Չորեքշաբթի, Սեպտեմբեր 03, 2014 Ժամանակը Երեւանում 06:08

Քաղաքական

Հետընտրական հրաժարականների հետքերով

Հետընտրական հրաժարականներi
|| 0:00:00
...
 
🔇
X
25.02.2013
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի՝ ուրբաթ օրը գրած դիմումն այսօր քննարկվել է ավագանու նիստում՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասնակցությամբ

Մուլտիմեդիա

Աուդիո
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի՝ ուրբաթ օրը գրած դիմումն այսօր քննարկվել է ավագանու նիստում՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասնակցությամբ:

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում այս տեղեկությունը փոխանցեց մարզպետի օգնական, Արմավիր քաղաքի ավագանու անդամ, իսկ ընտրության օրը որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ հանդես եկած Նվեր Պետրոսյանը։

«Հրաժեշտ տվեցինք պարոն քաղաքապետին, իսկ երեւի թե հինգշաբթի օրը Կառավարության նիստում արդեն կքննարկվի հրաժարականի հարցը», – նշեց Պետրոսյանը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով քաղաքապետի հրաժարականի կապակցությամբ. – «Ինքը խոսակցության ընթացքում ասաց, որ՝ այս տիպի մթնոլորտում ես չեմ կարող աշխատել, չեմ ուզում աշխատել»։

Ռուբեն Խլղաթյանն իր հրաժարականի դիմումի քննարկումից հետո էլ հրաժարվում է հրապարակավ հանդես գալ: Մեզ հետ հեռախոսազրույցում ասաց՝ մի խանգարեք, թողեք աշխատեմ: Քաղաքապետարանի շենքից դուրս եկողները հայտնում էին, որ Խլղաթյանն իրերն էր հավաքում:

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Արմավիրում գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2864 ձայնով ավելի պակաս քվե է հավաքել նախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից։

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից ավելի քան 100 քվեի տարբերությամբ հաղթանակ է արձանագրել նաեւ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում: Հանրապետական գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը, ով Սերժ Սարգսյանի մեծ լուսանկարը փակցրել էր իր աշխատասենյակում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ընտրությունները անցել է նորմալ», – ասաց գյուղապետը։

Հարցին՝ իրեն չե՞ն ստիպում հրաժարական տալ, պատասխանեց՝ բացարձակ։

Ալաշկերտցիները գոհ էին ընտրության արդյունքներից։ Նրանք նույնպես ասացին, թե իրենց գյուղապետը հրաժարական ներկայացնելու ոչ մի պատճառ չունի։

Առայժմ քննարկման փուլում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի հարցը: Նրա օգնականը փոխանցեց, որ Դարբինյանը դեռ հրաժարական չի ներկայացրել: Հիշեցնենք՝ առավելապես Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած վանաձորցիները բողոքի ալիք էին բարձրացրել քաղաքապետի արտահայտությունից հետո, թե դա Սերժ Սարգսյանի պարտությունը չէր, այլ՝ «ժողովրդի անգիտակից լինելն էր»:

Ավելի վաղ կառավարությանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետը:

«Փորձում են բացահայտել վատ վասալներին»


Հետընտրական հրաժարականների կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները այսպիսով նպատակ ունեն «պնդացնել շարքերը»։

«Շիրակի մարզպետի եւ Արմավիրի քաղաքապետի հրաժարականները ակնհայտորեն ցույց են տալիս, որ իշխանությունները ոչ թե գնում են օրինազանց պաշտոնյաների պատժման, այլ իշխանությունները գնում են վատ ընտրակեղծիք կատարողների պատժման։ Փորձում են բացահայտել իրենց շարքերում վատ վասալներին եւ պատժել, փորձել պնդացնել շարքերը», – մեկնաբանեց վերլուծաբանը, – «Այսինքն՝ իրենք պատրաստվում են երկարատեւ դիմադրության ընդդեմ հասարակության»։

Հավելենք, որ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսան Տոնոյանն ասաց՝ կառավարությունն այսօր մարզպետներից հրաժարականի դիմում չի ստացել։ Բացի Արմավիրի մարզպետից, լուրեր կան նաեւ Արարատի մարզպետի հրաժարականի վերաբերյալ:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը