Շաբաթ, նոյեմբերի 22, 2014 Ժամանակը Երեւանում 03:59

Քաղաքական

Հայրիկյան. «Ընտրություններին գնում ենք խոսքի ազատության պայմաններում»

Միաժամանակ, ԱԻՄ-ի առաջնորդը համոզված է, որ «այս ընտրություններով իշխանափոխություն չի իրականանա»։

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
x
«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Հայրիկյան. «Ընտրություններին գնում ենք խոսքի ազատության պայմաններում»

Հայաստանը նախագահական ընտրություններին գնում է խոսքի ազատության պայմաններում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Ես [2012 թվականի մայիսի] խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախապես տեսա, թե ինչպես է ընտրակաշառքը իրացվում, փաստերի հիման վրա ասացի, որ ես այդպիսի ընտրությունների մասնակցելու կոչ չեմ անի իմ հայրենակիցներին, մանավանդ որ այդ ընտրությունները որեւէ բախտորոշ նշանակություն չէին կարող ունենալ մեր ժողովրդի կյանքում», - ասաց Հայրիկյանը` շարունակելով. - «Բայց այսօր, երբ խորհրդարանական ընտրություններում գոնե մի բան ակնհայտ էր, որ խոսքի ազատությունը ապահովվեց` առաջին անգամ հայ ժողովրդի պատմության մեջ խոսքի ազատությունը ընտրություններում ապահովվեց, չնայած ընտրակաշառքը այնպես գործեց, որ այդ խոսքի ազատությունն էլ անիմաստ դարձավ, բայց քանի որ խոսքի ազատությունը պահպանվեց, իսկ ես խոսքի ուժով աշխատելու ընդունակ եմ, ես իմ հակառակորդն եմ համարում նաեւ այդ ընտրակաշառք երեւույթը եւ խոսքի ուժով պատրաստ եմ դրան դիմակայել»։

«Դուք ասացիք` խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ գործեց խոսքի ազատությունը։ Դուք կարծում եք` հիմա է՞լ է նույն վիճակը», - այս հարցին ԱԻՄ-ի առաջնորդ արձագանքեց. - «Համեմատաբար` այո, կարող ենք ասել, որ այս նախագահական ընտրություններին գնում ենք խոսքի ազատության պայմաններում։ Որոշ խախտումներ արդեն դրսեւորվեցին` փոքր չափի, բայց կատարվածը համարում եմ ձեռքբերում, եւ սա իշխանությունների բարեհաճության դրսեւորում չէր, ես հասկանում եմ, որ դա նաեւ Հայաստանի ընդունած միջազգային պարտավորությունների նկատմամբ իրականացվող հսկողության դրսեւորման արդյունք էր, որովհետեւ եթե այս հսկողությունը չլիներ, բնականաբար, նա, ով ընտրակաշառք էր բաժանում, նա նաեւ այլ բանի մասին կմտածեր»։

Ի պատասխան հարցի` հավատո՞ւմ է արդյոք, որ այս ընտրությունները հնարավորություն կտան իշխանափոխության հասնել քվեարկելու միջոցով, Հայրիկյանը հայտարարեց.  - «Ամենատխուր իրողությունը ձեզ ասեմ. դարձյալ մեր մեջ ասած` այս ընտրություններով, Հայաստանի Սահմանադրությամբ, իշխանափոխություն չի իրականանա, որովհետեւ իշխանությունը, ցավոք սրտի, ամբողջությամբ եւ մի քանի պաշտպանական գծերով` օրինական եւ ապօրինի, պատկանում է Սերժ Սարգսյանին։ Տեսեք, չեմ ասում` Հանրապետական կուսակցությանը. պատկանում է Սերժ Սարգսյանին եւ նրա ենթակա զինակիցներին` մեղմ ասած»։

Իսկ թե ինչո՞ւ է մասնակցում ընտրություններին, եթե դրանց արդյունքում իշխանափոխություն չի ակնկալում, ԱԻՄ-ի առաջնորդը այսպես պարզաբանեց. - «Ես սկզբից ասացի` ես խոսքի ուժով շատ բան եմ կարողացել անել, եւ եթե դա լիներ նախագահի խոսք, ապա այդ խոսքի ուժով ես կկարողանամ, կարծում եմ, նաեւ Սերժ Սարգսյանին համոզել։ Այսօր ինքը հարգանքով լսում է իմ ասածները, բայց ոչ մի կերպ ընթացք չի տալիս»։

Հայրիկյանը նշեց, թե որոշեց մասնակցել գալիք նախագահական ընտրություններին, քանի որ, «եթե դու քաղաքական գործիչ ես եւ չես անցել թոշակի, ապա, բնականաբար, պետք է մասնակցես երկրի քաղաքական կյանքի համար կարեւոր իրադարձություններին»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական ազդեցիկ քաղաքական ուժեր` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն, հրաժարվեցին թեկնածու առաջադրել փետրվարյան նախագահական ընտրություններին, Հայրիկյանը արձագանքեց. - «1-2 դեպքում պետք է ենթադրել, որովհետեւ Կոնգրեսի դեպքում գիտենք, որ ծերանալու մասին խոսակցությունները անհեթեթություն են, մանավանդ այն մարդու կողմից, ով ասում է` «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Այսինքն մինչեւ իր վերջը ինքը պետք է պայքարի, բայց իր վերջը դեռ չի եկել եւ ինքը այսպես կոչված պայքարը դադարեցնում է: Ես դա հիմնավորում չեմ համարում: «Բարգավաճ Հայաստանի» պահվածքի մասին ժողովուրդը տարբեր բաներ է խոսում: Ես երկու բան կարող եմ ենթադրել. նրանք [ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն] սերտ դաշնակիցներ լինելով, եւ ի տարբերություն քաղաքագիտության մեջ հայտնի ձեւակերպումների` կամ ընդդիմություն ես կամ իշխանություն, երեւի շարունակում են մնալ ինչ-որ չափով դաշնակիցներ... այդ պատճառով հայտարարություն էլ չարեցին, որովհետեւ ճիշտ է եւ հարգալից է ընտրողների նկատմամբ, երբ դու քո դիրքորոշումը մեկնաբանում, բացատրում ես շատ հստակ»:

«Բարգավաճի ղեկավարը ինձ կամ Դաշնակցության ղեկավարի հետ հանդիպելուց հետո չի որոշել, որ չի առաջադրվելու: Նա իշխող Հանրապետականի ղեկավարի հետ հանդիպելուց հետո է որոշել, նրա հետ է խորհրդակցել, ուրեմն նրա հետ է հարցեր ճշտում: Դաշնակցությունը նախորդ նախագահականին մասնակցել է, տեսել են, որ որպես ինքնուրույն ուժ` շահեկան վիճակում չեն կարող գտնվել», - մանրամասնեց Հայրիկյանը:

Նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են փետրվարի 18-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են առաջադրված մեկեւկես տասնյակ թեկնածուներից 7-ը` գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ Պարույր Հայրիկյանը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
gagik , : erevan
07.01.2013 16:26
+0 / -0
haerikyan,du lrir..darcel es geghamyan...amot qez..aveli lava muratskanutyun anes....