Հինգշաբթի, հոկտեմբերի 30, 2014 Ժամանակը Երեւանում 21:29

Տնտեսություն

Անշարժ գույքի գնման ծավալները նվազել են

Մուլտիմեդիա

Աուդիո
Անշարժ գույքի գնման ծավալները 2012 թվականին 2011-ի համեմատ նվազել են ինը տոկոսով: Իսկ տարածքների վարձակալությունը ավելացել է, ինչը պայմանավորված է սիրիահայերի` Հայաստան գալու հետ:

Այս մասին ուրբաթ օրը հայտարարեց կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

Անցնող տարվա ընթացքում անշարժ գույքի գների լուրջ, էական նվազում մայրաքաղաքում 2011-ի համեմատ չի նկատվել:

x
«Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները պահպանվել են նույն մակարդակում: Եթե 2011 թվականին մեկ քառակուսի մետրը մոտավորապես 257 400 դրամ էր, ապա 2012 թվականին` 257 300 դրամ: Այսինքն նվազումը եղել է մոտ հարյուր դրամի սահմաններում», - ասաց Զախարյանը:

Երեւանում փոփոխություն չի եղել նաեւ անհատական բնակելի տների գների դեպքում: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի` դրանց գները բարձրացել են 0.4 տոկոսով: Փոխարենը էական աճ է նկատվել մարզերում:

«Մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական գները միջինը մեկ քառակուսի մետրի հաշվարկով 79 300 դրամի դիմաց 2012-ին եղել է 82 100 դրամ: Այսինքն մոտ 3.5 տոկոս աճ է եղել», - ասաց Զախարյանը:

Անհատական բնակելի տների գները մարզերը նույնպես ավելացել են, բայց ավելի քիչ` 0.7 տոկոսով: Երվանդ Զախարյանը 2013-ի համար գների աճ է կանխատեսում նաեւ մայրաքաղաքում:

Մայրաքաղաքում բարձրացել են բնակարանների վարձակալության գները` մոտ 20 տոկոսով, ինչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հաստատեցին անշարժ գույքի երեւանյան գործակալություններում:

Դրանցից մեկի տնօրենը փոխանցեց, որ վարձակալության գները բարձրացել են հատկապես Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում: Նրա խոսքով` անշարժ գույքի գները, սակայն, այդ համայնքներում շոշափելիորեն նվազել են:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը