Երեքշաբթի, հոկտեմբերի 21, 2014 Ժամանակը Երեւանում 12:40

Մամուլի տեսություն

Փետրվարի 22-ի մամուլ

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Բարդ իրավիճակում են հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը՝ ամեն կողմից կասկածներ, հեգնանք, անվստահություն, դավաճանության մեղադրանքներ, թերահավատություն: Մի կողմից, մեր բոլորիս տառապանքը փորձ ունի, եւ 2008-ի փառահեղ շարժման անկումը տեսած ժողովուրդը չի կարող անվստահությամբ չվերաբերվել Րաֆֆիի թիմին: Չէ՞ որ եւ կազմակերպական առումով, եւ գաղափարապես, եւ պոտենցիալով Տեր-Պետրոսյանի թիմն ավելի ուժեղ էր ու հասուն, ուստիեւ հաղթանակի շանսերն էին ավելի մեծ: Հիմա ի՞նչ հույսեր փայփայի խեղճ ընտրողը, երբ ասպարեզ է իջել մի թիմ, որը 2012-ի խորհրդարանական ընտրություններում հազիվ 5 տոկոսի շեմը հաղթահարեց, այն էլ ինչ-որ անհասկանալի դաշինքի արդյունքում»:

«Հայոց Աշխարհ»-ը նկատում է. - «Նախորդ բոլոր ընտրություններին հաջորդած լարվածության պայմաններում եւ հետընտրական զարգացումների դեպքում չի եղել նման դեպք, որ երկրի գործող ղեկավարը դրական վերաբերմունք ունենա հիմնական մրցակցի հետ հանդիպման գաղափարին, ավելին՝ ընդունի եւ առանձնազրույց ունենա իր պաշտոնավարումը վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հետ։ Առավել եւս, չենք հիշում, որ երկրի գործող ղեկավարն ու նրա պաշտոնավարումը վիճարկող ընդդիմադիր գործիչը նման իրավիճակներում մարդավարի բարեւեն իրար ու դեռ մի բան էլ այդպես լիաթոք ժպտան միմյանց։ Ժպիտները եւ ձեռքսեղմումները, ինքնին հասկանալի է, տակտի ու քաղաքավարության հարց են, բայց միեւնույն է, մեր պարագայում դա էլ չի եղել։ Չէր եղել մինչեւ երեկվա հանդիպումը։ Եվ մեկմեկու դեմ նստած ժպտացող Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղ ու պոզիտիվ լուսանկարը, կարծում ենք, շատ բանի մասին է խոսում»։

Թեման շոշափվում է նաեւ «Առավոտ»-ում, որի խմբագրականում կարդում ենք. - «1996-ից սկսած՝ նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը՝ նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները (բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից) հայտարարել են, որ ընտրություններում հաղթել են հենց իրենք՝ հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս՝ չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետեւ այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների եւ կրկնակի քվեարկությունների արդյունքում, չեն արտացոլում իրական պատկերը: 1996-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցները վանկարկում էին՝ «Վազգեն, նախագահ», 2003-ին՝ «Դեմիրճյան», 2008-ին՝ «Լեւոն, նախագահ», հիմա՝ «Րաֆֆի, նախագահ»: Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել՝ իշխանափոխություն տեղի չէր ունեցել: Այժմ չորրորդ փորձն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրել է իր ոճը եւ իր մարտավարությունը: Նրանք, ովքեր նախորդ անգամները փորձել են ու հաջողության չեն հասել, կարող են, իհարկե, գնահատականներ եւ խորհուրդներ տալ, բայց չեն կարող, ինձ թվում է, ծաղրել եւ նսեմացնել այն մեթոդները, որոնք ընտրել է այս քաղաքական գործիչը: Եթե, ենթադրենք, Ազգային ժողովի ցանկապատը եւ խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելը չի հանգեցրել ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը, ապա Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, ըստ երեւույթին, չպիտի Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տան նույնպես ինչ-որ բան ջարդել»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Փաստն այն է, որ Հայաստանում կա արժանապատիվ ժողովուրդ, կա իշխանություն, եւ ժողովուրդն այլեւս չի ցանկանում հանդուրժել այդ իշխանություններին։ Մնացածը տեխնիկայի խնդիր է։ Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե առանձնապես կապ չունի այդ խնդրի հետ։ Անկախ նրանից, թե ինչ կասի այսօրվա հանրահավաքում»։

Ամենակարդացվողը