Կիրակի, սեպտեմբերի 21, 2014 Ժամանակը Երեւանում 16:04

Միջազգային

Կիեւ․ «Մաքսային միությունը համատեղելի չէ ԵՄ ազատ առեւտրի գոտու հետ»

Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրի քարտեզըԵվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրի քարտեզը
x
Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրի քարտեզը
Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրի քարտեզը
Պաշտոնական Կիեւը եւս հաստատում է՝ Պուտինի նախաձեռնած Մաքսային միությունը անհնար է համատեղել Եվրամիության առաջարկած ազատ առեւտրի գոտու հետ: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքսի», այսօր գրել է Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեեւը՝ տեղական մամուլում հրապարակած հոդվածում:

Դիվանագետը փաստել է, որ նախկին Խորհրդային Միության երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ուկրաինան, կարող են միաժամանակ անդամակցել թե՛ Եվրամիության ազատ առեւտրի գոտուն, թե՛ ԱՊՀ տարածքում ստեղծված նույնանման կառույցին, սակայն, չեն կարող անդամակցել Մաքսային միությանը, որի շուրջ հավաքվել են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաեւ Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակը՝ Հայաստանի մասով: Եվրոպացի պաշտոնյան նշել էր. - «Եթե Հայաստանը որոշի միանալ որեւէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքվելիք երկկողմանի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունը ընդհանուր արտաքին առեւտրական քաղաքականություն ունի եւ անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ մաքսային միությանը այլեւս ինքնիշխան չեն իրենց արտաքին առեւտրի քաղաքականության բնագավառում»:

Հիշեցնենք՝ ներկայումս Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը բանակցություններ են վարում Բրյուսելի հետ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ: Ակնկալվում է, որ փաստաթղթի ստորագրման դեպքում այս երկրներում արտադրված ապրանքները կարող են անարգել եւ շահավետ պայմաններով մուտք գործել Եվրոպական հարուստ եւ գնողունակ շուկա: Փորձագետների գնահատմամբ, Եվրամիության այս առաջարկը կարող է նոր ներդրումներ բերել ետխորհրդային այս երկրներ ու նպաստել տնտեսության զարգացմանը, այն դեպքում, երբ Կրեմլի նախաձեռնած Մաքսային միությունը առայժմ հստակ հեռանկարներ չի ուրվագծում:

«Եվրամիության հետ ազատ առեւտրի այս պայմանագիրը պահանջում է, որ  ուկրաինական ընկերությունները աստիճանաբար բարելավեն իրենց արտադրած ապրանքների որակն ու արդյունավետությունը, մինչդեռ ԱՊՀ-ի հետ առեւտուրը գուցե տնտեսական իրողությունների պահանջ է, սակայն, չի խթանում փոփոխություններ: Առեւտուրը Եվրամիության հետ՝ ներդրում է ապագայի մեջ»,-այսօր գրել է Եվրամիությունում Ուկրաինայի դեսպանը:

Ամենակարդացվողը