Չորեքշաբթի, հոկտեմբերի 22, 2014 Ժամանակը Երեւանում 16:12

Մամուլի տեսություն

Փետրվարի 26-ի մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. - «Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր «բարեւի» հեղափոխությունը եւ հանրահավաքներից հոգնած ժողովրդին հրապարակներ է հանում, իշխանությունը սպասողական դրության մեջ է: Եթե հետեւենք իշխանական քարոզիչների ու քարոզչամեքենայի գործողություններին, ապա ընտրությունների օրվան հաջորդող շրջանում միակ բանը, ինչով փորձել են հակադրվել թափ հավաքող շարժմանը, տարբեր պետությունների ղեկավարների ու անհատ անձանց կողմից ստացվող շնորհավորանքների հրապարակումն է, ինչը, հավանաբար, իշխանավորների կարծիքով սթափեցնող դեր պետք է խաղա եւ հեղափոխականներին հասկացնի, որ պայքարն անիմաստ է: Բայց մեկ անգամ արդեն մեր ժողովուրդը ցույց տվել է, որ այդ կոչերն իր վրա չեն ազդում»:

«Հետաքրքիր է, թե ի՞նչ հենքով է պատրաստվում Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել Սահմանադրական դատարան, երբ «Ժառանգությունը», օրինակ, ձայների վերահաշվարկի պահանջ է ներկայացրել, բառի բուն իմաստով՝ հատուկենտ ընտրատեղամասերի վերաբերյալ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Երկուսից մեկը՝ կա՛մ իր թիմին համակած էյֆորիկ տրամադրության պայմաններում անուշադրության են մատնել այդ խնդիրը, կա՛մ իրենք էլ վստահ են եղել, որ վերահաշվարկի արդյունքում էական փոփոխություններ չեն հայտնաբերվի։ Չնայած դրան՝ «բարեւ»-ողները շարունակ խոսում են «համատարած կեղծիքների» ու «համատարած ընտրախախտումների» մասին։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ այդ «համատարած»-ը օտարերկրյա դիտորդները չեն նկատել (չենք ասում՝ խախտումներ չեն նկատել ու արձանագրել, խոսքը դրանց համատարած բնույթ կրելու մասին է)։ Չենք խոսում նաեւ այն մասին, թե այդ ի՞նչ «համատարած կեղծիքներ» էին, եթե բազմաթիվ քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել։ Շատ ավելի էական է, թե այդ «համատարած»-ն ինչպես են հիմնավորում «ժառանգականներն» ու Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը»:

«Առավոտ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյան իմանալավ մեր իշխանության «հակումները»՝ պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, եւ այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետեւելու ընտրությունների ընթացքին, այլեւ վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը: Նույն նպատակներով ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդում ենք. - «Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական կարգախոսն էր` «Հնարավոր է», բայց ընտրությունների միակ արդյունքը, եթե մի բառով ասենք` ճիշտ հակառակն էր` «Հնարավոր չէ» (ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել): Կամ, ասենք, տեղից վեր կացողն այսօր ինքնամոռաց էքստազի մեջ հայտարարում է, թե ժողովուրդը հաղթել է: Իրականում ժողովուրդը չի հաղթել, ժողովուրդն ընդամենը ըմբոստացել է եւ դրանով իսկ հաղթելու շանս տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ըմբոստանալու եւ հաղթանակի միջեւ շատ մեծ տարբերություն կա»:

«ժամանակ»-ն առաջիկայում կադրային փոփոխություններ է կանխատեսում եւ հիմնավորում. - «Քաղաքներում իշխանության թեկնածուի ունեցած պարտությունները ներքին վերադասավորումների լավ հիմքեր են: Իսկ իշխանական հայաստանյան համակարգը այնպիսին է, որ այդ վերադասավորումները պետք է հիմնավորվեն այսպես ասած՝ համակարգային տրամաբանության շրջանակում, քանի որ բոլոր պաշտոնները բաժանված են կլանային կամ թայֆայական սկզբունքով եւ որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս պետք է այդ տրամաբանության հիմքով արդարացվի, հիմնավորվի պաշտոնանկությունը: Հակասահմանդարական համակարգերին բնորոշ իրողություն է դա, որը, դժբախտաբար, առկա է նաեւ Հայաստանում: Իսկ քաղաքներում կրած պարտությունները տվյալ դեպքում կարող են լինել այսպես ասած՝ տեղային կամ կլանային պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու հիմքեր, որոնք, փաստորեն, ձախողել են իշխանության թեկնածուի քրոզարշավը եւ ընտրությունները»:

«Օրակարգ» թերթը տեղեկացնում է, որ Կենտրոնական բանկը ընթացիկ տարում ակնկալում է տնտեսական աճի 4.7-5.4 տոկոսի միջակայք` այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6.2 տոկոս ցուցանիշը»:

Ամենակարդացվողը