Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօր կայացած ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:

Հովհաննիսյանը այսօր Սերժ Սարգսյանին հիշեցրել էր ազատ, արդար ընտրությունների ապահովման պարտադիր պայման հանդիսացող մոտ մեկ ու կես տարի առաջ հնչեցրած 15 կետից բաղկացած իր պահանջները` գործող նախագահին հորդորելով ապակուսակցականացնել պետական հաստատությունները:

«Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխան ենք տվել պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում եւ բացառեն առանձին երեւույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական եւ իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում: Ինձ զարմացնում է այն փաստը, որ ժամանակը առաջ է գնում, ընտրական գործընթացներում մենք անընդհատ զարգացմանը միտված փոփոխություններ ենք կատարում եւ դրական արդյունքներ ենք արձանագրում, իսկ պարոն Հովհաննիսյանը շարունակում է թափահարել նույն հին փաստաթուղթը, որը հետեւողականորեն չի վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո», - պատասխան հայտարարել է Շարմազանովը:

«Ժառանգության» առաջնորդը այսօր նաեւ Սերժ Սարգսյանին բանավեճի հրապարակային հրավեր էր հղել: Շարմազանովը արձագանքում է. - «Հունվարի 21-ից մենք սկսում ենք մեր քարոզարշավը: Նախագահի մեր թեկնածուն եւ նրան սատարողները լինելու են բոլոր մարզերում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են հասցնելու «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարախոսությունը: Շատ հագեցած օրակարգ է նախատեսված բոլորիս համար: Դեռեւս չենք քննարկել մեր թեկնածուի եւ նրան սատարողների կողմից մամլո ասուլիսների, տարբեր ձեւաչափերի քննարկումների եւ բանավեճերի մասնակցելու հարցերը: Ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացվեն արդեն ընտրարշավի ընթացքում՝ կախված ընտրողին մեր մոտեցումները եւ այլոց թեզերի համեմատ դրանց տարբերությունները հասցնելու անհրաժեշտությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG