Մատչելիության հղումներ

Պետրոս Մակեյանը չի պատրաստվում հրաժարական տալ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի պատրաստվում հրաժարական տալ կուսակցության ղեկավարի պաշտոնից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մակեյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, հակադարձելով իր գլխավորած կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի եւ քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանի երեկ տարածած այն հայտարարությանը, որ «Պետրոս Մակեյանն այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից»:

Այս հայտարարությունը հաջորդեց Հայ ազգային կոնգրեսում «սկսված ճգնաժամի» եւ Կոնգրեսի համակարգողի պաշտոնը լուծարելու անհրաժեշտության վերաբերյալ վերջին շաբաթներին Պետրոս Մակեյանի հնչեցրած գնահատականներին:

Մակեյանը համոզված է, որ Ղուկաս Մեհրաբյանը եւ Պետրոս Գեւորգյանը «պատվեր են կատարում»։

«Ես չեմ ուզում մեկնաբանել ստով շաղախված եվ իրենց ձեռքով չգրված մի հայտարարություն, որն ուրիշ տեղ է գրվել եւ իրենք ստորագրել են», - մեզ հետ զրույցում հայտարարեց Մակեյանը, - «Երբ «Ժողովրդավարական հայրենիք»-ը չմիացավ եւ հունվարի 13-ին առանձին հայտարարությամբ հանդես եկավ նախագահական ընտրությունների ձեւաչափի մասին, եւ առաջարկեց ՀԱԿ-ի առողջացման, բարեփոխման փաթեթ, դրանից հետո սկսվեց այս ամբողջ գործընթացը, որի պատվիրատուն Կոնգրեսի նեղ շրջանակն է, ցավոք սրտի՝ Զուրաբյան Լեւոնի գլխավորությամբ: Բայց կա նաեւ իշխանական մեկ պաշտոնատար անձի մասնակցություն, որն օգտվեց Կոնգրեսի նախաձեռնած այս պրոցեսից եւ մտավ գործընթացի մեջ»:

Իշխանական օղակների պատվիրատուները, ըստ Մակեյանի, այն օղակներն են, որոնց ինքը նախկինում սուր մեղադրանքներ է հասցեագրել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակի տարածքը իրենցից իր բնորոշմամբ «խլելու» համար:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, դեկտեմբերի 26-ին որոշում կայացրեց առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ առաջադրված որեւէ թեկնածուի չպաշտպանելու մասին: Կոնգրեսի քաղխորհրդի այդ օրվա նիստին Պետրոս Մակեյանը ներկա չէր եղել: Այնուհետեւ` հունվարի 14-ին, նա անհամաձայնություն հայտնեց Կոնգրեսի որոշման վերաբերյալ, հայտարարելով, որ նախօրեին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նիստում հարցը քննարկվել է, Կոնգրեսը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ ընդունվել է աշխատանքային փաստաթուղթ, որում նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգողի պաշտոնը լուծարելու հարցն է առաջ քաշված:

Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանն իրենց երեկվա հաղորդագրության մեջ Մակեյանին մեղադրել են կուսակցության քաղխորհրդի հունվարի 13-ի այդ արտահերթ նիստը կամայականորեն հրավիրելու մեջ, որին մասնակցելը կուսակցության անդամների մի մասին հարմար չի եղել: Մակեյանի հայտարարություններն էլ նրանք որակել են «իրականությունը խեղաթյուրող եւ անհիմն»:

Պետրոս Մակեյանը հակադարձեց, որ սա քաղխորհրդի 19 անդամներից 2-ի կարծիքն է: Նա բացասական պատասխան տվեց մեր հարցին, թե հնարավո՞ր է «Ժողովրդավարական հայրենիք»-ն ի վերջո ընդդիմադիր Կոնգրեսից դուրս գալու որոշում կայացնի։

«Մենք այս պահին որեւէ առիթ չունենք Կոնգրեսից դուրս գալու։ Կոնգրեսի հիմնադիրներից ենք, անզեն աչքով երեւում է, որ Կոնգրեսը մաշվել է, խնդիրներ ունի եւ այդ խնդիրները փորձում ենք լուծել: Եթե լուծվեց` լավ, եթե չլուծվեց` ինչ պիտի անես։ Դուրս գալու խնդիր չկա այստեղ, ուրեմն չի լինի Կոնգրես, եթե չառողջացավ», - կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Կոնգրեսը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը առայժմ քննարկվում է Կոնգրեսի անդամ կուսակցությունների հետ, որից հետո կներկայացվի դաշինքի քաղխորհրդին:

Պետրոս Մակեյանի դեմ հայտարարությամբ հանդես եկած Ղուկաս Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «շինծու» որակեց պատվեր կատարելու մասին իրենց հասցեագրվող մեղադրանքները.

«Ես Զուրաբյան Լեւոնին մի տարի է չեմ տեսել․․․ Մակեյանը ուզում է կուսակցությունում ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում կարողանա կուսակցությունը հանել ՀԱԿ-ի կազմից: Դրա համար տարբեր ելույթներով խաղի մեջ է մտցրել ինձ, ուրիշներին… հետո տեսանք, որ էս մարդն անպատասխանատու հայտարարություններ է անում, ՀԱԿ-ին է մեղադրում, Հանրապետության հիմնադիր նախագահին է մեղադրում, էլ՝ «կոմայից դուրս չգալ», էլ՝ «աճուրդի մասնակցել», էլ՝ «խամաճիկներ», էլ՝ եսիմ ինչ… »։

Հարցին, թե՝ «Դուք համաձայն չե՞ք ՀԱԿ-ի հասցեին հնչող մեղադրանքներին», Ղուկաս Մեհրաբյանը պատասխանեց. - «Դա բոլորովին այլ խնդիր է. կարող ենք հիմա նստել քննադատել, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ քննադատենք, Զուրաբյանին էլ քննադատենք… բայց դա ի՞նչ կապ ունի կուսակցության ղեկավարի պաշտոնական հայտարարությունների հետ։ Իմ մտքով չի անցնի ՀԱԿ-ից փախնել, ինքն ուզում է փախնել՝ թող փախնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG