Երեքշաբթի, հոկտեմբերի 21, 2014 Ժամանակը Երեւանում 02:47

Քաղաքական

Յոթ թեկնածուների գրանցումը մեխանիկորեն մերժվեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքըԿենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը
x
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Յոթ թեկնածուների գրանցումը մեխանիկորեն մերժվեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) սահմանած լրացուցիչ 48 ժամվա ընթացքում միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն է ներկայացրել 8 միլիոն դրամ ընտրագրավի անդորրագիրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ԿԸՀ-ից, մնացած 7 թեկնածուների գրանցումը մեխանիկորեն մերժվում է:

Այսպիսով, սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8 թեկնածուներ` գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը եւ անկուսակցական Վարդան Սեդրակյանը, ով հայտնի է որպես էպոսագետ: Հանձնաժողովը թեկնածուների գրանցումը կավարտի հունվարի 14-ին: 

Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, ում եւս լրացուցիչ ժամանակ էր տրված 8 միլիոն դրամը մուծելու համար, այսօր հայտարարեց, թե գումարն իր համար խնդիր չէ, սակայն ետ է կանգնել առաջադրվելու մտադրությունից:

«Ոչ մի բողոք չունեմ էդ ութ միլիոնից եւ մյուս միլիոններից: Մենք նախատեսված գումարով ենք մտել` 200 հազար դոլար ես ունեցել եմ իմ հաշվի վրա, բայց զգացինք, որ այն կողմը, որի համար մենք գնալու ենք մինչեւ վերջ, առայժմ պատրաստ չէ այդ փոփոխություններին: Ու այն արձագանքը վերջին տաս օրվա մեջ ես չգտա, չեմ գտնում, որ կարելի է մեծ գումար ներդնել», - ասաց կարատեիստ թեկնածուն:

Աբրահամյանը, սակայն, չի բացահայտում ֆինանսական աղբյուրները: Միայն ասաց, որ ներդրում անողը սպորտի ոլորտից է, իսկ գումարը կպահի հաջորդ ընտրությունների համար:

«Ընթացքում նախապատրաստենք ժողովրդին, նոր… իմ կարգախոսն է` «Մենք հայ ենք, մենք հզոր ենք, մենք Հայաստանի արժանի զավակներն ենք», իսկ դրան հասնելու ուղին շատ բարդ է լինելու», - ասաց նա: 

Ընտրապայքարից դուրս մնացած մեկ այլ թեկնածու` Ռոբերտ Ահարոնյանը, ով ներկայանում է որպես «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման ղեկավար, համակիրների օգնությամբ հավաքել է մոտ 32 հազար դոլար, սակայն կարծում է, որ ընտրագրավ մուծելով գումարն անիմաստ կծախսվի:

«Նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ հաղթում է փողը: Գաղափար Հայաստանում չկա: Սերժ Սարգսյանը գաղափարապես պարտություն կրեց, քանի որ Հայաստանի սոցիալիստները եւ «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժումը չունի այդքան հնարավորություն` պայքարել գումարով Հանրապետական կուսակցության դեմ», - ասաց Ահարոնյանը:

Ահարոնյանը եւս հավաքած գումարը պահելու է հաջորդ ընտրությունների համար. - «Կան մարդիկ, որոնք «օլիգարխոտ են», ոչ շատ օլիգարխ, նրանք արդեն պատրաստ են ֆինանսավորել մեր հետագա ծրագրերը», - ասաց նա:

Ընտրագրավը չմուծած թեկնածուներից երկուսը` թոշակառու Պավլիկ Սարգսյանը եւ «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը ի սկզբանե հայտարարեցին, որ հակասահմանադրական են համարում ընտրագրավի պահանջը եւ մտադիր չեն մուծել այն: Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր գրանցումը մերժելու որոշումը ապօրինի որակեց:

«Դա խարդախության հիման վրա շորթում է: Արդեն դիմել ենք եւ դատախազություն, եւ Սահմանադրական դատարան, եւ վարչական դատարան», - փոխանցեց նա:

Մերժված թեկնածուների ցանկում են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը, ով սակայն հայտարարել է, թե կուսակից ընկերների հորդորներով ինքնակամ դուրս է մնում ընտրապայքարից: Իսկ անկուսակցական Մհեր Հայրապետյանը եւ Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը մինչեւ վերջին պահը ասում էին, որ փորձում են հայթայթել ընտրագրավի համար անհրաժեշտ գումարը: Նարինե Մկրտչյանը փոխանցեց, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ` պարզաբանելով, թե ինչու չհաջողվեց հավաքել 8 միլիոն դրամը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը