Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Սյունիքում


Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ, առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզային առաջին այցելությունը մեկնարկեց Սյունիքի մարզում։

«Ես եկել եմ, որ այս անգամ էլ հայցեմ ձեր աջակցությունը առաջիկա համապետական ընտրություններում», - Սիսիան քաղաքի մշակույթի պալատում ընտրողների հետ հանդիպմանը ասաց Սերժ Սարգսյանը, - «Առաջին անգամը չէ, որ եկել եմ այստեղ այսպիսի խնդրանքով, ուստի ինձ համար սա մի տեսակ դառել է սովորական մի բան՝ գալ եւ խնդրել մարդկանց, որպեսզի իրենց վստահությունը, իրենց քվեն տան, վստահեն մեզ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ծրագրերը»։

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Սիսիանում չխոսեց իր նախընտրական ծրագրերից։ Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած ծրագրերին, ասաց հետեւյալը․ - «Այսպիսի դեպքերում շատ-շատերը, ե՛ւ մեր կողմնակիցները, ե՛ւ մարդիկ, ովքեր մեզ ընդդիմադիր են, ասում են՝ ի՞նչ ծրագրեր, բա եթե ծրագիր իրականացնող էիք, իրականացնեիք նախորդ ժամանակահատվածում։ Նախորդ ժամանակահատվածում էլ ենք իրականացրել, բայց չի լինում այնպես, որ բոլոր խնդիրները կարողանաս լուծել, ամեն ինչն ավարտես եւ ապագայի ծրագրեր չունենաս»։

«Այո, բազմաթիվ ծրագրեր եւ խոստումներ, միգուցե հենց Սյունիքում ու մասնավորապես՝ Սիսիանում տրված, ամբողջապես չեն կատարվել», - նկատեց Սարգսյանը, - «Բայց ես իրավունք չունեմ, Հանրապետության որեւէ մի նախագահ, լուրջ քաղաքական ուժի ղեկավար իրավունք չունի փոքր նշաձող դնել։ Պիտի բարձր նշաձող դրվի, որպեսզի կարողանանք փորձել առավելագույնը քաղել մեր հնարավորություններից»։

Նախագահի թեկնածուի խոսքով, ինքը կատարել է իր ամենակարեւոր խոստումը՝ «լոդրություն, թամբալություն չեմ արել, այլ աշխատել ու փորձել եմ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները»։

«Որքան շատ սատարեք, այնքան ոգեւորությունը, ցանկությունն ու հնարավորությունները մեծ կլինեն», - ընտրողներին ասաց նախագահի թեկնածուն։

Նախընտրելով ավելի անմիջական զրույցը, Սերժ Սարգսյանն ասաց, որ պատրաստ է լսել ընտրողներին։

Նրանցից մեկը՝ Սիսիանի շախմատի տան տնօրենը, ցանկություն հայտնեց, որ քաղաքում լողավազան կառուցվի։ Ի պատասխան հնչեցված ցանկությանը, Սերժ Սարգսյանն ասաց, որ ավելի լավ է վերանորոգվի Սիսիան մտնող ճանապարհը։

Ի տարբերություն Սիսիանի, Գորիս քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը թեկնածուն անդրադարձավ իր նախընտրական ծրագրի մի քանի դրույթների, խոսեց պատկերացրած ապահով Հայաստանի մասին։

«Չեմ կարծում, թե մեր պատկերացումների մեջ մեծ տարբերություն է լինելու, որովհետեւ բոլորս էլ մոտավորապես նույնն ենք ցանկանում․ խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, արժանավայել վաստակ, որակյալ կրթություն եւ առողջապահություն», - մանրամասնեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Իմ առաջարկած ծրագրի հիմնական արժանիքը ես համարում եմ բազմակողմանիությունը։ Մեր հասարակության եւ պետության առաջ ծառացած հարցերն, իհարկե, տարբեր են։ Դրանք լուծվում եւ լուծվելու են, բայց բոլոր այդ լուծումները պետք է դիտարկել մեկ ամբողջի մասեր, այսինքն՝ դրանց լուծումը պետք է լինի համակողմանի եւ ամբողջապես»։

Գորիսում Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաեւ հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացմանը։

Ի տարբերություն անցած տարվա խորհրդարանական ընտրությունների, այս անգամ իշխող կուսակցության ղեկավարը մարզում է միայն նախընտրական քարոզչության շրջանակում, այնինչ նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի այցը նաեւ աշխատանքային էր։Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մարզում ուղեկցում են փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարը եւ այլոք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG