Մատչելիության հղումներ

«Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացուն պետք չէ»


«Ֆերմերային շարժում» գյուղատնտեսական հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը քննադատում է գյուղնախարարությանը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ֆերմերային շարժման» ղեկավարը հայտարարեց, թե նախարարությունը քայլեր չի ձեռնարկում գերակա ճանաչված այդ ոլորտը զարգացնելու համար, ինչի հետեւանքով էլ գյուղական բնակավայրերում աղքատությունը չի վերանում:

Սեդրակյանը հավելեց, թե միայն ընտրությունների ժամանակ տարբեր ուժեր այս կամ այն անհրաժեշտ պարագան են տալիս գյուղացուն ու վերջ՝ դրանից հետո գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ:

«Փակեք ընդհանրապես էդ գյուղնախարարությունը, թող գյուղացին չիմանա, որ էդ ձեւի նախարարություն կա։ Ինքը կմտածի, որ ինքն ա՝ գլուխը էս պատին կխփի, էն պատին կխփի, իրա գլխի ճարը կտեսնի», - ասում է գյուղատնտեսը։

Սեդրակյանը ընդգրկված է գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի կազմում, բայց վերջին շրջանում հրաժարվում է մասնակցել դրա նիստերին, քանի որ, նրա խոսքով, այս կառույցն իրականում չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Գյուղատնտեսության զարգացման նպատակով «Ֆերմերային շարժման» ղեկավարն իր առաջարկներն է ներկայացրել կոլեգիային, բայց մերժվել է իր համար անհասկանալի պատճառներով: Փոխարենը, ինչպես նշում է նա, գյուղնախարարությունը զբաղված է անօգուտ ծրագրեր իրականացնելով եւ հիշատակում է «Հազարամյակի մարտահրավերներ» գրանտային ծրագիրը, որի ընթացքում, Սեդրակյանի խոսքով, ընդամենը մեկ-երկու ջրանցք է վերանորոգվել։

«Ֆերմերային շարժման» ներկայացրած առաջարկները մի քանիսն են, որոնց մեջ տեղ են գրավում գյուղատնտեսական վարկերի հատկացման պայմանների փոփոխությունը, հարուստների փոխարեն աղքատ գյուղացիների ներգավումը կոոպերացիաների կազմում, կառավարության կողմից գյուղացու բերքի իրացումը պետական համակարգի կարիքների համար, ինչպես նաեւ գյուղատնտեսության սուբսիդավորումը:

«Փոխանակ աղքատից մթերեն բանակի համար, եւ այլն, օլիգարխինն են մթերում՝ կարտոֆիլը, միրգը եւ այլն», - դժգոհեց Սեդրակյանը։
Ֆերմերային շարժման ղեկավարի մերժված առաջարկներից մեկն էլ վերաբերում է գյուղատնտեսական վարկերին: Առաջարկում է դրանք հատկացնել 3-5 տոկոսադրույքով եւ առնվազն տասը տարով:

Ասուլիսին ներկա Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Սոս Հարությունյանը պատմում էր կառավարության հատկացրած արտոնյալ վարկերի մասին: Դրանք հատկացվում են 14 տոկոսով, որի 4 տոկոսը վճարում է կառավարությունը: Սոսն ասում է, որ մեկ տնտեսությանը մեկ միլիոն դրամից ավելի չեն հատկացնում: Ընդ որում, արտոնյալ վարկերը տալիս են երկու տարով: Գյուղացին առաջարկում է երկարացնել վարկերի հատկացման ժամկետն ու ավելացնել արտոնյալ վարկի գումարը, հակառակ դեպքում այդ ամենը արդյունք չի տա:

«Ֆերմերային շարժման» ղեկավարի քննադատությանն ի պատասխան գյուղնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առաջիկա օրերին գյուղնախարարը հանդես կգա մամլո ասուլիսով ու կանդրադառնա նաեւ այդ հարցերին: Տարեվերջի ասուլիսին գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշել էր այդ ոլորտում արձանագրված աճերի մասին՝ դրական գնահատելով անցնող տարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG