Չորեքշաբթի, հուլիսի 23, 2014 Ժամանակը Երեւանում 13:50

Իրավունք

Տեղական կազմակերպությունները քննադատում են միջազգային դիտորդներին

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Տեղական կազմակերպությունները քննադատում են միջազգային դիտորդներին

Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները դիտարկած «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության եւ մի քանի այլ կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել, որով անդրադառնում են միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականներին։

«Միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները, խոսքը վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նախնական գնահատականին, դրանք չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները եւ ցավոք սրտի վերստին մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով», - այսօր կայացած ասուլիսում տեղական դիտորդական առաքելություն իրականացրած 8 կազմակերպությունների գնահատականները հրապարակեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Կարին Ուոլսեթը, մասնավորապես, հայտարարել էր, թե անկասկած բարելավում է արձանագրվել 2008-ի ընտրական գործընթացի համեմատությամբ, մինչդեռ տեղական հասարակական կազմակերպություններն այսօր հայտարարեցին հակառակը։ Արթուր Սաքունցի խոսքով․ - «Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունները աննախադեպ էին․ պաշտոնապես հրապարակած քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը եւ հերթական անգամ ձախողեցին Հայաստանի Հանրապետությունում նախագահի լեգիտիմ ինստիտուտի ձեւավորումը»։

Ի տարբերություն միջազգային դիտորդների, տեղական կազմակերպությունները հայտարարում են, որ ընտրական ողջ գործընթացը ուղեկցվել է իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով․ վարչական ռեսուրսների լայնածավալ չարաշահումներով, ընտրակաշառքների աննախադեպ մեծ ծավալով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկության դեպքերով։ Տեղական կազմակերպությունների գնահատմամբ, արձանագրված ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

«Ընտրական հանձնաժողովների անդամները ուղղակիորեն են մասնակցել այդ ընտրակեղծիքների ողջ գործընթացին, զուգահեռաբար իրավապահ մարմինները ըստ էության անգործության են մատնված եղել», - հայտարարում է Արթուր Սաքունցը։

Հայտարարության նախաձեռնողներից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ասուլիսում գրաֆիկներով ներկայացրեց ընտրությունների մասնակիցների թվի աճի վերլուծությունը եւ ամփոփեց․ - «Կարծում եմ մասնակցության աճը ապահովելով լցոնումներով, այդ միջոցներով ապահովել է մեկ թեկնածուի առավելություն։ Բերում է, փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին տված ձայների աճին։ Մասնակցության աճի հետ գծային կապ կա՝ ուղիղ համեմատական, մասնակցության եւ ձայների քանակի միջեւ»։

Թեեւ օրենքով արգելվում է ընտրացուցակների հրապարակումը, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները ստեղծված իրավիճակի ելքն են համարում ստորագրված ընտրացուցակների գաղտնազերծումը՝ «հավաստիացնելու համար Հայաստանի ընտրողներին, որ իրենց եւ բացակա ընտրողների անունները չեն օգտագործվել, չեն չարաշահվել եւ նրանց փոխարեն քվեարկություն չի իրականացվել»։

Տեղական հասարակական կազմակերպությունները պնդում են, որ ընտրություններից հետո ստեղծվել է աննորմալ վիճակ, հանրությանը ներկայացվել են, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, սարքած թվեր։ Ասուլիսի մասնակիցներից մեկն ուղղեց՝ «խփած թվեր»։
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը