Հինգշաբթի, հունիսի 30, 2016 Ժամանակը Երեւանում 17:56

    Քաղաքական

    Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

    ՀՀԿ-ն կատարվածը որակում է «բացահայտ սադրանք, հստակ սադրիչ գործողություն ժողովրդավարական ընտրությունների եւ իշխանությունների դեմ»։

    Կրակել են Հայրիկյանի վրա, նա տեղափոխվել է հիվանդանոց i
    || 0:00:00
    ...  
     
    X
    01.02.2013
    Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայնին փոխանցեցին, որ քիչ առաջ կրակել են նախագահության թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա։

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

    Կեսգիշերին մոտ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածք հասցնելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` պետական, քաղաքական գործչի սպանության փորձի հատկանիշներով, գործի քննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

    Հայրիկյանը  գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

    Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ նախագահի թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում, նրա աջ կրծքավանդակին դիպած փամփուշտը չի վնասել թոքերն ու սիրտը, այլ մխրճվել է մկանային հյուսվածքի մեջ: Հայրիկյանին դեռ չեն վիրահատել, գիտակցությունը տեղն է։

    Մինասյանի փոխանցմամբ` փամփուշտը կրծքավանդակի փափուկ հյուսվածքներում է, Հայրիկյանի առողջական վիճակը միջին ծանրության է, գնում է դեպի կայունացում, եւ ուրբաթ կամ շաբաթ օրը, երբ ճնշումը կկարգավորվի եւ ընդհանուր վիճակը կայունանա, նա կվիրահատվի։

    Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 11։30-ի սահմաններում: Անհայտ անձը Պարույր Հայրիկյանի վրա կրակել է Երեւանի Տպագրիչների փողոցում գտնվող նրա բնակարանի մոտակայքում:

    Հայրիկյանի քրոջ որդին` Վարուժան Տեր-Սիմոնյանը   պատմեց, որ դեպքից առաջ միասին են եղել «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավարի գրասենյակում, հետո  բաժանվել են, տասնհինգ րոպե անց Հայրիկյանի կինը զանգել եւ տեղեկացրել է մահափորձի մասին:

    «Հենց շենքի մուտքի դիմաց է եղել դեպքը: Կինը ասաց, որ գոռոց են լսել, աղջիկը` Նարեն հեռուստացույցն անջատել է եւ դուրս նայելով սկսել «հայրիկ, հայրիկ»  գոռալ: Հետո քեռեկինը ներքեւ է գնացել, ձեռքը բռնել, ասում է` արյուն էր հոսում, մուտքի դիմացի աստիճանների վրա արյունաքամ էր լինում, կողքն էլ պորտֆելն էր գցած: Շտապ օգնություն են կանչել ու տեղափոխել հիվանդանոց», - փոխանցեց Տեր-Սիմոնյանը։

    Հարցին, թե «առաջադրվելուց, գրանցվելուց հետո որեւէ սպառնալիք, կասկածելի բան կա՞ր, որեւէ մտավախություն Հայրիկյանն ունե՞ր», նա պատասխանեց. - «Ոչ, գրեթե միշտ ես իր կողքն եմ եւ որեւէ նույնիսկ կասկածելի բան չենք նկատել»:

    Հարազատները պնդում են, որ Հայրիկյանը թշնամիներ չունի, եւ չեն կարծում, որ միջադեպը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ։ Իսկ մահափորձի հնարավոր  քաղաքական ենթատեքստի մասին հարցին պատասխանեցին. - «Թող քննությունը պարզի»:

    Գիշերը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հիվանդանոցում էր: Ոստիկանապետի փոխանցմամբ` Պարույր Հայրիկյանի ուղղությամբ «ամենայն հավանականությամբ երկու կրակոց է արձակվել, բայց դիպել է մեկը»:

    Իրավապահներն առայժմ ձեռնպահ են մահափորձի հնարավոր վարկածներից խոսել։ «Միշտ վարկածներ լինում են, բոլոր վարկածները առաջ կքաշվեն, բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանքներ կտարվեն: Հիմնական վարկածները դեռ չեմ կարող ասել», - լրագրողների հետ զրույցում նշեց Վլադիմիր Գասպարյանը:

    Ուշ գիշերին հիվանդանոց Պարույր Հայրիկյանին տեսակցության եկան վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլոք:

    «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով կատարվածը` վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ սա  հարված էր առաջին հերթին իշխանություններին։ «Բոլորիս իհարկե խիստ զայրացնում է այն, ինչ որ տեղի է ունեցել, եւ բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք, որպեսզի բացահայտենք մեղավորներին: Ես կարծում եմ` դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, որ առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին, սա հարված է հենց իշխանություններին եւ պետականությանը», - ասաց վարչապետը:

    Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը միանշանակ համոզված էր, որ հանցագործությունը կատարվել է քաղաքական հողի վրա, եւ դրա նպատակն է եղել ընտրությունների նախաշեմին երկրում անկայունություն ստեղծել։ «Այս հանցագործությունը քաղաքական է եւ ուղղված է մեր պետությանն ու ժողովրդին: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացահայտվի եւ դատապարտվի: Սա ուղղակի վտանգավոր քայլ է, որպեսզի երկրում ստեղծվի անկայունություն: Բայց ես համոզված եմ, որ մենք դա թույլ չենք տալու եւ շարունակելու ենք գործընթացները», - ասաց Աբրահամյանը` մանրամասնելով. - «Տեսնելով, որ քարոզարշավը ընթանում է շատ բարձր որակով, օրենքին համաձայն, այս քայլը իրոք միտումնավոր քայլ է` ուղղորդված իշխանությունների ձախողմանը: Բայց ես համոզված եմ, որ այդ հանցագործին եւ իր հետեւում գտնվող քաղաքական ուժերին դա չի հաջողվելու»:

    Հարցին, թե ո՞ւմ եւ ո ՞ր քաղաքական ուժերին նկատի ունի, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց, որ դա քննությունը կպարզի, ինքը որեւէ մեկի անունը չի ցանկանում հնչեցնել եւ չունի պատկերացում, թե ով կարող էր նման հանցագործություն կատարել «մեր ժողովրդի եւ իշխանությունների նկատմամբ»:

    Հայաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` նախագահի ընտրությունը կարող է երկու շաբաթով հետաձգվել, եթե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանան: Հարցին` հնարավո ՞ր է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները այս մահափորձի հետեւանքով հետաձգվեն, Ազգային Ժողովի նախագահը պատասխանեց. - «Եթե պարոն Հայրիկյանը կարողանա շարունակել քարոզարշավը, ապա ընտրությունները կգնան իրենց նորմալ հունով: Եթե խոչընդոտ լինի առողջության հետ կապված, ուրեմն` երկու շաբաթով կհետաձգվի: Դա օրենքի կետն է »:

    Վարչապետ Տիգրան Սարգսյանը առայժմ վաղ համարեց այս մասին խոսել:

    Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւս համոզված էր, որ կատարվածը «բացահայտ սադրանք է, հստակ սադրիչ գործողություն ժողովրդավարական ընտրությունների եւ իշխանությունների դեմ»։

    Պարույր Հայրիկյանին գիշերը հիվանդանոցում այցելեցին նաեւ նախագահության բոլոր թեկնածուները` առայժմ բացի նախագահ Սերժ Սարգսյանից եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանից: Թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը մտան Հայրիկյանի մոտ, ավելի ուշ եկավ հացադուլի մեջ գտնվող թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, սակայն նրան տեղեկացրեցին, որ Հայրիկյանը հանգստանում է, եւ բժիշկներից թեկնածուի առողջականի մասին տեղեկանալուց հետո Ղուկասյանը  դուրս եկավ: Նախագահության թեկնածուները առայժմ ձեռնպահ են մնում կատարվածի դրդապատճառների վերաբերյալ մեկնաբանություններից:

    Ընդդիմադիր գործիչներից Դավիթ Շահնազարյանին հանդիպեցինք հիվանդանոցում, ով  սահմանափակվեց կատարվածի վերաբերյալ ընդամենը մեկ նախադասությամբ. - «Սա ուղղված էր մեր պետականության դեմ»:

    Հիվանդանոցում ներկա «Ազգային ինքնորոշում» միավորման ներկայացուցիչները շատ վրդովված էին։ Նրանք համոզմունք են հայտնում, որ Հայրիկյանի դեմ այս մահափորձը կապված է նրա «ուժեղ թեկնածու» լինելու հանգամանքի հետ, միաժամանակ շրջանցելով հարցը, թե կոնկրետ ում էր դա ձեռնտու:

    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանը ոչ միայն բժիշկների, այլեւ իրավապահների խիստ հսկողության տակ է. վերակենդանացման բաժանմունքի դռները հսկում  են ոստիկանները: Լրագրողներին արգելվեց ներս մտնել: Նույնիսկ Հայրիկյանի հարազատներին էին դժվարությամբ ներս թողնում, ինչը ժամանակ առ ժամանակ վրդովմունքի առիթ  էր դառնում:

    Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահության թեկնածուների գրանցումից հետո իրենք բոլորին առաջարկել էին օգտվել Ոստիկանության թիկնապահական ծառայությունից, սակայն մերժում էին ստացել։ Նազարյանը հավելեց, որ, հաշվի առնելով Հայրիկյանի դեմ մահափորձը, Ոստիկանությունը կրկին կդիմի նախագահի թեկնածուներին՝ առաջարկելով օգտվել իրենց ծառայություններից։
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը