեն, ամոթանք տվեց եւ ասաց, թե «ուրիշի տեղը ի՞նչ գործ ունի քվեարկի»:

«Եթե քվեարկած լինեմ, կասեմ: Տեսախցիկները ոչինչ, թող ինչ ուզում է նկարեն: Ես տենց բան չեմ անում: Ամո'թ ա», - ասաց նա:

Չնայած իշխող ուժը բյուջեի նախագիծն ընդունեց այսօրինակ ջերմեռանդությամբ, ընդդիմադիրներն ահազանգում են` այս բյուջեով ժողովուրդը ավելի է աղքատանալու, արտագաղթն էլ ավելի մեծ թափ է ստանալու:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմամբ` իշխանությունը միտումնավոր է նման փաստաթուղթ ընդունում, որպեսզի ժողովուրդը ավելի արագ արտագաղթի:

«Իրենք պատասխանել են այդ հարցին, ասել են, որ այս ժողովրդի մեծ մասը մեզ ձայն տվող չի, այդ պատճառով պիտի գնան, մնա էնքան մասը, որով կարողանան վերարտադրվել եւ համարվել լեգիտիմ: Շատ պրոֆեսիոնալ կառավարություն էր եւ շատ հաջողությամբ իրականացնում է այն ծրագրերը, որոնք իրենք ընդունել են` ուղղված արտագաղթին եւ ժողովրդի աղքատացմանը», - ասաց Խաչատրյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ էլ` իշխանության կողմից ժողովրդին միտումնավոր աղքատացնելը ընդամենը հեշտությամբ վերարտադրվելու նպատակ է հետապնդում:

«Հարց է ծագում` ինչո՞ւ է Հանրապետականը այդ բանն անում: Երկու պատճառ կա. հարկ վճարողներն իր հետ են, այս պառլամենտում չկա չեզոք դեպուտատ Հանրապետական մեծամասնության մեջ, դրանք խոշոր գործարաններ են, որոնք նաեւ հարկ են տալիս, կամ էլ անմիջապես կապակցված անձ են այս կամ այն բիզնեսին, որտեղից հարկեր են գալիս: Այսինքն իրենք հասել են այն սահմանին, որ ասում են`մենք փող չենք տա ժողովրդին: Խոսքը օրենքով հասանելիք փողի մասին է: Եվ երկրորդը, որ հստակ ասում է Հանրապետականը, պետք է աղքատ ապրի ժողովուրդը, որովհետեւ իրենց ընտրվելու միակ ձեւը ընտրակաշառքն է: Եթե մի քիչ լավ ապրեն, թամահ չեն անի կամ կանտեսեն իրենց տված ընտրակաշառքը: 35-40 տոկոս աղքատները նաղդ իրենց գրպանում են: Ընդ որում իրենց հետաքրքրում է նաեւ այն, որ այդ ընտրակաշառքը շատ մեծ չլինի: Ինչքան մարդիկ աղքատ են, այնքան քիչ ընտրակաշառք կվերցնեն», - ասաց Բագրատյանը:

Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընդամենը մի փաստ է մատնանշում. անգամ պաշտոնական տվյալներով շուրջ 280 հազար քաղաքացի գործազուրկ է, իսկ 2013-ի բյուջեով այդ գործազուրկների խնդիրները բացարձակապես լուծում չեն ստանում:

«Եվ երբ կառավարությունը խոսում է մինչեւ 2025 թվականը այդ աշխատատեղերի ստեղծման մասին, պարզապես զարմանալի կամ աբսուրդ մի վիճակ է: Բա ի՞նչ անեն այդ մարդիկ մինչեւ 2025 թվականը», - հարցնում է Մինասյանը:

Հակադարձելով կառավարության այն պնդումներին, թե քաղաքացիների եկամուտները ավելացնելու հնարավորություն երկիրն այսօր չունի, ընդդիմադիր պատգամավորները մատնանշում են չհարկվող մենաշնորհային բիզնեսները: Մինասյանն ասում է այդ գումարները գնում են «մեկ կամ մի քանի խմբի գրպանները, որոնք օգտագործում են իրենց վերարտադրությունը ընտրությունների ժամանակ»:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է անելու այլընտրանքային ԲՀԿ-ն ստեղծված իրավիճակը փոխելու համար, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, թե բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանության վարած տնտեսական քաղաքականությանը, պետք է միավորվեն նախագահի մեկ թեկնածուի շուրջ եւ երկրում իրավիճակ փոխեն: Խաչատրյանն ասաց` «շատ ցանկալի կլիներ, որ այդ թեկնածուն լիներ այնպիսի մարդ, որի հեղինակությունն ամենաբարձրն է»:

«Կարծում եմ` այսօր ժողովրդի մեծ մասը մատնանշում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե Ծառուկյանը լուրջ մրցակից չէ գործող նախագահի համար, Խաչատրյանն ասաց. - «Միգուցե նա նկատի ուներ քիմիական պրոցեսներին` օքսիդացմանը, շրջիկ խմբերին… Իհարկե, շատ դժվար կլինի, երբ կլինի մաքուր ընտրություն, այն ժամանակ կարելի է հայտարարել` ով ինչ շանս ունի: Գագիկ Ծառուկյանի վարկանիշն այսօր ամենաբարձր է, եւ համոզված եմ, որ քաղաքական շատ ուժեր կպաշտպանեն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի համոզմամբ էլ` ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ բյուջեն լցնելու երկու ելք կա` կամ հեռացնել գործող իշխանություններին կամ եկամտահարկ սահմանել ընտրակաշառքի նկատմամբ:

«Սարկազմով եմ ասում, բայց ասածիս մեջ կա դառը ճշմարտություն: Ես գտնում եմ, որ պետք է քշել [իշխանություններին] եւ ամեն անգամ հարեւանների վրա մուննաթ չգալ: Հայ ժողովրդի պատմության մեջ եղել են արտաքին թշնամիներ, այդ թվում` շատ վայրենի, բայց ամենամեծ թշնամին միշտ ներքինն է եղել», - ասաց Բագրատյանը:

Իշխող Հանրապետականը չի ընդունում իր հասցեին հնչեցված մեղադրանքները` դրանք համարելով անհիմն:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը