Երեքշաբթի, Հուլիս 29, 2014 Ժամանակը Երեւանում 20:47

Հայաստան

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Հայաստանում է

Դեսպան Թալիավինին եւ առաքելության հիմնական կազմը վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Հայաստանում է

Առաջիկա նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Հայաստանում է: ԵԱՀԿ գրասենյակի տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեսպան Թալիավինին եւ առաքելության հիմնական կազմը վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով, որով կազդարարվի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության բացումը: Հիմնական կազմը ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 11 երկրների 13 մասնագետներ ու վերլուծաբաններ: Իսկ երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն առաջիկա երկուշաբթի` հունվարի 14-ին:

Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պաշտոնական էջի, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները վերահսկելու են ԺՀՄԻԳ-ի 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ։ Երկարաժամկետ դիտորդները մինչեւ փետրվարի 25-ը աշխատելու են Հայաստանի ողջ տարածքում: Իսկ կարճաժամկետները կժամանեն փետրվարի 15-ին, կվերահսկեն ընտրական ողջ գործընթացը ընտրատեղամասերի բացումից մինչեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմումը, եւ առաքելությունը կավարտեն փետրվարի 21-ին: Իսկ հիմնական կազմը մինչեւ փետրվարի 28-ը կմնա Հայաստանում:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է գնահատի Հայաստանում նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին եւ տեղական օրենսդրությանը», - նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պաշտոնական էջում:

ԺՀՄԻԳ-ը ընդգծում է, որ դիտորդների ուշադրության կենտրոնում են լինելու նախընտրական քարոզչությանը, ընտրական հանձնաժողովների եւ պետական պատկան կառույցների աշխատանքը, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտն ու ընտրական վեճերի հանգուցալուծման գործընթացը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում է գտնվելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ միջազգային այլ դիտորդական կազմակերպությունից առայժմ դիտորդական առաքելության համար հավատարմագրման դիմումներ չեն ստացվել:

Ինչ վերաբերում է տեղական կազմակերպություններին՝ այս պահին տեղական միայն մեկ կազմակերպություն է հավատարմագրված. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 63 դիտորդներով: Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, թե որեւէ ակնկալիք չունի, որ առաջիկա նախագահական ընտրությունները մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից դրական առումով տարբերվելու են։

«Վերստին պետք է վարչական ռեսուրսներ օգտագործվեն, ընտրական կաշառքները կկիրառվեն, պետական հիմնարկներին, պետական ծառայողներին մեծ ծավալով կներգրավեն ընտրական գործընթացների մեջ: Այս ամենը կատարվելու է, որովհետեւ առանց դրա իշխանությունը ինքն իրեն պահելու ռեսուրս չունի, չունի քաղաքականություն, որը հանգեցրել է կոնկրետ արդյունքների եւ այդ արդյունքների հիման վրա կարողանա այսօր հավակնություն ունենալ ընտրողների մեծամասնության աջակցությունը ստանալու: Այնպես որ այն գնահատականները, թե ամեն ինչ կանխորոշված է եւ այլն, ընդամենը պրոպագանդա են», - նշեց Սաքունցը։

Ընտրողների թիվն ավելացել է 25 հազարով


x
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից ի վեր, այս տարվա հունվարի 6-ի դրությամբ Հայաստանի ընտրողների թիվն ավելացել է մոտ  25 հազարով: Ավելի ստույգ, ընտրացուցակներում ընտրողների թիվն ավելացել է 60 հազար 645 ով, սակայն եթե այդ թվից հանում ենք մահացած, զորակոչվելու եւ այլ հիմքերով հաշվառումից հանված 35 հազար 592 քաղաքացիներին, ապա ստանում ենք ընտրողների թվի՝ 25 հազար 53-ով ավելանալու պատկերը:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, ընտրողների թիվն ավելացել է 18 տարին լրացած 29 հազար 986 քաղաքացիների, բանակից զորացրվածների, նոր հաշվառվածների հաշվին:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ արտագաղթի հետեւանքով բնակչության թվի նվազման ֆոնին ընտրողների թվի անընդհատ աճի փաստը պայմանավորված է    արտերկրում բնակվող բազմահազար քաղաքացիների՝ Հայաստանում հաշվառումից դուրս չգալու հանգամանքով։

«Հաշվառված անձանց թիվը չի նվազի, եթե դրսում մշտապես գտնվողները այդ մասին մեզ իրենք չհայտնեն: Իսկ օրենքը պարտավորեցնում է, որ եթե 6 ամսից ավելի դրսում ես գտնվում, պիտի հայտնես։ Այդ պարտականության չկատարման համար վարչական պատասխանատվություն է նախատեսված: Բայց մեր քաղաքացիներն այդ պարտականությունը չեն կատարում, եւ արդյունքում մենք չենք կարող ուղղակի վերցնել եւ մարդուն ռեգիստրից հանել, որովհետեւ նա դրսում է», - նշեց Քոչարյանը։

Պաշտոնական հիմնավորումները ընդդիմությանը վստահություն չեն ներշնչում։ Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «կասկածելի» որակեց հրապարակվող թվերը։

«Պարզ հաշվենք՝ 18 տարեկան 1995 թվականին ծնվածներն են, իսկ 1994-95 թվականներին ինչպիսի ծնելիություն էր՝ բոլորս շատ լավ հիշում ենք: Ուստի, հաշվի առնելով նաեւ այսօրվա մահացությունների աստիճանը, ինձ համար, այնուամենայնիվ, դա խիստ կասկածելի է: Եվ ես կասկածում եմ, որ ընտրություններում այդ շրջիկ քվեարկող խմբերը հենց նման ուռճացումների հաշվին են շրջում», - ընտրացուցակներում շուրջ 30 հազար 18 տարին լրացածների հայտնվելու փաստը մեկնաբանեց Մարտիրոսյանը։

Հայաստանի տարածքում 1988 ընտրատեղամասեր արդեն ձեւավորված են, տեղամասերում ընտրացուցակներն արդեն կախված են, երեկվանից դրանք տեղադրված են նաեւ Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային էջերում, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան դրանք ստուգել եւ անճշտությունների մասին տեղեկացնել Ոստիկանությանը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը