Մատչելիության հղումներ

Քեմերոնը բրիտանացիներին ԵՄ-ում մնալ-չմնալու հանրաքվե է խոստանում


Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսում է Եվրոպական միության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսում է Եվրոպական միության մասին
Եվրոպական ընտանիքի ամենաազդեցիկ պետություններից մեկը` Մեծ Բրիտանիան, առաջիկայում կարող է դուրս գալ Եվրամիությունից: Երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր խոստացավ այս հարցը համընդհանուր հանրաքվեի դնել, եթե իր կուսակցությունը կարողանա հաղթանակ տանել հաջորդ խորհրդարանական ընտրություններում:

«Այժմ ժամանակն է, որ բրիտանացինե՛րն իրենց դիրքորոշումը հայտնեն, եւ ես ասում եմ Մեծ Բրիտանիայի ժողովրդին՝ դուք եք, որ պիտի որոշեք մի պարզ հարց՝ մնա՞լ, թե՞ դուրս գալ դաշինքից», - հայտարարեց նա:

Պահպանողական կուսակցության առաջնորդը, միաժամանակ, ընդգծեց, որ այս պարզ հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չի տրվելու, եւ եթե բրիտանացիները, այդուամենայնիվ, որոշեն այրել կամուրջները` դա լինելու է վերջնական որոշում, առանց ետդարձի հնարավորության:

«Ես կողմ չեմ Մեծ Բրիտանիայի մեկուսացմանը, սակայն, ավելի լավ պայմաններ եմ ուզում իմ երկրի համար», - ակնհայտորեն դիմելով Եվրամիության գործընկերներին` հայտարարեց բրիտանացի վարչապետն ու հորդորեց բարեփոխումներ իրականացնել ընտանիքում` «միությունն ավելի բաց եւ ճկուն դարձնելու համար»:

«Այսօր հանրության հիասթափությունը Եվրամիությունից հասել է իր գագաթնակետին, եւ սրա համար կան մի քանի պատճառներ. մարդիկ զգում են, որ Եվրամիությունը գնում է մի ուղղությամբ, որին իրենք երբեք հավանություն չեն տվել: Նրանք դառնացած են, քանի որ կարծում են, թե տարատեսակ անկարեւոր օրենքներով ու կարգադրություններով Եվրամիությունը միջամտում է իրենց ազգային խնդիրներին», - ասաց Քեմերոնը:

Ելույթ ունենալով մառախլապատ Ալբիոնում՝ պահպանողական Քեմերոնը, ըստ էության, կասկածի տակ դրեց Եվրամիության հիմնական գաղափարը՝ միասնական քաղաքականությունն ու սկզբունքները՝ ընդգծելով՝ մարդիկ չեն համակերպվում այն իրողության հետ, որ իրենց կյանքի, հարկերի ու կենսամակարդակի մասին որոշումներն ընդունվում են հեռվում եւ պարտադրվում տեղական իշխանություններին՝ Աթենքից մինչեւ Հռոմ:

«Եվրամիության առաջնորդները պարտավոր են լսել այս մտահոգությունները ու գնալ լայնածավալ բարեփոխումների», - պնդեց Մեծ Բրիտանիայի առաջնորդը՝ փաստարկելով՝ պետությունները տարբեր են եւ միմյանցից տարբեր ընտրություններ են կատարում, իրենք չենք կարող համաձայնեցնել ամեն ինչ, եւ պարտադիր չէ, որ Եվրամիությունը որոշի, թե քանի ժամ պետք է աշխատեն Մեծ Բրիտանիայի բժիշկները:

Ելույթում Քեմերոնն ընդգծեց, որ իր պատկերացմամբ 21-րդ դարում Եվրամիության անդամները նաեւ չպետք է կաշկանդված լինեն միջազգային ասպարեզում, ամենեւին պարտադիր չէ, որ ընտանիքում բոլորը մեկ միասնական կարծիք արտահայտեն աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:

Եվ որքան էլ Քեմերոնը փորձում է համոզել, որ առանց այս բարեփոխումների Եվրամիությունը կանգնելու է փլուզման առջեւ, այդուամենայնիվ, նրա փաստարկները, կարծես, առայժմ հավանություն չեն ստանում գործընկերների շրջանում:

«Եթե Լոնդոնը ուզում է դուրս գալ դաշինքից, Ֆրանսիան պատրաստ է կարմիր գորգ փռել այդ ճանապարհին», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ու իր փաստարկներն ավելի պատկերավոր դարձնելու համար օրինակ բերել ֆուտբոլային դաշտից. - «Պատկերացրեք` Եվրամիությունը ֆուտբոլային ակումբ է, եթե դառնում ես դրա անդամ, չի կարելի այդուհետ հայտարարել, թե եկեք ռեգբի խաղանք: Սա ռեստորան չէ, որտեղ ամեն մեկը կարող է ճաշ պատվիրել իր քիմքին համապատասխան»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս ոգեւորությամբ չի ընդունել Քեմերոնի ելույթը. - «Մենք պատրաստ ենք քննարկել Մեծ Բրիտանիայի ցանկությունները, բայց միեւնույն ժամանակ պետք է բոլորս մտապահենք, որ Եվրամիության անդամ մյուս երկրներն էլ այլ ցանկություններ ունեն, եւ անհրաժեշտ է փոխզիջում գտնել բոլորի միջեւ», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG