Ուրբաթ, սեպտեմբերի 19, 2014 Ժամանակը Երեւանում 09:47

Մամուլի տեսություն

Դեկտեմբերի 6-ի մամուլ

Մուլտիմեդիա

Աուդիո
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե ամանորյա եռուզեռը հանենք` նախագահական ընտրություններին համարյա բան չի մնացել: Բայց խնդիրը միայն այն չէ, որ անորոշությունը պահպանվում է: Խնդիրն այն է, որ նախընտրական այս ժամանակահատվածը տրամագծորեն տարբերվում է նախորդներից: Ի՞նչ էր տեղի ունենում նախկինում: Ընտրություններից երկու ամիս առաջ «երկրորդ էշելոնի» քաղաքական գործիչները իրարից առաջ ընկնելով հայտարարում էին, թե անպայման առաջադրելու են իրենց թեկնածությունը եւ առնվազն երկրորդ փուլ են անցնելու: Իսկ հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակը` բոլորը հերթով հայտարարում են, որ իրենց թեկնածությունը չեն առաջադրելու: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ընտրություններում ընդդիմության մարտավարությունն այլ է: Եթե 2003-ին եւ 2008-ին խնդիր էր դրված միավորել ընդդիմությանը եւ հանդես գալ միասնական թեկնածուով, ապա հիմա ընդդիմությունը կարծես թե որոշել է գնալ այլ ճանապարհով: Այն է` քաղաքական բոլոր ուժերը հանդես են գալիս սեփական թեկնածուով, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը 50 տոկոս ձայն հավաքելու ոչ մի շանս չի ունենում, իսկ երկրորդ փուլում արդեն ինքնաբերաբար ի հայտ է գալիս «ընդդիմության միասնական թեկնածուն»` նա, ով ավելի շատ ձայներ է ստացել»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ի խմբագիրը. - «Այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու նախագահի ընդդիմադիր թեկնածուները, բայց ընտրարշավն, ըստ էության, սկսված է, այսպես ասած՝ «կույր եղանակով»: Ընտրարշավը չէր կարող չսկսվել, որովհետեւ ունի բանական, նույնիսկ կասեի՝ հոգեբանական ժամկետ՝ մի քանի ամիս: Իհարկե, Հայաստանում կուսակցությունների կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչ միանձնյա որոշում է առաջին դեմքը, իսկ հետո ձեւ է արվում, որ կուսակցությունների վերնախավը եւ լայն ժողովրդական զանգվածները «միահամուռ» պաշտպանում են այդ միանձնյա որոշումը: Այնտեղ, որտեղ կա միակարծություն, «բոլորը՝ մեկ մարդու նման» եւ այլն, այնտեղ չկա մրցակցություն եւ, հետեւաբար, զարգացման հնարավորություն: Մեր մենաշնորհները, որոնցից զուտ մարտավարական նկատառումներով իբր դժգոհ են որոշ կուսակցություններ, գալիս են հենց կուսակցություններից (բոլոր), որովհետեւ դրանք հիմնված են տվյալ կառույցում մեկ մարդու ճշմարտությանը տիրապետելու մենաշնորհի վրա»:

«Ժամանակ»-ը գրում է. - «ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության Բրյուսել կատարած այցի մասին հաղորդագրությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, մասնակիորեն հրապարակել է Գագիկ Ծառուկյանի որոշումը նախագահական ընտրությունների հետ կապված: Եվրոպացիներին որեւէ կերպ չի խանգարում Ծառուկյանի թեկնածությունը Հայաստանում: Ավելին` միգուցե նույնիսկ օգնում է, որովհետեւ այն կարող է մահակ լինել Սերժ Սարգսյանի գլխին: Սակայն այստեղ, իհարկե, իրավիճակը փոքր-ինչ հարաբերական է, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ինքը կարծես թե համառորեն չի ցանկանում իր ձեռքը վերցնել մահակն ու գնալ Սարգսյանի դեմ: Այնուամենայնիվ, Եվրոպան, փաստորեն, տալիս է կանաչ լույս Ծառուկյանին` հավանաբար մտածելով, որ նրա առաջադրվելը ավելի օգտակար է, քան չառաջադրվելը: Այսպիսով, Ծառուկյանը եւս մի քայլ է կատարում դեպի նախագահի թեկնածություն: Հետաքրքրական է, թե նրա այս քայլն ինչ արձագանք է գտնելու «միասնական թեկնածուի» գաղափարի համատեքստում»:

«168 ժամ»-ը ՀՀՇ անդամ, Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանին հարցնում է. - «Ըստ Ձեզ` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ոչ»: Պատասխան. - «Ես գուշակ չեմ եւ չեմ կարող ասել, թե ում մտքին ինչ կա: Մեկն ասում է` «այդ մասին` հաջորդ դասին», մյուսն ասում է` «կգնամ, կգամ` նոր կասեմ», ճղճիմ խաղեր են: Այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքն ամենաշահեկանն է, որովհետեւ ընդհանրապես ոչինչ չի ասում: Ավելի լավ է լռել, քան հիմարություններ դուրս տալ: Եթե որեւէ մեկը դրեց իր թեկնածությունը նրա դեմ, միեւնույն է, իշխանությունը կեղծիքներով հաղթելու է, որովհետեւ նրա կարգվելը ձեռնտու է ե'ւ ամերիկացիներին, ե'ւ ռուսներին, ե'ւ եվրոպացիներին` նրա դեմ կոմպրոմատ ունեն: Նրանցից ոչ մեկին անկախ անձնավորություն ձեռնտու չէ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ինչպե՞ս է ծնվում կոռուպցիան։ Երբ իշխանության հանդեպ հասարակական վերահսկողությունը կոմայի մեջ է։ Ի՞նչ կարող է ձեռնարկել վերահսկողությունը կորցրած հասարակությունը։ Էվոլյուցիոն ճանապարհով, ցավոք, ոչինչ։ Պետությունը, որպես հասարակական ինստիտուտ, ինքը պիտի միացնի պահվածքի ֆորմալ եւ ոչ ֆորմալ կանոնների պահպանումն ապահովող մեխանիզմները։ Եթե նման մեխանիզմներ չեն գործում, ապա չինովնիկի «շահ-ռիսկ» հավերժական երկընտրանքը լուծվում է հօգուտ սեփական շապիկի։ Պարզ է, որ հանգեցնել ամեն ինչ սեփական շարքերում կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու իշխանության ձգտմանը (իրական կամ լոկ ցուցադրական), միամտություն կլիներ։ Մեզ ղեկավարում են բավականաչափ խելացի մարդիկ, որոնք գերազանց հասկանում են. արթնացնելով հակակոռուպցիոն ջինը, կարելի է բանը հասցնել անգամ համակարգի փլուզման»։

Ամենակարդացվողը