ՈՒրբաթ, Օգոստոս 01, 2014 Ժամանակը Երեւանում 17:53

Քաղաքական

Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։

«Ազատություն»․ - Պարոն Նախագահ, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։

Սերժ Սարգսյան․ - Ձեր առաջին բառը շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետեւ, ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը։

«Ազատություն»․ - Պարոն նախագահ, հիմա հաճախ հնչում են տեսակետներ, որ մրցակցային չեն ընտրությունները։ Այդ իմաստով էի ես հարցնում, այնուամենայնիվ՝ դուք ունե՞ք Ձեր մրցակիցը։

Սերժ Սարգսյան․ - Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի։

ՀՀ նախագահի հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք վաղը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Yan , : USA
20.01.2013 00:50
+0 / -0
Hanun um?

Ամենակարդացվողը