Երեքշաբթի, Սեպտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 03:23

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Այսօր Ադրբեջանում նշելու են «Խոջալուի օրը»

Խոջալուն որպես հակահայկական քարոզչության թեմա ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից։

Ադրբեջանցի երեխաները Խոջալուի իրադարձությունների զոհերի հուշարձանի մոտ կայացած արարողության ժամանակ, Բաքու, 25-ը փետրվարի, 2013թ.
Ադրբեջանցի երեխաները Խոջալուի իրադարձությունների զոհերի հուշարձանի մոտ կայացած արարողության ժամանակ, Բաքու, 25-ը փետրվարի, 2013թ.
Վերջին տարիներին փետրվարին պաշտոնական Բաքուն տասնյակ երկրներում իր դեսպանատների միջոցով կազմակերպում է լայնածավալ միջոցառումներ, որոնց նպատակն է Խոջալուի ողբերգությունը ներկայացնել իբրեւ հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված «ցեղասպանություն»։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեքսիկայում տեղի է ունեցել այդ երկրի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որն անցել է «Արդարություն Խոջալուի համար» նշանաբանի ներքո։ Համերգը նախաձեռնել է Ադրբեջանի դեսպանությունը, որի աշխատակիցները միջոցառման ավարտին բաժանել են Խոջալուի մասին գրքույկներ եւ հանդեսներ, ինչպես նաեւ շապիկներ` «Արդարություն Խոջալուի համար» գրությամբ։

Մեխիկոյի հանրության պահանջով Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնից վերջերս հեռացվել է Ադրբեջանի արդի հանրապետության հիմնադիր նախագահ համարվող Հեյդար Ալիեւի արձանը, եւ չնայած այդ ծիծաղաշարժ հանգամանքին, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը շարունակում է հակահայկական ակտիվ գործունեությունը։

Նշված սիմֆոնիկ համերգին, ըստ «Թրենդ»-ի, ներկա են եղել Թուրքիայի եւ Վրաստանի դեսպանները։

Թուրքիան Խոջալուի հարցում շատ ակտիվ աջակցում է Ադրբեջանին։ Թուրք ընդդիմադիր պատգամավոր Ռեշաթ Դողրուի համոզմամբ` Թուրքիայի խորհրդարանը պարտավոր է Խոջալուի իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից կատարված ցեղասպանություն»։

Ադրբեջանի Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն երեկ ասել է, թե Խոջալուի առիթով միջոցառումներ կազմակերպող երկրների թիվն ամեն տարի աճում է։ Նա պնդում է, թե Խոջալուի դեպքերը ճանաչվել են որպես ցեղասպանություն չորս երկրներում, ինչպես նաեւ Ամերիկայի վեց նահանգներում։

Խոջալուն որպես քաղաքական հակահայկական քարոզչության թեմա ակտիվորեն շահարկվում է նաեւ բուն Ադրբեջանում։

Բաքվում` Հեյդար Ալիեւի անվան պալատում տեղի է ունեցել ներկայացուցչական միջոցառում, որի ընթացքում պալատի տնօրեն Ֆարհադ Բաբաեւն ասել է, թե «ադրբեջանցիները 200 տարի շարունակ հայերի կողմից ենթարկվել են էթնիկ զտումների եւ բռնությունների»։

«Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա Խոջալուի ցեղասպանության մասին, որ այն այլեւս չկրկնվի», - ասել է Բաբաեւը։

«Խոջալուի զոհերի հիշատակ» անվամբ միջոցառումների համար ընտրված օրը փետրվարի 26-ն է։ Այսօր Բաքվում եւ այլ բնակավայրերում նախատեսված են մի շարք միջոցառումներ։

Ադրբեջանի մայրաքաղաքում դրանց կմասնակցեն մեծ թվով մարդիկ, համենայն դեպս, ըստ ոստիկանության, առավոտյան ժամը 8-ից երթեւեկությունը Բաքվի կենտրոնում խիստ կսահմանափակվի։

Խոջալուի թեմայով Ադրբեջանում եւ արտասահմանում ամեն տարի փետրվարին լայնածավալ միջոցառումներ անցկացնելու ծրագրին ֆինանսապես աջակցում է Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը