Շաբաթ, դեկտեմբերի 20, 2014 Ժամանակը Երեւանում 19:02

Քաղաքական

ՀՅԴ-ն իր օրակարգը համարում է «հասարակությանը համախմբելու ելակետը»

Օրակարգի թեկուզ մեկ կետի շուրջ անհամաձայնության դեպքում, ըստ ՀՅԴ-ի, չի կարող երաշխավորվել հռչակված նպատակադրումների հաջողությունը:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթ է ունենում խորհրդաժողովում:ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթ է ունենում խորհրդաժողովում:
x
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթ է ունենում խորհրդաժողովում:
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթ է ունենում խորհրդաժողովում:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ՀՅԴ-ի պնդում է, որ իր օրակարգի իրականացումը կոնսենսուս է պահանջում

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վստահ է, որ դեռեւս մեկ ամիս առաջ ընդդիմադիրր դաշտի եւ ողջ հասարակության համախմբման նպատակով քաղաքական քննարկումների ներկայացված յոթ կետանոց օրակարգի թեկուզեւ մեկ կետի շուրջ ընդհանուր համաձայնության չհանգելու պարագայում չի կարող երաշխավորվել հռչակված նպատակադրումների հաջողությունը, քանի որ այդ կետերը սերտորեն փոխկապակցված են:

Այսօր ՀՅԴ-ի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում այս արձանագրումը բազմիցս շեշտվեց դաշնակցական գոծիչների ելույթներում:

Հիշեցնենք, Դաշնակցության առաջարկած օրակարգում ընդգրկված էին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրումը պետական կարգավորող տարբեր հանձնաժողովներում ղեկավար պաշտոնների տեսքով, բիզնեսի եւ քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախության ապահովումը, արտաքին քաղաքականության մասով՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչումը եւ այլն։

Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ընդգծեց, որ այս նպատակադրումների շուրջ համաձայնության հասնելուց հետո միայն կարելի է խոսել ընդդիմության միասնական թեկնածուի մասին:

«Հերթականությունը փոխելը փակուղի է», - հայտարարեց նա` փաստարկելով. - «Որովհետեւ նախ այսպես առնվազն կունենանք համաձայնեցված օրակարգ, որ ինքնին չափազանց դրական ազդակ է` հասարակությանն ուղղված, եւ կարող է միշտ հասարակության համախմբման համար լավ հիմք ծառայել: Որեւէ մեկը այնպիսի անվերապահ հեղինակություն չի վայելում, որ իր անձը ինքնին երաշխիք լինի` հասնելու ժողովրդին այդքան անհրաժեշտ փոփոխություններին: Հետեւաբար որեւէ անձի պաշտպանությունը հնարավորինս լայն շրջանակի կողմից անհնարին է` առանց համատեղ քայլերի համաձայնեցման»:

Եթե հաջողվի այս պահանջների շուրջ ձեւավորել լայն համաձայնություն, ապա, ըստ Ռուստամյանի, առաջնորդի հարցն ինքնին կլուծվի, ուստի միայն ներկայացվող օրակարգն է հասարակությանը համախմբելու ելակետը:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն առավելապես կենտրոնացավ յոթ կետանոց օրակարգի սոցիալ-տնտեսական հատվածի վրա: Նրա պատկերավորմամբ` պետությունն ամբողջությամբ ձեռքերը լվացել է բնակչության հոգսերը հոգալու, մարդկանց իրավունքները պաշտպանելու պարտավորությունից, եւ հենց սրանով է պայմանավորված օրակարգում ընդգրկված կարեւոր կետերից մեկը՝ պետության կարգավորիչ դերի վերականգնումն ու ամրապնդումը: Մինասյանը համարում է, որ հենց պետության կողմից պաշտպանություն չտեսնելու, աշխատատեղեր եւ սոցիալական հեռանկարներ չունենալու, իրենց իրավունքներն իրացնել չկարողանալու հանգամանքն է երիտասարդներին մղում արտագաղթի:

Այդ ամենի հիմնական պատճառը, նրա համոզմամբ, բիզնեսի եւ իշխանության սերտաճումն է. -
ՀՅԴ ղեկավար անդամ Արծվիկ ՄինասյանՀՅԴ ղեկավար անդամ Արծվիկ Մինասյան
x
ՀՅԴ ղեկավար անդամ Արծվիկ Մինասյան
ՀՅԴ ղեկավար անդամ Արծվիկ Մինասյան
«Հավատացեք, եթե իշխանության գլխին կանգնած է մարդ կամ խումբ, որն առաջնորդվում է սեփական անձի կամ խմբի բիզնես շահերով եւ որոշումներ է կայացնում միայն այդ շահերից ելնելով, հասարակությունը, քաղաքացիները այստեղ պետք է ընդամենը ծառա լինեն, ընդամենը պետք է ստրուկ լինեն: Իսկ ժամանակակից աշխարհում քաղաքացին ինքը պետք է թելադրի, ինքը պետք է պարտադրի իշխանությանը առաջնորդվելու իր շահերով: Այլ կերպ ասած` այնտեղ, որտեղ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճում են իրար հետ, մենք չենք կարող ակնկալել արդյունավետ պետական կառավարում»:

Համաժողովին հրավիրված էին նաեւ ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում Դաշնակցության նախաձեռնությունը բեկումնային գնահատեց եւ նշեց, թե իբրեւ մեկնարկային փաստաթուղթ այն իր համար ամբողջությամբ ընդունելի է:

«Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կետերը պետք է բացվեն, եւ յուրաքանչյուր թեկնածու նախագահության, եւ ինչն ավելի կարեւոր է` խորհրդարանական ապագա հանրապետության յուրաքանչյուր վարչապետի թեկնածու նույնպես պետք է չափվի այս 7 կետերի եւ իրենց բացված տարբերակներին համապատասխան», - նշեց Հովհաննիսյանը:

Համաժողովին ներկա էր Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի համար ընդունելի են Դաշնակցության օրակարգի բոլոր յոթ կետերը, պատասխանեց, թե իրենց համար ընդունելի է խնդրի դրվածքը. - «Հիմնական դրույթներով համաձայնությունները կայացած են, եւ եթե կան էլեմենտներ, որոնց շուրջ համաձայնություններ չկան, ապա դրանց լուծման տարբերակները մենք ունենք: Այսինքն` համաձայնություն ընդհանուր առումով կա: Փաստաթուղթը մեծ առումով իսկապես ծրագրային փաստաթուղթ է եւ համապատասխանում է ժամանակի խնդրի դրվածքին: Ես Արմենի [Ռուստամյան] հետ լիովին համաձայն եմ, որ ծրագրային դրույթը երբեք չի կարող հետո լինել թեկնածուից»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը տարաձայնություն ունեն, մասնավորապես, ամբողջությամբ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցի շուրջ, ինչին ՀԱԿ-ը դեմ է:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը