Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները դժգոհ են «անակնկալ հարկից»


Իրանցի զբոսաշրջիկները Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Իրանցի զբոսաշրջիկները Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Տուրիստական ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի Հայաստան բերելու համար սահմանված նոր հարկը խանգարում է գերակա հռչակված այս ոլորտի զարգացմանը։

2011 թվականի հոկտեմբերից զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսները Հայաստանի պետական սահմանը հատելու դեպքում պարտավոր են յուրաքանչյուր ուղեւորի համար 9500 դրամ հարկ վճարել։

«Արմենիա թրեվլ» ընկերության ներգնա տուրիզի բաժնի ղեկավար Նինա Դադայանի խոսքով, այս նոր վճարի մասին իրենց տեղյակ չեն պահել, այն ուղղակի անակնկալ էր:

Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ալեքսան Զաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս հարցը լուծում տալու խնդրանքով դիմել են էկոնոմիկայի նախարարությանը, բայց էական շարժ այդպես էլ չի եղել:

Նույն հարցը Ալեքսան Զաքյանը ուղղել է մաքսային մարմիններին, որտեղից, նրա խոսքով, պատասխանել են, որ օրենքի փոփոխություն չի եղել, պարզապես տարիներ շարունակ օրենքով նախատեսված այս վճարը չի գանձվել, իսկ հիմա որոշել են գանձել այն։

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով այս նոր վճարը ազդում է տուրիստական փաթեթների գների վրա, ինչը կանխելու նպատակով որոշել են ավտոբուսներով սահմանը չհատել, այլ զբոսաշրջիկներին ստիպել, որպեսզի իրենց ոտքով հատեն հայկական սահմանը։ Նինա Դադայանի խոսքով, սակայն, բոլոր անցակետերում չէ, որ դա հնարավոր է:

Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների խոսքով, հարեւան Վրաստանում այսպիսի վճարներ ընդհանրապես չկան, մինչդեռ մեր երկրում, որտեղ տուրիզմը գերակա ճյուղ է հռչակվել, այսպիսի նորարարություններով ուղղակի խանգարում են դրա զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG