Մատչելիության հղումներ

ԼՂ-ում «տեղաշարժ չեն սպասում» դուբլինյան քննարկումներից


Մինչեւ այժմ ո'չ Հայաստանի եւ ո'չ էլ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններից որեւէ պաշտոնական հաղորդում չի ստացվել Դուբլինում արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին:

«Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի արտգործնախարությունից փոխանցեցին, որ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ունենալիք ելույթում էդվարդ Նալբանդյանը կանդրադառնա ղարաբաղյան խնդրին:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Մամեդյարովը եւս Դուբլինում հանդես է գալու ելույթով:

Վաղը Իռլանդիայի մայրաքաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Դուբլին են մեկնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարները:

Ավելի վաղ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը չէր բացառել Դուբլինում Նալբանդյան - Մամեդյարով հերթական հանդիպման հնարավորությունը` նշելով, սակայն, որ այդ մասին իրեն ոչինիչ հայտնի չէ:

«Եթե Դուբլինում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չկայանա, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք կհանդիպեն հաջորդ տարեսկզբին», - ասել էր Ժակ Ֆորը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Դուբլինում ղարաբաղյան թեման չի շրջանցվի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաբայանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանական կողմն այս անգամ եւս բաց չի թողնի հերթական շահարկումներն անելու առիթը. - «Ադրբեջանը անպայման կփորձի շահարկել եւս մեկ անգամ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, կրկին Հայաստանին կմեղադրի ինչ-ինչ բաների մեջ: Եվ հետեւաբար, հաշվի առնելով այս ամենը եւ Ադրբեջանի պահվածքը, որը մեզ համար գաղտնիք չէ, կարծում եմ, որ այս կամ այն կերպ արծարծվի այդ հարցը»:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, հիշեցնենք, տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ին Փարիզում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դա արտգործնախարարների առաջին հանդիպումն էր օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելուց ի վեր:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փարիզյան հանդիպմանը նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարի մամլո խոսնակը Դուբլինում տեղի ունենալիք քննարկումներից որեւէ դրական ակնկալիք չունի. - «Տեղաշարժ չենք սպասում: Ավելին` այդ սաֆարովյան զարգացումներից հետո ընդհանրապես եղել է ամենից մեծ տեղաշարժը դեպի վատը, եւ [բանակցային] գործընթացը գրեթե մտել է փակուղի»:

Այդուհանդերձ, Դավիթ Բաբայանի դիտարկմամբ, բանակցային գործընթացը, թեկուզեւ ձեւականորեն, սակայն շարունակվում է, ինչն այժմ առավելապես միտված է ոչ թե բուն խնդրի կարգավորմանը, այլ խաղաղության պահպանմանը: Նրա խոսքով` քանի որ Ադրբեջանի քայլերը ներկայումս ամբողջությամբ հակադրվում են ինչպես միջնորդ երկրների, այնպես էլ առհասարակ քաղաքակիրթ հանրության ցանկություններին, ուստի այժմ պետք է պարզապես պահպանել գործընթացը, իսկ նոր տարբերակների մասին այսօր խոսելն անհեթեթ է:

«Տարբերակներ նախկինում էլ եղել են, օրինակ՝ 1923, 88 եւ 91 թվականներին: Այս պահին կիրառության մեջ է 1994 թվականին առաջադրված եւ վերջնական տարբերակը, որով հաշվի են առնվում բոլոր շահագրգիռ կողմերի շահերն ու առկա իրողությունները», - ասաց Բաբայանն ու շարունակեց. - «Եվ այս տարբերակի փոփոխությունը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Հետեւաբար տարբերակի որոնում, իհարկե, չկա, չի էլ կարող լինել, բայց պետք է պահպանել խաղաղությունը, եւ հենց սրան են հիմնականում ուղղված միջնորդ երկրների ջանքերը»:

Իռլանդիան ներկայումս հանդիսանում է ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը: Հաջորդ տարի նախագահությունը Դուբլինից կփոխանցվի Կիեւին:

Վերջին տարիներին ԵԱՀԿ նախագահող երկրներում տեղի ունեցած ամփոփիչ նախարարական նիստերին հրապարակվել են ղարաբաղյան խնդրին առնչվող հայտարարություններ: Կարելի է ենթադրել, որ դուբլինյան նիստն այս առումով բացառություն չի լինի:
XS
SM
MD
LG