Հինգշաբթի, հոկտեմբերի 23, 2014 Ժամանակը Երեւանում 07:44

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել Ղարաբաղին տալ Կոսովոյի կարգավիճակը

Հայ խորհրդարանականը Եվրախորհրդին հորդորել է «հավատարիմ մնալ իր իսկ արժեքներին եւ չկիրառել երկակի ստանդարտներ»։

Նաիրա Զոհրաբյան, արխիվՆաիրա Զոհրաբյան, արխիվ
x
Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել Ղարաբաղին տալ Կոսովոյի կարգավիճակը

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղին չտրվի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին շնորհվել է Կոսովոյին։ Երեքշաբթի օրը Ստրասբուրգում բացված Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային ստաշրջանի ժամանակ իր ելույթում այսպիսի հարց է բարձրացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

ԵԽԽՎ-ում Կոսովոյին առնչվող հարցերի քննարկմանը կարող են հրավիրվել Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները։

Վեհաժողովում «Իրավիճակը Կոսովոյում» զեկույցի քննարկման ժամանակ Զոհրաբյանը, ինչպես ինքը փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին, հարց է բարձրացրել` «եթե Կոսովոյի դեպքում դա կարելի է, ինչո՞ւ նույնը չպիտի կիրառվի Լեռնային Ղարաբաղի հանդեպ»։

«Կոչ արեցի Եվրոպայի խորհրդին` հավատարիմ մնալ իր իսկ արժեքներին եւ չկիրառել երկակի ստանդարտներ, այսինքն` ընդունված որոշումը Կոսովոյի հանդեպ նաեւ տարածել Լեռնային Ղարաբաղի վրա», - պատմեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կարեւորում է հիշյալ զեկույցը, քանզի մի քանի կարեւոր շեշտադրումներ կան այնտեղ, որոնք «կարող են շատ շահեկան լինել նաեւ մեզ համար»։

Հայտնի է, որ Եվրոպայի խորհուրդը չեզոքություն է պահպանում Կոսովոյի հանդեպ։ Այդուհանդերձ, զեկույցում նշված է, որ անկախ Եվրախորհրդի վերաբերմունքից` կառույցը պետք է խորացնի իր հարաբերությունները Կոսովոյի բոլոր աստիճանների իշխանությունների հետ։

Զեկույցում նշվում է նաեւ, թե Եվրախորհուրդը պետք է ընդունի, որ Կոսովոյում ապրող  յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտվել լավ կառավարումից, մարդու բոլոր հիմնարար իրավունքներից:

«Կոչ արեցի ուշադրությամբ հետեւել Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ավելին` այսօր եթե Կոսովոյում կան բազմաթիվ լրջագույն խնդիրներ, որի մասին մենք այստեղ խոսում ենք` նաեւ կոռուպցիայի, նաեւ մարդու իրավունքների, նաեւ թրաֆիքինգի եւ այլնի հետ կապված, ապա Լեռնային Ղարաբաղը կարողանում է կառուցել շատ ավելի դեմոկրատական երկիր, եւ նույն Կոսովոն ինքը այստեղ սովորելու բան ունի նաեւ Լեռնային Ղարաբաղից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հույս հայտնեց, որ հաջորդ զեկույցում հաշվի կառնվեն իր ելույթում առաջ քաշված հարցերը. - «Ես կարծում եմ, որ մենք այս խնդիրը պիտի բարձրացնենք եւ հետեւողական լինենք, որպեսզի նույն կարգավիճակը մենք կարողանանք ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղի համար»։

Երեքշաբթի օրը ԵԽԽՎ-ի նստաշրջանում հարց է բարձրացրել նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` ասելով, որ ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման քաղաքական դրդապատճառներով:

Հիշեցնելով նաեւ, որ Վեհաժողովն իր նախորդ նստաշրջանի ընթացքում բանաձեւ ընդունեց քաղաքական բանտարկյալ եզրի սահմանման մասին, Զուրաբյանը հարցրել է, թե ինչպիսի՞ քայլեր է նախատեսում ձեռնարկել Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, որպեսզի անդամ պետությունների իշխանությունները, տվյալ դեպքում` Հայաստանի իշխանությունները, պահպանեն բանաձեւի դրույթները:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը փորձեց կապ հաստատել ՀԱԿ-ի համակարգողի հետ` հարցի պատասխանին տեղեկանալու համար, սակայն նա այդպես էլ չարձագանքեց հեռախոսազանգերին:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը