Մատչելիության հղումներ

Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ինքնաբացարկ կհայտնի


Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ինքնաբացարկ կհայտնի
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե հրաժարվում է ընտրապայքարից՝ քվեարկությունից տասն օր առաջ հանելով իր թեկնածությունը: Փաստորեն նրա անունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկում չի լինի:

Հարությունյանը հավելում է, որ մինչ իր թեկնածությունը հանելը, նա մեկ օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի առջեւ հացադուլ կհայտարարի՝ իր այդ քայլով հորդորելով մնացած թեկնածուներին եւս դուրս գալ ընտրապայքարից:

Համաձայն ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի՝ նախագահի թեկնածուների ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջին ժամկետը փետրվարի 8-ը ժամը 18-ն է:

«Ես անձամբ փետրվարի 8-ին ժամը 5-ին իմ թեկնածությունը հանելու եմ: Մի օր առաջ` փետրվարի 7-ին ժամը 5-ից նստելու եմ ԿԸՀ-ի մոտ հացադուլի եւ իմ պահանջը ինձնից եւ իմ կարգավիճակը ունեցող մարդկանցից է, այսինքն թեկնածուներից», - ասաց նա:

Ընտրապայքարից դուրս գալու պատճառն այն է, որ ընտրությունները «չեն կարող լինել օրինական»: Դրանում Հարությունյանը համոզվել է նախընտրական քարոզության առաջին օրվա տպավորությամբ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցից հետո: Ըստ նրա` ընտրությունները օրինական չեն կարող լինել նաեւ այն պատճառով, որ դրանց չեն մասնակցում խոշոր քաղաքական ուժերը:

«Եթե ընտրողների 46 տոկոսի թեկնածուները չկան, ընտրություններ չեն կարող լինել լեգիտիմ», - ասաց նա:

Այս իրավիճակից դուրս գալու նպատակով թեկնածուն ունի երկու ծրագիր՝ մեկն այն է, որ բացի Սերժ Սարգսյանից, բոլոր թեկնածուները դուրս գան ընտրապայքարից ու մենակ թողնեն գործող նախագահին ընտրապայքարում: Այս դեպքում, ինչպես ավելի վաղ նա ասել է, որ գոնե այդ ժամանակ ընտրությունները չեն կեղծի: Մյուս ծրագիրն այն է, որ բոլորը հրաժարվեն ընտրապայքարից ու սկսվեն նոր գործընթացներ Հայաստանում, որոնք արդար ընտրություններ կապահովեն. - «Թեկնածությունը հանում է նաեւ Սերժ Սարգսյանը, դառնում է գարանտը այս ընտրությունների եւ ունենում է ապահով ծերություն»:

Հարությունյանը իր առաջարկը չընդունող թեկնածուներին համարում է Սերժ Սարգսյանի հաղթանակը «լեգիտիմացնողներ»:

Անդրիաս Ղուկասյանը հաստատակամ է շարունակել հացադուլը

Մինչ Հարությունյանը հայտարարում է ընտրապայքարից դուրս գալու ու հացադուլ անելու մասին, երեկվանից հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, որ պայքարելու է մինչեւ վերջ:

«Համարում եմ, որ որեւէ պայքար կիսատ թողնելը շատ վտանգավոր է, որովհետեւ դա ավելի բացասական հետեւանքներ ունի հանրության համար: Ես տանելու եմ այս պայքարը մինչեւ վերջ, մինչեւ իմ ֆիզիկական ուժերը ամբողջությամբ չսպառվեն», - ասաց Ղուկասյանը:

Նրան ընկերներն են այցելում ու ծանոթները. ոմանք քաջալերանքի խոսքեր են ասում, ոմանք էլ ծաղիկներ նվիրում, ոմանք էլ հորդորում են դադարեցնել հացադուլը:

Ղուկասյանն առաջին անգամն է հացադուլ անում՝ գիշերն անց է կացրել քնապարկում:

«Ամեն ինչ նորմալ էր, ես այդ ամենը նախատեսել էի, դրան համապատասխան պատրաստվել էի», - ասաց նա:

Սովն առայժմ նրա առողջական վիճակի վրա չի ազդել: Թեկնածուն միայն ջուր է խմում: Ղուկասյանը կրկին հայտարարեց, թե չի հրաժարվի պայքարի այս ձեւից, մինչեւ չկատարվեն իր ներկայացրած պահանջները: Նախագահի թեկնածուն հայտարարում է, որ ԿԸՀ-ն պետք է անվավեր ճանաչի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Եթե միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունը, դա ինձ համար նույնպես հիմք կլինի կասեցնել հացադուլը», - ասաց նա:

Ղուկասյանին այցելել են նախագահի երեք թեկնածուներ՝ Արամ Հարությունյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը գիշերն անցկացրել է քնապարկում
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG