Կիրակի, հոկտեմբերի 26, 2014 Ժամանակը Երեւանում 05:00

Քաղաքական

ՀԱԿ-ի հարցապնդումը ԱԺ-ում կքվեարկվի վաղը

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը այսօր ԱԺ-ում հնչեցրեց մենաշնորհներ վայելողների անունները:

x
Օգտվելով Ազգային ժողովում կառավարությունը հարցապնդում անելու հնարավորությունից` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարեց, թե, ըստ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցների, Հայաստանն ամենակոռումպացված երկրների շարքում է, եւ իշխանությունը չի պայքարում դրա դեմ:

Ընդդիմադիր պատգամավորը թվարկեց մենաշնորհային բիզնեսները: Նրա խոսքով` օլիգարխ է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահը (մալուխ է ներմուծում):

Զուրաբյանը այլ անուններ էլ հնչեցրեց. - «Ում հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն մերձավորի անունը, ով տիրապետում է բենզինի եւ դիզվառելիքի շուկային եւ միաժամանակ զբաղվում է բարեպաշտ սերնդի դաստիարակման ազնիվ գործով: Ում հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, ով ավիակերոսինի ներկրման մենաշնորհը զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրողի մենաշնորհային դիրքի հետ: Ում հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այլ էլ` իրականացվող մի մարդու կողմից, որը նման գերշահույթ ապահովող ձեռնարկատիրությունը Սահմանադրության խախտմամբ զուգորդում է պատգամավորական գործունեության հետ»:

Պատախանողը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էր: Նա կարծիք հայտնեց, որ ՀԱԿ ներկայացուցիչը վատ իրավիճակ ներկայացնելու համար ընտրել է միջազգային կառույցների այն զեկույցները, որտեղ Հայաստանում մռայլ գույներով է պատկերված, եւ ինքը մեջբերումներ ներկայացրեց այն զեկույցներից, որոնք փաստում են, որ Հայաստանը պայքարում է մենաշնորհի, գերիշխող դիրք ունեցողների դեմ, ապահովում է արդար մրցակցություն:

Նախարարը հերքեց, թե Հայաստանում կան մենաշնորհներ` ընդունելով, սակայն, գերիշխող դիրք ունեցողների առկայությունը:

«Պայքարելու ենք ոչ թե մենաշնորհների եւ գերիշխող դիրքի, այլ գերիշխող դիրքի չարաշահումների հետ կապված», - հավելեց Դավթյանը:

Զուրաբյանը այս պատասխանից եզրակացրեց, որ այն բացահայտում է «ահավոր մի իրողություն». - «Հայաստանի իշխանությունները` ի դեմս գործող կառավարության, ունեն մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկուի եւ փաստաբանի»:

Դավթյանը, մինչդեռ, պնդեց, թե սա «հայկական ֆենոմեն» չէ, աշխարհն անցել է այս ճանապարհով ու գտել լուծումներ` ընդունելով նաեւ, թե հնարավոր է, որ իրենց մշակած ծրագրերը բավարար չեն, եւ պատրաստականություն հայտնելով նոր ծրագրեր մշակելիս քննարկել նաեւ Կոնգրեսի առաջարկները:

«Մենք լի ենք քաղաքական կամքով, որպեսի այս խնդիրներում լուրջ գործողություններ անենք եւ ունենանք ռեալ, տեսանելի արդյունքներ», - հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:

Պատգամավորների անհրաժեշտ թվաքանակ չլինելու պատճառով Ազգային ժողովի նախագահը մինչեւ վաղը հետաձգեց ՀԱԿ-ի ներկայացրած ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը:

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ), ով, ենթադրաբար, վայելում է շաքարի ներկրման մենաշնորհը, վաղը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի այս հարցապնդմանը: Ալեքսանյանն այսօր ասաց, թե ինքը շաքար չի ներկրում, միայն հումք է ներմուծում, իսկ տեղում շաքարի արտադրությունը պատկանում է ոչ թե իրեն, այլ իր կնոջը:

«Ցավդ տանեմ, ես բիզնեսով չեմ զբաղվում», - լրագրողների հարցերին ի պատասխան ասաց պատգամավորը:

Կառավարությանը հարցեր ուղղելու համար հատկացված ժամանակի մեծ մասը տրամադրվեց իշխող կուսակցության ներկայացուցիչների գրավոր հարցերի պատասխաններին:

Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի եղբորորդին, երբ արեւմտյան մարտաֆիլմերի ոճով Երեւանում կրակել է, ինչու չեն ձեռնարկվել օրենքով սահմանված գործողությունները, եւ հանցագործության մասին հաղորդում չի գրանցվել: Ոստիկանությունը, ինչպես հիշեցրեց Փաշինյանը, ո'չ հաստատում, ո'չ հերքում է, որ նման դեպք տեղի է ունեցել:

Դա չհստակեցրեց նաեւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ասելով. - «Ես տեղյակ եմ, որ կա պաշտոնական հաղորդագրություն տուժողի վերաբերյալ կամ վկաների վերաբերյալ»:

Պատգամավորների կողմից այսօր հաստատված 2013-ի բյուջեի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրեն չի մտահոգում, որ նախագիծը միայն կոալիցիոն ուժերի հավանությանն է արժանացել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս բյուջեն, որն անխնա քննադատեցին ընդդիմադիրները, արդյոք կմեծացնի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրվելու շանսերը, վարչապետը պատասխանեց. - «Սա այն բյուջեն է, որը հնարավորություն է տալու անել առավելագույնը: Այս բյուջեն լուծում է շատ մեծ եւ լրջագույն խնդիրներ, որոնք կանգնած են մեր պետության առջեւ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերաբերող հարցերը վարչապետը հրաժարվեց մեկնաբանել:

Նա նաեւ ասաց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն այսօր իր հետ հանդիպմանը Հայաստանին այդ միությանն անդամակցելու առաջարկ չի արել:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը