Երեքշաբթի, Սեպտեմբեր 02, 2014 Ժամանակը Երեւանում 15:34

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Չինարիում պատերազմը «երբեք էլ չի ավարտվել»

Տեսարան Չինարի գյուղից, արխիվ
Տեսարան Չինարի գյուղից, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Չինարիում պատերազմը «երբեք էլ չի ավարտվել»

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ապրողներն ասում են, որ պատերազմն այնտեղ երբեք էլ չի ավարտվել:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ լարվածություն առ այսօր էլ կա: Սաղոյանն ասում է` թշնամին ավելի ագրեսիվ է դառնում հատկապես գարնանը, երբ մարդիկ հող են մշակում:

«Չինարի համայնքը գտնվում է այնպիսի տարածքում, որ եռանկյունաձեւ «խրված է Ադրբեջանի հանրապետության մեջ», - ասում է գյուղապետը:

Գյուղացիներից մեկն էլ նկատեց, թե Չինարին «սեպի նման խրված է Ադրբեջանի մեջ» եւ դժբախտաբար, Ադրբեջանական կողմում կան հենակետեր, որոնք իշխում են գյուղի տների վրա:

«Ամենամոտ տունը հենակետից մոտ 700-800 մետր հեռավորության վրա է, եւ գյուղի ամենավերջին տունն էլ տեսանելի է: Ցանկացած դեպքում վտանգը կա, բայց այստեղ կա նաեւ մի գործոն, որ գյուղի տարածքը այնպիսին է, որ տները գտնվում են մեջքով դեպի հենակետը: Դա պաշտպանական առումով լավ է, քանի որ պատուհաններից անմիջապես բնակարաններ մտնելը շատ դժվար է», - ասում է գյուղապետն ու հավելում. - «Մեր կյանքը 50/50 է, քայլում ես փողոցով, բայց չգիտես` տեղ կհասնես, թե` ոչ»:

Սակայն գյուղացիները հաշտվել են այս վիճակի հետ:

«Ինչ արած, եթե ինչ-որ մարդկային խումբ պետք է էստեղ ապրեր, դա մենք ենք ու մենք կարողանում ենք ապրել», - ասում է Սաղոյանը:

Գյուղապետը ցույց է տալիս իր աշխատասենյակի պատերը, որոնք դեռ 1992-ին վնասվել են թշնամու կողմից: Գյուղում յուրաքանչյուր երրորդ տունը վնասված է թշնամու կողմից արձակված գնդակներից: Նախորդ տարվա հունիսին տեղի ունեցած դիվերսիայից հետո հերթական խոշոր դեպքը մոտ երկու շաբաթ առաջ էր, երբ հակառակորդի դիպուկահարի կողմից վնասվել էր գյուղի գազատարը, նաեւ գյուղի բնակիչներից մեկի մեքենան: Բարեբախտաբար, մեքենայում գտնվող երկու անչափահաս երեխաներին ոչինչ չէր պատահել:

Այն վայրը, որտեղ երեխաները գտնվել են այդ պահին, ինչպես փոխանցեց գյուղի բնակիչ Կարո Միրզոյանը, Ադրբեջանի սահմանին ամենամոտ գտնվող տունն է եղել:

«Սկսեցին կրակոցները, էրեքեխը ներսում էին, մենք էլ արդեն ավտոյից իջել էինք: Չհասած վառոտի մոտ, մի հատ խփեցին ավտոյի մոտ, երեխեքը դեռ մեջն էին, երկրորդ կրակոցը, որ սկսվեց, երեխեքին ասացի` դուրս եկեք, երեխեքը հլա դուրս չեկած, արդեն խփեցին ավտոյին: Մտանք ներս, մի հատ էլ վառոտին խփեցին, բայց կարեւորը` երեխաներին ոչ մի բան չեղավ», - ասաց Միրզոյանը:

Կրակոցների պահի ավտոմեքենայի մեջ եղած երեխաները` Գոռը եւ Նորվարդը ասացին` առաջին անգամն էր, որ շատ էին վախեցել: 14-ամյա Նորվարդը պատմում է, որ եթե կրակոցները հնչելու ժամանակ դպրոցում են լինում, նկուղում են թաքնվում:

«Եթե մի քանի անգամ կրակոց ենք լսում, տագնապ է հայտարարվում եւ նկուղային հարկ ենք իջնում, մինչեւ կրակոցը ավարտվում է, նորից դասերին ենք անցնում», - ասում է Նորվարդը:

73-ամյա Նորա տատիկը, ով ծնված օրից Չինարիում է ապրում, մեկ ցանկություն ունի. - «Թող ցամաք հաց ուտենք, թաք կրակոց չլինի, ցավդ տանեմ, խաղաղություն, ուրիշ բան չեմ ուզում», - ասում է նա:

Նորա տատիկը պատմում է, որ ժամանակին կով են պահել, բայց հետո վաճառել են, քանի որ վտանգավոր էր, ասում է` մինչեւ խաղաղություն չլինի, էլ կով չեն պահի: Այսօր նա միայն մի քանի հավ է պահում: Չինարիի տարեց բնակչուհին ասում է` գյուղը ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ է:

«Մեր գյուղի ժողովուրդը սահմանապահ է, զաթո ջահելներն էլ չկան, լրիվ Մոսկվա են, Կրասնոդար... Եթե էս գյուղում մարդ չմնա, ադրբեջանցիք մինչեւ Սեւան կգնան, դրանում կասկած չկա», - ասում է Նորա տատիկը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը