Կիրակի, հոկտեմբերի 26, 2014 Ժամանակը Երեւանում 09:05

Իրավունք

ԱԺ-ում կեղծ քվեարկությունները քրեականացնելու օրինագիծը մերժվեց

Հայաստան - Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները ԱԺ-ի նիստում, Երեւան, արխիվՀայաստան - Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները ԱԺ-ի նիստում, Երեւան, արխիվ
x
Հայաստան - Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները ԱԺ-ի նիստում, Երեւան, արխիվ
Հայաստան - Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները ԱԺ-ի նիստում, Երեւան, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ԱԺ-ում կեղծ քվեարկությունները քրեականացնելու օրինագիծը մերժվեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի առաջարկվում է հանցագործություն` պաշտոնեական կեղծիք, համարել պատգամավորի կողմից այլ պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը:

Գործադիրի այսօրվա նիստում հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե Կառավարությունը պետք է մերժի դրական եզրակացություն տալ ներկայացված օրինագծին, քանի որ պատգամավորի կողմից այլ պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը չի կարող դիտվել որպես հանցագործություն։

«Այս արարքները իրենց հասարակական վտանգավորության աստիճանով չեն կարող դիտարկվել որպես հանցագործություններ, եւ այն ուղղակի կհակասի մեր Քրեական օրենսգրքին եւ այս ոլորտում վարվող քաղաքականությանը», - նշեց նախարարը։

Արդարադատության նախարարության կողմից պատրաստված եզրակացությունում կարդում ենք. - «ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պաշտոնեական կեղծիք է համարվում պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Հիշյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ բացակա պատգամավորների փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը պաշտոնեական կեղծիք չէ»:

Մինչդեռ, օրենսդրական նախաձեռնության հեղինակներից «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ քվեարկելով այլ պատգամավորի փոխարեն` տվյալ պատգամավորը կատարում է հանցանք, քանի որ, լինելով բարձրաստիճան պաշտոնայա, կեղծիք է իրականացնում։

«Ե´վ Սահմանադրությամբ, ե՛ւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով պատգամավորները իրավասություն չունեն գրանցվել ու քվեարկել այլ պատգամավորների փոխարեն»,- ընդգծեց Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, թե իշխանություններին ձեռնտու չէ կատարել նման օրենսդրական փոփոխություններ, քանի որ շատ հաճախ իրենք խնդիր ունեն Ազգային ժողովում ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորական քվեներ, որպեսզի հնարավոր լինի անցկացնել իշխանական այս կամ այն նախագիծ:

«Իշխանական պատգամավորներն են հիմնականում բացակայում։ Եթե նրանք չեն գալիս, այդ բացակաների տեղը նրանք համալրում են իրենց ներկաներով, որը տեղի է ունենում ոչ օրինական ճանապարհով», - պարզաբանում է Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանը հավելեց, թե իրենք մտադիր են պայքարել օրինագծի համար եւ հարցն առաջիկայում քննարկելու են խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Անանուն
14.01.2013 01:06
+0 / -0
Sa nuyn bann e, inch@ vor mi patgamavor@ myusi knoj partavorutyunner@ @standzni u tan gorzer@ ani.
Myus koxmiz sa petutyan patvi het xax e.

Ամենակարդացվողը