Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ


Նախկինում sport-express-ի կողմից ԱՊՀ տարվա լավագույն ֆուտբոլիստներ են ճանաչվել Անդրեյ Շեւչենկոն, Անդրեյ Արշավինը, Ալեկսանդր Կերժակովը եւ մի քանի այլ ֆուտբոլիստներ:

2010 թվականին ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ալեքսանդր Կերժակովը այս տարի 2-րդ տեղում է, մինչդեռ ցուցակի առաջատար Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարիներին այս ցուցակի առաջին հնգյակում անգամ չէր հայտնվել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսպիսի հաղթանակները ապացուցում են, որ հայկական ֆուտբոլը գնալով աճ է արձանագրում. - «Միգուցե շատերի համար սա անակնկալ էր, բայց ոչ ինձ համար: Ես դեռեւս տարիներ առաջ եմ ասել, որ նա մեծ ապագա ունի: Սա մեծ առաջընթաց է նաեւ հայկական ֆուտբոլի համար, քանի որ նա ներկայացնում է մեր ֆուտբոլը»:

Ռուսական sport-express-ի կողմից անցկացվող «Զվեզդա» մրցույթի հաղթողին որոշում են նախկին Խորհրդային Միության 15 երկրների 45 լրագրողներ: Յուրաքանչյուր երկրից քվեարկությանը մասնակցում է 3-ական սպորտային լրագրող:

Հայաստանից մրցույթի ժյուրիում ընդգրկված ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի խոսքով, սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայ ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվում ԱՊՀ տարածքում:

Հայաստանը ներկայացնող բոլոր 3 լրագրողներն էլ իրենց քվեարկության ժամանակ առաջին հորիզոնականում գրել են Մխիթարյանի անունը: Բաղդասարյանի խոսքով, ինչպես բոլոր մրցույթներում, այս մեկում էլ քաղաքականությունից խուսափել չի հաջողվել: Ադրբեջանցի լրագրողները միակն էին, որ Մխիթարյանին չէին ընդգրկել անգամ առաջատար հնգյակում:

Մխիթարյանի հաղթանակը մեծ ուրախություն է առաջացրել երկրպագուների շրջանում: Այսօր առավոտից ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջը ողողված է շնորհավորանքներով, իսկ sport-express-ի մեկնաբանությունների բաժնում երկրպագուներից մեկը գրել է, որ չնայած որոշ երկրների կողմից մրցույթը քաղաքականացնելուն, ամեն դեպքում հաղթեց ուժեղագույնը:

Լավագույն ֆուտբոլիստ հռչակվելուց հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել sport express-ին, որտեղ ասել է, որ իրեն աստղ չի համարում, իսկ որպես ֆուտբոլիստներ հիանում է Մեսիի եւ մի քանի այլ ֆուտբոլիստների խաղով:

Ի դեպ, 45 լրագրողներից 22-ը որպես լավագույն ֆուտբոլիստ նշել են Հենրիկ Մխիթարյանի անունը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ալեքսանդր Կերժակովին լավագույնն են ճանաչել նրանցից ընդամենը 3-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG