Երեքշաբթի, Սեպտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 22:52

Քաղաքական

Նախկին Փաստահավաք խմբի անդամը «գործարք» է որակում ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի համաձայնությունը

Ոստիկանները կանգնում են ընդդիմադիր ցուցարաների դիմաց, 1-ը մարտի, 2008 թվական
Ոստիկանները կանգնում են ընդդիմադիր ցուցարաների դիմաց, 1-ը մարտի, 2008 թվական

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Նախկին Փաստահավաք խմբի անդամը «գործարք» է որակում ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի համաձայնությունը

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «գործարք» որակեց Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծման հարցի շուրջ ընդդիմադիր Կոնգրեսի եւ իշխող Հանրապետականի միջեւ ձեռք բերված համաձայնությունը:

Նախօրեին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀԱԿ-ն ընդունեց իշխող Հանրապետականի առաջարկը` Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը տեղափոխել 2013-ի նախագահական ընտրություններից հետո:

«Սա կարելի է պարզ բնորոշել որպես սովորական գործարք, որը տեղի է ունեցել Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ, կամ, ըստ էության տեղի է ունեցել գործարք Կոնգրեսի եւ Հանրապետական կուսակցության միջեւ », - ասաց Քոչարյանը:

Հարցին, թե ո՞րն է նման գործարքի նպատակը, նախկին Փաստահավաք խմբի անդամը պատասխանեց. - «Պարզապես Մարտի 1-ը քաղաքական շահարկումների առարկայի է վերածվել, ինչն անթույլատրելի է: Եթե մենք գնում ենք բացահայտումների, մենք պետք է ստիպենք գործող համակարգին, իշխանություններին, որպեսզի իրենք իրականացնեն այդ բացահայտումները: Եթե այդ բացահայտումներն իշխանությունները չեն իրականացնում, եւ մենք համաձայնում ենք նրանց թելադրած պահանջներին, դա այլ կերպ բնորոշել, քան գործարք, հնարավոր չէ»:

«Եթե հարց բարձրացնող ուժը` Կոնգրեսի գրասենյակը կամ Կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը համաձայնել է ամբողջ կազմով, էդտեղ լուրջ խնդիր է առաջանում. եթե խմբակցությունը համաձայն է այսպիսի գործարքների իշխող ուժի հետ, ապա ի՞նչ վստահություն կարող է ունենալ մեր հասարակությունը, որ մեկ տարի հետո մեկ այլ գործարք չի լինի, եւ չեն համաձայնեցնի, թե ինչ չափով պիտի հարցերը քննարկեն», - ասաց Քոչարյանը:

Մարտի 1-ի տասը սպանությունները, հարյուրավոր անձանց հրազենային եւ այլ բնույթի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչության խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգելու առաջարկին զուգահեռ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Դավիթ Հարությունյանը նաեւ պայմաններ էր առաջ քաշել. քաղաքական որակումները նախագծից հանելու, հանձնաժողովի տեղերի կեսը ՀՀԿ-ին տալու դիմաց Հարությունյանը երաշխավորել է խորհրդարանական մեծամասնության կողմ քվեարկությունը այդ նախագծին: Կոնգրեսն էլ կարծես համաձայնել է: Նախկին Փաստահավաք խմբի ներկայացուցիչը համոզված է, որ նման իրավիճակը ձեռնտու է միմիայն իշխող կուսակցությանը:

«Դա շանտաժ է, Դավիթ Հարությունյանը սովորական շանտաժ է անում: Ի՞նչ է նշանակում` 50 տոկոսը պետք է մերը լինի: Դա նշանակում է, որ «մենք ինչ ուզենք, դա պետք է անենք»… Ժամանակին այդպիսի շանտաժ անում էին, երբ որ ստեղծվում էր Նիկոյանի հանձնաժողովը` «եկեք մասնակցեք, մենք ենք որոշելու, բայց դուք եկեք մասնակցեք, որպեսզի այդ հանձնաժողովի եզրակացությունը հետագայում ունենա իրավական ուժ, լեգիտիմ արժեք»: Բայց այն ժամանակ շարժման ղեկավարությունը շատ հստակ, ճիշտ որոշում կայացրեց եւ չմասնակցեց այդ աշխատանքներին: Հանրության եւ արտաքին ուժերի ճնշմամբ ստեղծեց Փաստահավաք խումբը», - ասաց Քոչարյանը` շարունակելով. - «Եթե Դավիթ Հարությունյանը հիմա նման բան է ասում, նա մտադիր չէ որեւէ բան բացահայտելու, նա մտադիր է որեւէ բան կոծկելու: Իսկ որ մինչեւ հիմա միշտ կոծկվել են ակնհայտ փաստերը, դա արդեն հինգ տարի պարբերաբար շարունակվում է: Եվ համաձայնել այդպիսի շանտաժների, գնալ այդ հանձնաժողովի կողմից առաջադրված որոշակի սղագրումների, դա նորից ես կարող եմ բնորոշել որպես սովորական գործարք, որը միտված էր հարցը մեկ տարով հետաձգելու»:

Քոչարյանի խոսքով` իշխանությունը շահեց, քանի որ նրան մեկ տարի այլեւս չեն անհանգստացնի այս հարցով:

«Բայց, կներեք, հենց ընտրությունների շեմին պետք էր այս հարցը իշխանությունների դեմը դնել: Որովհետեւ Մարտի 1-ի խնդիրն առաջացել էր 2008-ի նախագահական ընտրությունների առնչությամբ, եւ որպեսզի հաջորդ ընտրություններում այդպիսի բաներ չկրկնվեն, հիմա պետք էր իշխանություններից վերցնել այն, ինչը նրանք պարտավոր էին տալ հանրությանը բացահայտումների ձեւով», - ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը տարակուսած էր, թե ինչու զոհերի հարազատները ներկա չեն եղել պետաիրավական հանձնաժողովի այն նիստին, որի ժամանակ ձեռք է բերվել այդ համաձայնությունը, չէ՞ որ դրա նախորդ քննարկմանը նրանք մասնակցել էին:

Զոհերի հարազատներն այսօր են հանդիպել Կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին  փոխանցեց, որ ծնողները համաձայն են Կոնգրեսի հետ. ավելի լավ է ընտրություններից հետո ստեղծվի այդ հանձնաժողովը, քան համաձայնություն ձեռք չբերվեր եւ ՀՀԿ-ն հիմա դեմ քվեարկելով փակեր այդ հարցը:

«Ես երբեւէ չեմ կարող կասկածի տակ դնել Կոնգրեսի գործողությունները, որ նա մեր թիկունքի հետեւում ինչ-որ պայմանավորվածություններ է ունեցել Հանրապետական կուսակցության հետ: Միակ ուժը, որը մինչեւ այսօր մեզ օգնել է, դա Կոնգրեսն է: Կոնգրեսի շնորհիվ են մեր գործերը հիմա Եվրադատարանում, որտեղ դատի ենք տվել իշխանությանը, դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը: Եվ այսօր այդ ամենը կասկածի տակ դնել ես չեմ պատրաստվում», - ասաց զոհվածի մայրը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Գրանիտ , : Ռուսաստան
06.12.2012 00:15
+0 / -0
Դա "իշխանութըունների հետ երկխոսության"հաջորդ քայլն էր:
Դրանով ՀԱԿ-ը իրեն վերջնականապես ջնջեց քաղաքական ասպարեզից:
_Դե՝ արդեն դուք գնացեք պալատ, մենք ել գնանք մեր տները;
Ամոթ ձեզ:

Ամենակարդացվողը