Մատչելիության հղումներ

Հայ կինոռեժիսորը Թուրքիայում ցույց կտա հայկական Պոլիսը


Թուրքիա - Ստամբուլ, 9-ը հունվարի, 2013թ․
Թուրքիա - Ստամբուլ, 9-ը հունվարի, 2013թ․

Սփյուռքահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի անկախ ֆիլմերի փառատոնում։ Առաջին անգամ այս փառատոնի շրջանակներում կցուցադրվի մի ֆիլմ, որում խոսվում է հայերի Ցեղասպանության, Ստամբուլ քաղաքի հարուստ հայկական անցյալի մասին։

Լիբանանահայ ժամանակակից բանաստեղծի մասին պատմող ֆիլմը վերնագրված է՝ «Կոշիկներս Պոլիս ձգեցի»։ Ֆիլմում երիտասարդը 100 տարի հետաձգված ճամփորդություն է ձեռնարկում` վերադարձ իր նախնիների քաղաք Ստամբուլ` Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի քաղաքը:

Նա շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որ ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանատներով, ուր պոետներ են հանգչում, հին եկեղեցիներով եւ դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է ահել-ջահելի, հայտնի ու անհայտ մարդկանց, հայի ու թուրքի, լսում նրանց պատմությունները, կարծիքները, ծիծաղում, հաց կիսում նրանց հետ:

Նիկոլ Բեզջյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ ֆիլմում քաղաքական ենթատեքստն ակնհայտ է, թեեւ այստեղ ուղղակիորեն քաղաքական հարցեր չեն բարձրացված։

«Անցյալ չեն իրենք, որովհետեւ մենք ֆիլմի միջոցով, կամ այս կերպարի միջոցով այցելում ենք, ասենք, մի գերեզման Սկյուտարում, որը գոյություն է ունեցել 1550 թվականից. ուրեմն, ես մեկ ժամվա մեջ ինչ-որ ձեւով փորձում եմ, որ 1550 թվականից ի վեր հայ Պոլիսին հանդիպի` այդ Պոլիսը, որ այսօր զբոսաշրջիկները գնում են եւ չեն տեսնում, հակառակ որ հայկական թաղամասով են անցնում, հայ եկեղեցու մոտով են անցնում», - նշեց սփյուռքահայ ռեժիսորը։

2001 թվականից գործող Ստամբուլի անկախ ֆիլմերի փառատոնն այս տարի կմեկնարկի փետրվարի 14-ին։ Տասնօրյա այս փառատոնն ամեն տարի շուրջ 70 հազար հանդիսատես է հյուրընկալում աշխարհի տարբեր անկյուններից։

Անցյալ տարի հենց այս փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում նկարահանված` Բրեյդեն Քինգի եւ ավստրալացի գրող Դենի Վեյլենտի «Այստեղ» ֆիլմը, որում ներկայացված է ամերիկացի քարտեզագրման ինժեների եւ ծագումով հայ լուսանկարչուհու ռոմանտիկ պատմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG