Ուրբաթ, հոկտեմբերի 24, 2014 Ժամանակը Երեւանում 13:33

Քաղաքական

ՀՀԿ-ն «ամոթալի» է որակում ԲՀԿ-ի բրյուսելյան հայտարարությունները

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ՀՀԿ-ն «ամոթալի» է որակում ԲՀԿ-ի բրյուսելյան հայտարարությունները

Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ամոթալի է որակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) բրյուսելյան հաղորդագրությունը:

Չորեքշաբթի օրը ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել Բրյուսելում Գագիկ Ծառուկյանի ունեցած պաշտոնական հանդիպումների մասին: Ուշագրավ է հատկապես հաղորդագրության այն հատվածը, որտեղ Ծառուկյանը եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում լուրջ մեղադրանք է ներկայացնում գործող իշխանություններին:

«Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք ենք ղեկավարում այդ պայքարը», - ասված էր ԲՀԿ-ի հաղորդագրությունում:

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը իր հարստության մի զգալի մասը կուտակել է 1998-2008 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում։ Կարծիքներ կան, որ Ծառուկյանը մինչեւ այժմ շարունակում է ջերմ հարաբերություններ պահպանել նախկին նախագահի հետ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները բազմիցս քննադատել են Գագիկ Ծառուկյանին՝ նրան մեղադրելով իշխանական լծակները հարկերից խուսափելու նպատակով օգտագործելու մեջ։ Ծառուկյանը հերքում է նման մեղադրանքները։

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր բավական կոշտ հակադարձեց Գագիկ Ծառուկանի այս հայտարարությանը` ասելով , թե իրենք էլ կարող են շատ բան ասել, օրինակ, թե իրականում ինչ են մտածում եվրոպացիները ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի մասին:

«Մենք չենք ասում, որ Եվրոպայում, ըստ մեր եվրոպացի գործընկերների կարծիքների, ԲՀԿ-ին դիտարկում են որպես արհեստական ուժ: Մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն հասել է որոշակի հաջողության, կրկին ըստ եվրոպացի պատգամավորների, պոպուլիստական քաղաքականության արդյունքում: Մենք չենք ասում, որ ըստ եվրոպացի որոշ պատգամավորների` ԲՀԿ-ի առաջնորդը ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության եւ առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ», - ասաց Շարմազանովը` շարունակելով. - «ԲՀԿ-ն, էլի ըստ մեր եվրոպացի գործընկերների, ոչ թե իրականացնում է պայքար, որը հիմնված է գաղափարական հիմունքների կամ ծրագրերի հիման վրա, այլ ընդամենը իշխանությունը զավթելու: Դա մենք չենք ասում, իրենք են ասում»:

Ի դեպ, ՀՀԿ-ի խոսնակն, անդրադառնալով եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանի արած հայտարարություններին, ԲՀԿ-ին եւ, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տվողներին առաջարկեց ընթերցել Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերից մեկը. - «Նա ասում էր` ես անխնա քննադատում եմ իմ երկրի իշխանություններին իմ երկրի ներսում, բայց երբեք ինձ շռայլություն թույլ չեմ տա քննադատել իմ երկրի կառավարությանը իմ երկրի սահմաններից դուրս»:

ԲՀԿ-ի տարած հաղորդագրության մեջ մեկ այլ ուշագրավ հատված էլ կա, որտեղ նշվում է, թե Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը ասել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում Ծառուկյանը «կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի նա առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»: Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը առնվազն խոսել է նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին, ինչից հետո էլ եվրոպացի պաշտոնյան նման հայտարարություն է արել: Մինչդեռ պաշտոնական հաղորդագրության մեջ Ծառուկյանի առաջադրման մասին խոսք անգամ չկա: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարության, մասնավորապես իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրելու պատճառն ա՞յն է, որ ԲՀԿ-ին այդպես էլ չի հաջողվել ստանալ վարչապետի պաշտոնը, Շարմազանովն ասաց, թե «քաղաքական կապրիզներով» Հանրապետականի հետ խոսել չի կարելի:

«Մենք երբեք պաշտոններ վաճառելով, նվիրելով, մութ գործարքների գնալով չենք զբաղվել եւ մենք չենք առաջնորդվում այս կամ այն գործչի կամ քաղաքական թիմի թվացյալ քաղաքական կապրիզներով», - ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր չցանկացավ անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հայտարարություններին: Սակայն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը մինչ օրս հրապարակային չէր խոսում կուռումպացված իշխանությունների մասին եւ դա արեց միայն Բրյուսելում, ասաց. - «Միգուցե համբերության բաժակը լցվեց, միգուցե հույս ուներ, որ մարդիկ իրենք իրենցով կշտկվեն»:

Արձագանքելով ՀՀԿ-ի խոսնակի դիտարկմանը, թե եվրոպացիներն իրականում լուրջ չեն վերաբերում Ծառուկյանին եւ որ նա թույլ պատկերացումներ ունի քաղաքականությունից, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե «շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի երեւա թե, ով է լուրջ, ով` անլուրջ»:

«Չեմ կարծում, որ այսօր որեւէ մեկը, քան Գագիկ Ծառուկյանը, ունի ավելի մեծ համախոհների բանակ, որոնք ունեն իրական կշիռ, ոչ թե գլխաքանակ», - ասաց նա:

Անդրադառնալով Շարմազանովը պնդմանը, թե ԲՀԿ-ն ուզում է իշխանություն զավթել, Խաչատրյանն ասաց. - «Իշխանություն զավթելը հանցագործություն է, մենք ուզում ենք գնալ մաքուր ընտրությունների եւ որոշել քաղաքական ուժերի իրական կշիռը` ոչ քիմիական պրոցեսների արդյունքում: Դրանց արդյունքում որոշվում է գլխաքանակը, բայց ոչ` քաղաքական կշիռը»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ձեռնպահ մնաց մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հայտարարությունները:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Գրանիտ , : Ռուսաստան
07.12.2012 18:35
+0 / -0
ՈՒշագրավ է, որ ՀՀԿ-ն չի ժխտում իր կոռումպացված լինելը
(դա իրենց վերապահված է), այլ ասում է թե, որ իրենք նրանցը չեն ասում՝ նրանք ել իրենցը չասեն:
Իրար արժանի "Մւզիկանտ"-ներ են:

Ամենակարդացվողը