Ուրբաթ, հուլիսի 25, 2014 Ժամանակը Երեւանում 19:02

Քաղաքական

ՊՆ խոսնակ. «ՀՀ Զինված ուժերը իրավասու են ապահովել քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունը»

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն ՀովհաննիսյանՀայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
x
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ՊՆ խոսնակ. «ՀՀ Զինված ուժերը իրավասու են ապահովել քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունը»

«Ցանկացած քաղաքակիրթ երկիր իր օդային տարածքի վերահսկման մասին օրենք ընդունելիս այն համապատասխանեցնում է միջազգային կոնվենցիաներին: Իսկ այդ կոնվենցիաները ենթադրում են, որ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելն անթույլատրելի է», - մեկնաբանելով հունվարի 18-ին Ադրբեջանի նախարարների կաբինետի կայացրած որոշումը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կառավարությունը հիշյալ որոշմամբ հավանություն էր տվել «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման մասին» օրենքի փոփոխված տարբերակին, որն այդ երկրի զինված ուժերին հնարավորություն կտա ոչնչացնել «արգելված գոտիների» ներսում թռիչքներ իրականացնող այն օդանավերը, որոնք կհրաժարվեն անմիջապես վայրէջք կատարել կամ ենթարկվել նշված գոտուց հեռանալու հրահանգին` «եթե հստակ տեղեկատվություն չկա օդանավի մեջ քաղաքացիական անձանց առկայության մասին»:

Փորձագետներն ու լրատվամիջոցները չհապաղեցին նկատել, որ Ադրբեջանի կառավարության այս որոշումն անմիջականորեն վերաբերում է Ստեփանակերտի նորակառույց օդանավակային եւ այնտեղից իրականացվելիք հնարավոր թռիչքներին: 

Ավելին, ադրբեջանական աղբյուրների փոխանցեցին այդ երկրի քաղավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովի հայտարարությունը, թե դեռեւս Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման ժամանակ իրենք փորձել են կանխարգելիչ գործողություններ իրականացնել՝ նախազգուշացնող նամակ հղելով Միջազգային քաղավիացիայի վարչությանը:

«Մենք տեղեկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը փակ է եւ, «Քաղավիացիայի մասին» օրենքի համաձայն, մենք պլանավորում ենք ֆիզիկապես ոչնչացնել այն ինքնաթիռները, որոնք այդ տարածքում կփորձեն վայրէջք կատարել»,- ասել էր Մամեդովը: 

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակի, բացի այն, որ Ադրբեջանը իրավական որեւէ արդարացում չունի՝ խափանել Ստեփանակերտից իրականացվելիք ավիաթռիչքները, դա նաեւ անհնար է տեխնիկապես:

«Քանզի ՀՀ զինված ուժերը իրավասու են իրականացնելու այդ անվտանգությունը», - փաստարկեց նա` շարունակելով. - «Հակաօդային պաշտպանության ուժերը ոչ միայն նրա համար են, որպեսզի հակառակորդի թռչող սարքերին խոցեն, այլ նաեւ իրավասու են քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովել»:

Իսկ թռիչքներ , ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հիմա էլ իրականացվում են. - «Հիմա էլ Ստեփանակերտ թռիչք կա. ուղղակի ոչ ինքնաթիռով, ուղղաթիռով»:

Ադրբեջանի կառավարության որոշումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանությաբ է հանդես եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Պետական ահաբեկչություն» գնահատելով փաստաթուղթը` նա, մասնավորապես, նշել է, թե Ստեփանակերտը ետ չի կանգնի օդանավակայանը շահագործելու որոշումից:

«Մենք ի վիճակի ենք ապահովել մեր օդային տարածքի եւ ընդհանրապես ԼՂ ողջ տարածքի անվտանգությունը», -  նաեւ ասել էր Բաբայանը` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն այս հարցը պետք է բարձրացնեն միջազգային բոլոր ատյաններում»։

Հետաքրքիր զուգադիպությամբ, Ադրբեջանի կառավարության կողմից հիշյալ որոշման կայացման օրը՝ հունվարի 18-ին, Երեւանում մամլո ասուլիսով էր հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ի շարս այլ հարցերի, անդրադառնալով նաեւ Ստեփանակերտի օդանավակայնին առնչվող զարգացումներին. - «Վերջնական որոշումը ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռների պլանավորված ամբողջ գործունեությունը եւ թռիչքները»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ` Ադրբեջանի կառավարության այս որոշումը չափազանց թույլ է միջազգային իրավունքի տեսանկյունից:

«Հայաստանն ու միջազգային հանրությունը ձգտում են ապաքաղաքականացնել այս հարցը, մինչդեռ Ադրբեջանն իր քայերով միանգամայն հակառակն է անում՝ սաստկացնելով եղած լարվածությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Կիրակոսյանը, քիչ հավանական համարելով Ադրբեջանի կողմից հնչող սպառնելիքների իրագործումը, այդուհանդերձ նշում է, որ իր գործողություններում անկանխատեսելի դարձած Բաքուն վերջին շրջանում արդեն քանիցս ապացուցել է, որ հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ: Ապացույցը՝ մարդասպան Սաֆարովի հետ կապված զարգացումները:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը