Հինգշաբթի, հոկտեմբերի 02, 2014 Ժամանակը Երեւանում 12:23

Միջազգային

Այսօր Բեռլինում տեղի կունենա Քերրի-Լավրով հանդիպումը

x
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին իր անդրանիկ արտասահմանյան ուղեւորության շրջանակներում այսօր Գերմանիայի մայրաքաղաքում առաջին անգամ բանակցելու է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպումը տեղի կունենա երկու երկրների հարաբերություններում երկու տարվա ակնհայտ լարվածության պայմաններում։ Քերրին եւ Լավրովը բեռլինյան հանդիպումից առաջ երկու հեռախոսազրույց են ունեցել։

Այսօր նրանք կանդրադառնան Սիրիայի, Կորեական թերակղզու, Իրանի միջուկային ծրագրի, հակաօդային պաշտպանության հիմնախնդիրներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում որդեգրված ռուսաստանցի երեխաների հետ պարբերաբար տեղի ունեցող դժբախտությունների ցավոտ թեմային։

Վերլուծաբանները չեն բացառում, որ այսօր Բեռլինում ռուսներն ու ամերիկացիները կհաղորդեն հակաօդային պաշտպանության բնագավառում էական առաջխաղացման մասին, ինչի առիթով կողմերը բարձր մակարդակով կփոխանակեն քաղաքական հռչակագրեր։

Դրանց հիմքում կդրվի հետեւյալ սկզբունքը` Ռուսաստանը եւ Ամերիկան մտադիր են համագործակցել հակաօդային պաշտպանության հարցում եւ այդ բնագավառում իրենց կարողությունները չեն ուղղելու միմյանց դեմ։

Ինչպես «Կոմերսանտ» պարբերականն է պարզաբանում, նախագահ Բարաք Օբաման կարող է նման հռչակագիր կնքել` չհայցելով Կոնգրեսի համաձայնությունը, նախագահ Վլադիմիր Պուտինի հռչակագիրն էլ կախված չի լինի դաշնության խորհրդարանի դիրքորոշումից:

Սակայն կա մի նրբություն. առանց Սենատի վավերացման ԱՄՆ-ի նախագահի ստորագած փաստաթուղթն ընդամենը արտահայտում են նախագահի մտադրությունը, եւ եթե Օբամային ապագայում փոխարինի մի հանրապետական նախագահ, նա կարող է ցանկության դեպքում հրաժարվել հռչակագրից։

Ռուսաստանցի երեխաների որդեգրման հարցում, ըստ վերլուծաբանների, Մոսկվան կմեղմի դիրքորոշումը եւ չի ցանկանա հարաբերությունների բարելավման հնարավորության դեպքում հանդես գալ չափազանց կոշտ հայտարարություններով եւ է'լ ավելի սրել վիճակը, մանավանդ, որ վերջին ողբերգական դեպքի` Մաքսիմ Կուզմինի մահվան առնչությամբ, պետդեպարետամենտը եւ Տեխասի նահանգի իշխանությունները համագործակցել են Մոսկվայի հետ։

Սիրիայի հարցում, որը բանակցություններում առավել սկզբունքայինն է, որեւէ առաջխաղացում չի ակնկալվում։

«Մենք հուսով էինք, որ ռուսները Բաշար Ասադին կհամոզեն խաղաղ ճանապարհով հանձնել իշխանությունը, բայց նման բան չեղավ», - ասել է մի ամերիկացի դիվանագետ։

Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ բեռլինյան հանդիպումը կանցնի լավ մթնոլորտում։ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հիշեցրել է, որ Լավրովն ու Քերրին անցյալում` երբ նորանշանակ պետքարտուղարը նախագահել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նրանք հաճախ են հանդիպել։

Բեռլինում Քերրիի եւ Լավրովի հանդիպումը պետք է տեղի ունենա «Ադլոն» հյուրանոցում: Քննարկվելիք հարցերից մեկն էլ կլինի Իրանի միջուկային ծրագիրը:

Այսօր շենքի մոտ հավաքված են Իրանի դրոշները պարզած ցուցարարներ, ովքեր պարսկերեն կարգախոսներ են վանկարկում: Ոստիկաններն արտոնել են ցույցը:

Քերրին Լավրովին հանդիպում է Գերմանիայի ղեկավարների հետ անցկացրած բանակցություններից հետո:

Նա այսօր Բեռլինում ասել է, որ ԱՄՆ-ը հուսով է դիվանագիտական եղանակով լուծել Իրանի խնդիրը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը