Շաբաթ, նոյեմբերի 01, 2014 Ժամանակը Երեւանում 00:38

Քաղաքական

ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը

Մուլտիմեդիա

Աուդիո
  • ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում որոշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Որոշմանը կողմ քվեարկեցին ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամները:

Այսօրվա հայտարարությամբ ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներն, ըստ էության, չփոխվեցին. առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների ստացած ձայների տոկոսային արտահայտությունը մնաց նույնը։

ԿԸՀ–ն արձանագրեց՝ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58,64 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36.74 տոկոսը։ Մյուս հինգ թեկնածուները չեն հաղթահարել 5 տոկոսի սահմանագիծը։

Ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները 118 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ էին ներկայացրել։ Դրանք բոլորը մերժվել են, իսկ վերահաշվարկ անցկացվել է 3 ընտրատեղամասերում, չնայած «Ժառանգությունը» վերահաշվարկի բազմաթիվ դիմումներ էր ներկայացրել։

ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում տեղ գտած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ բավարարվեին 118 տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու՝ ընդդիմադիրների դիմումները, պատկերը չէր փոխվի։

«Հանրապետության նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները կդառնային 37.8, իսկ Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ձայները՝ 57.4 տասնորդական տոկոս», – հայտարարեց ԿԸՀ նախագահը։

Ամփոփելով՝ Մուկուչյանը հավաստիացրեց. – «Մենք փորձում ենք ներկայացնել փաստեր այնպիսին, ինչպիսին որ նրանք կան»։

Հավելենք, որ մինչեւ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը եւ մերժեց այն։ ԿԸՀ–ն գտավ, որ այն պետք է մինչեւ քվեարկության օրը ներկայացվեր։

Այսօրվա նիստի ողջ ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը հսկվում էր մի քանի տասնյակ ոստիկաններով, հատուկ ծառայության ներկայացուցիչներով, մուտքի մոտ երկաթյա արգելապատնեշներ էին տեղադրվել։

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը